Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵՑ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



1993թ.

ՀՈՒՆՎԱՐ

Հունվարի սկզբին Ֆիզուլիում տիրող անիշխանության ու անվերահսկելի զինված կազմավորումների գործողությունների պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն:

Հունվարի 4-5-ին ծանր մարտեր էին Տավուշի ու հատկապես Ներքին Կարմիրաղբյուրի սահմաններում. հայկական ստորաբաժանումները ձգտում էին գրավել գյուղը գերիշխող բարձունքը:

Հունվարի 5-ին Էլչիբեյը խոստացավ հաղթանակով ավարտել 1993-ը, թեև իշխանության գալիս խոստացել էր հաղթանակը բերել երեք ամսում:

Նույն օրը եթեր հեռարձակվեց «Զինուժ» հեռուստածրագրի անդրանիկ թողարկումը:

Հունվարի 7-ին մարդասիրական միջանցքում իրավիճակը լարվեց Սաֆյանի, Կոռնիձորի ու Շուռնուխի հատվածներում. մերոնք լռեցրին մի քանի կրակակետ: Թշնամին փորձեց գրոհով վերցնել Կարմիր Շուկայի մերձակա Ղզլղայա բարձունքը, բայց ետ շպրտվեց:

Հունվարի 7-ից 10-ը ԼՂՀ ողջ սահմանագոտին հրթիռակոծվում էր, ապա թշնամին հրետանային կրակ բացեց նաև Տավուշի գյուղերի վրա:

Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական բանակը 5 անգամ խախտել է ՀՀ սահմանը և կորցրել 400 զինվոր, իսկ Լաչին են եկել Ադրբեջանի ամենամարտունակ` «Գորշ գայլեր» զորամիավորումն ու հատուկ նշանակության ջոկատները:

Հունվարի 10-11-ին մարտերի ու հրթիռահրետակոծման ընթացքում Տավուշում զոհվեցին 15 կամավորական ու խաղաղ բնակիչներ:

Հունվարի 13-ին ազատագրվեց Ներքին Կարմիրաղբյուրը վերահսկող բարձունքը, որտեղից գյուղն անընդհատ գնդակոծվում էր: Նույն օրը ձախողվեց Բերքաբերի գրոհը, իսկ Լաչինի հարավում մարտեր էին:

Հունվարի 14-ին իրավիճակը սրվեց ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում: Մարտունիում հակառակորդը տիրացավ Ուրյան լեռան ու Գևորգավանի որոշ հենակետերի, սակայն հաջորդ օրը դուրս շպրտվեց: Օդային հարվածի ենթարկվեց Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղը:

Հունվարի 14-ից թշնամին փորձելով դուրս գալ Ստեփանակերտ տանող մայրուղի՝ հզոր հարձակում ձեռնարկեց Կիչան-Սրխավենդ հատվածում: Այն դժվարությամբ ետ մղվեց հունվարի վերջին օրերին:

Հունվարի 15-ին «ՕՍԱ-ԱԿ» հմ. 51 մարտական մեքենայից արձակված հրթիռներով Մարտակերտի ճակատում ոչնչացվեցին «ՄԻԳ-21», իսկ դյուրակիր զենիթահրթիռային կայանքով՝ ՄԻԳ-25 ինքնաթիռները:

Նույն օրը, «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով նույն հատվածում ոչնչացվեց ևս մեկ ինքնաթիռ: Պարաշյուտի միջոցով փրկված վարձկան օդաչուներ Չիստյակովն ու Բելիչենկոն գերի վերցվեցին: Հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանն արդեն կորցրել էր 20 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ:

Հունվարի 17-18-ին ետ մղվեց Առաջաձորի վրա թշնամու ուժգին հարձակումը:

Հունվարի 19-ին թշնամին Կիչան-Սրխավենդ հատվածում թողեց շուրջ 100 դիակ և անզորությունից հեռահար հրետանիով հարվածեց Ստեփանակերտին, իսկ Լաչինում ինքնաթիռ կորցրեց:

Հունվարի 26-ին ջախջախվեց Խրամորթ-Քարագլուխ հատվածում Աղդամից թշնամու ձեռնարկած լայնածավալ հարձակումը:

Հունվարի 20-ին «Կրուգ» համալիրի հմ. 31 հաշվարկը ոչնչացրեց թշնամու ՍՈՒ-25 ինքնաթիռը: Այդ օրը թշնամու օդուժը 10 մարտական թռիչք կատարեց Մարտակերտի ճակատի ու Ստեփանակերտի վրա, ավիառումբը հարվածեց Մարտակերտի ռազմադաշտային հոսպիտալին, բոլոր վիրավորներն ու բուժանձնակազմի անդամները տուժեցին, զոհվեց Մարտակերտի շրջանում պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչ Բ. Բաբայանը: Միջանցքի Սաֆյան-Գյուլիբերդ հատվածում ետ մղելով թշնամուն, հայկական ուժերը համազարկային կրակի երկու «Գրադ» կայանք ոչնչացրին, իսկ Հադրութի ու Մարտունու դիմաց կուտակումներ էին:

Նույն օրը հակաօդային պաշտպանության ուժերի կրակով Վարդենիսի երկնքում խփվեց թշնամու «ՍՈՒ-25» ինքնաթիռը:

Հունվարի 25-ին և 26-ին ետ մղվեցին ադրբեջանական բանակի խոշոր հարձակումները, ծանր մարտեր էին Ասկերանի ու Մարտակերտի ճակատներում: Վերջնականապես ձախողվեց թշնամու ավելի քան 10 օր տևած խոշոր հարձակումը, եւ վիճակը կայունանում էր:

Հունվարի 26-ին Ադրբեջանում հայտարարվեց մինչև 1992 թվականի մայիսի 8-ը Լաչինում գրանցված 18-40 տարեկան տղամարդկանց զորակոչ, իսկ Կուբաթլուից անիմաստ գնդակոծեցին բանակցության եկած Զանգեզուրի տարածաշրջանի ՆԳ վարչության պատվիրակության մեքենաները, ապա հայտարարեցին, թե դա անվերահսկելի կազմավորումների ձեռքի գործն էր:

Հունվարի 28-ին Շահումյանի պարտիզանները ոչնչացրին թշնամու 3 բեռնատար և 1 մարտական մեքենա, 11 զինվոր ու սպա:

Հունվարի 19-ին Մարտակերտի ճակատում զոհվեց լրագրող Նորայր Մարությանը:

Հունվարի 31-ին մարդասիրական միջանցքի Ղոչազի հատվածում ջախջախվեց թշնամու հարձակումը:

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 1-ին ավարտվեց ՌԴ սահմանապահ զորքերի Լենքորանի ջոկատի անձնակազմի դուրսբերումը Ադրբեջանից: Նախիջևանի ու Հորադիսի սահմանապահ ջոկատները դուրս էին բերվել ավելի վաղ, իսկ Պրիշիբի ջոկատի դուրսբերումը նախատեսվում էր սկսել օգոստոսի 1-ին:

Փետրվարի 2-ին միջանցքի Սաֆյան-Գյուլիբերդ հատվածում դիմելով խոշոր հարձակման, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ծանր կորուստներով ետ շպրտվեցին ելման դիրքեր:

Փետրվարի 4-ին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն հայտարարեց, որ միայն Ասկերանի ու Մարտակերտի ձյունածածկ տեղամասերում գտնվում է ադրբեջանական բանակի զինվորների շուրջ 100 դիակ, իսկ Բաքուն, խաբելով նրանց, ներկայացնում է որպես անհայտ կորածներ:

Փետրվարի 5-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատները Մարտակերտի ճակատում անցնելով հակահարձակման՝ ազատագրեցին Չլդրան ու Կճողուտ գյուղերը և հասան Մեհմանայի ու Դրմբոնի մատույցներին: Թշնամին մարտի դաշտում թողեց 100 դիակ:

Նույն օրը Լաչինի նախկին բնակիչները Բաքվում շրջափակեցին Ադրբեջանի ԳԽ նախկին շենքը՝ բողոքելով 18-40 տարեկանների զորակոչի դեմ: ՀՀ կառավարությունում քննարկվեց հայ-թուրքական սահմանի պահպանության վիճակը:

Փետրվարի 5-6-ին Նոյեմբերյանի սահմանների սաստիկ հրետակոծումից զոհվեց ութ մարդ, Աղդամում զինված անիշխանության պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ Բաքվում Նախիջևանի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ ինքնավար հանրապետությունում մարդիկ կարող են սովից ու ցրտից մեռնել:

Փետրվարի 6-7-ին Շահումյանի պարտիզանները, ոչնչացնելով 40 զինվոր և զենք-զինամթերքով բեռնված 3 բեռնատար, վերահսկողություն հաստատեցին Սարսանգի մոտով անցնող Մարտակերտ-Քելբաջար 2-րդ ավտոճանապարհի վրա, իսկ հիմնականն արդեն չէր գործում ինքնապաշտպանության ուժերի հակահարձակման պատճառով: Բաքուն խոստովանեց Մարտակերտում 7 գյուղերի կորստյան մասին:

Փետրվարի 9-ին ետ մղվեց Ասկերանի վրա հզոր գրոհը:

Փետրվարի 10-ին ԼՂՀ-ում ևս երեք ամսով երկարաձգվեց ռազմական դրությունը, ետ շպրտվեցին թշնամու գրոհները Կճողուտի ու Մեհմանայի ուղղությամբ: Կոռնիձորում ճեղքելով պաշտպանական բնագիծը, ադրբեջանական հետախուզական-խափանարար խումբը սպանեց չորս խաղաղ բնակչի, այդ թվում նաև 18-ամյա մի աղջկա, պատանդ տարավ 2-ին, որոնցից մեկը 7 տարեկան երեխա էր: Հրթիռակոծվեցին Քարաշենն ու Խնձորեսկը:

Էլչիբեյը Մարտակերտի ճակատում իր զորքերի նահանջի համար մեղադրեց պաշտոնական Երևանին: Ադրբեջանի ժողճակատը խոր անհանգստություն հայտնելով բանակում տիրող խայտառակ իրավիճակի կապակցությամբ, պահանջեց գնդակահարել կարգազանցներին ու դասալիքներին:

Փետրվարի 12-13-ին Ինքնապաշտպանության ուժերը, ազատագրելով Վաղուհաս, Կոճողուտ և Գետավան գյուղերը, ինչպես նաև Դրմբոնի որոշ բարձունքներ, մոտեցան Սարսանգի ջրամբարին և լիակատար վերահսկողություն հաստատեցին Քելբաջար-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի նկատմամբ: Հայկական կողմի 7 զոհի դիմաց ադրբեջանցիներն ունեին 100 սպանված:

Փետրվարի 16-ին ազատագրելով Դրմբոնը՝ ինքնապաշտպանության ուժերը մոտեցան Սարսանգի հիդրոհանգույցի մատույցներին, ինչպես նաև ետ մղեցին հարձակումը Մեհմանայում:

Փորձելով արդարացնել պարտությունները՝ Բաքուն հայտարարեց, թե Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին են տեղակայվել Գերմանիայից դուրս բերված նախկին խորհրդային երկու մոտոհրաձգային դիվիզիաներ, ինչը կխախտի ուժերի հավասարակշռությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունն իսկույն հերքեց այդ զառանցանքը:

Փետրվարի 17-18-ին ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերը:

Փետրվարի 19-ին ազատագրվեց պատմական Խաչենի իշխանանիստ Հաթերքը:

Փետրվարի 19-ից 21-ին Ինքնապաշտպանության ուժերը մտան Չափար, Իմերեթ-Գերեվենդ, Զարդախաչ, Զագլիկ և Ումուդլու:

Փետրվարի 25-ին թշնամին թողնելով 50 զոհ ու զրահատեխնիկա, դուրս շպրտվեց Մեծ շենից:

Փետրվարի 23-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները խոշոր հարձակում ձեռնարկեցին Մեղրիի ուղղությամբ, բայց, մարտադաշտում թողնելով 40 դիակ, ետ շպրտվեցին ելման դիրքեր:

Փետրվարի 26-ին ՌԴ խորհրդարանը վավերացրեց ՀՀ տարածքում ռուսական զորքերի կարգավիճակի վերաբերյալ ՌԴ և ՀՀ միջև կնքված պայմանագիրը:

Նույն օրը Դիմիտրով գյուղի մերձակայքում ուղղաթիռի աղետից զոհվեցին զինվորական օդաչուներ Արթուր Մկրտչյանը, Մկրտիչ Ավդալյանն ու Իգոր Հակոբյանը:

Փետրվարի 23-ին գնդապետ Ռեմ Մարդանյանի հրամանատարությամբ գործող 5-րդ կամավորական բրիգադը մեկնեց Մարտակերտի ճակատ:

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցավ Սարսանգի ողբերգությունը: Պատերազմի դաժան պարտադրանքով գիշերը բոլորովին անծանոթ տեղանքում կամավորական մի ստորաբաժանում մեկնեց ճակատի բաց մնացած հեռավոր ու մեկուսի մի հատված, որտեղ, ինչպես հետո պարզվեց, լավ նախապատրաստված թշնամին դարանակալ սպասում էր նրանց: Դա այն եզակի դեպքերից էր, երբ ադրբեջանցիները գիշերով հարձակում ձեռնարկեցին:

Արյունոտ այդ գիշերը շրջապատման մեջ անակնկալ ու անհավասար մարտում մինչև վերջ կռվելով՝ գրեթե լիովին ոչնչացավ Երևանի գումարտակի մի ողջ ստորաբաժանում՝ տասնինը կամավոր: Երկու օր անց այժմ արդեն պահեստի գնդապետ Մուշեղ Բաբայանի (Ջերմուկի Համո) հրամանատարությամբ այդ դիրքերն ազատագրվեցին:

Սարսանգի ողբերգական գիշերը կամավորների դեմ մղած մարտերում ադրբեջանական բանակի տարած առաջին ու վերջին հաղթանակն էր, որի համար նրանք դառնորեն հատուցեցին:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Պատմության էջերից


20/06/2012