Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵԶ ՄԱՀԱՊԱՐՏ-ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ»



Զրույց երգահան ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ հետ

-Պարոն Պասկևիչյան, մի զրույցի ժամանակ ասացիք, որ պատրաստվում եք գիրք գրել՝ «Հայրս ասում էր» վերնագրով։ Ի՞նչ էր ասում Ձեր հայրը…

-Հայրս իմաստուն մարդ էր։ Չընկճվող, չճկվող, ամուր տեսակ էր, որ երբեք չէր շեղվում իր բարոյական սկզբունքներից ու չափանիշներից։ Ազնվագույն մարդ էր, շիտակ ու արդարամիտ։ Նրա ամեն մի խոսքը աֆորիզմ էր, յուրաքանչյուր արարքը՝ կյանքի դաս։ …Մի անգամ պատահաբար կոտրեցի խնձորենու պատվաստը (իմացա պարսատիկի փայտ է)։ Բաղմանչին հայտնեց հորս։ Հայրս կանչեց ինձ ու թաղի երեխաների ներկայությամբ հարցրեց. «Դո՞ւ ես կոտրել»։ Ես ստեցի, ասացի՝ ես չեմ արել։ Հայրս ասաց. «Եթե իմ տղան ասում է, որ ինքը չի կոտրել, ուրեմն` ինքը չի արել»։ Ավելորդ է ասել, հայրս լավ գիտեր, որ ես եմ կոտրել պատվաստը… Դա եղավ իմ առաջին ու վերջին սուտ խոսելը։

-Դուք հնազա՞նդ որդի էիք…

-Ես անհնազանդ էի, ըմբոստ… և արկածախնդիր։ Երբեմն հորս հետ լուրջ տարաձայնություններ էինք ունենում։ Ես հակադրվող տեսակ եմ, սիրում եմ հոսանքին հակառակ գնալ։ Նվաճող եմ՝ իմ էությամբ, որոնող, պեղող…

-Նվաճո՞ղ… Նկատի ունեք՝ հաղթո՞ղ…

-Թող լինի հաղթող… Երեխա ժամանակ ծառերի կատարին էի, ամենաբարձր ու վտանգավոր ճյուղերի վրա, որոնք անմատչելի էին շատերին։ Հետո սարերի ամենաբարձր գագաթին էի։ Ամենախառը պատմությունների էպիկենտրոնում։ Ամենավտանգավոր «քննարկումների» առանցքում։ Իսկ հայրս այնքան անզիջում էր ու խիստ։ Երկու դրվագ պատմեմ, և պատկերը պարզ կդառնա։ Դասարանի երեխաներով գնում էինք Գառնի։ Մայրս վերարկուս բերեց, ասաց՝ ցուրտ է, վերարկուդ վերցրու։ Չեմ մրսի՝ ասացի (իրոք, ցուրտ էր, ու վերարկուի անհրաժեշտություն կար)։ Հայրս միջամտեց, ասաց՝ մորդ մի՛ նեղացրու, վերարկուդ վերցրու։ Բայց ես արդեն թարսվել էի։ Հայրս վերարկուս փաթաթեց ու նետեց մեր տան մոտով անցնող առուն։

…Ուսանողներին ինստիտուտից տանում էին խոպան՝ աշխատելու (1958թ.)։ Ոմանք ազատվում էին։ Ծնողներս մի տեղեկանք էին ճարել, իբր` սիրտս հիվանդ է։ Այդ տեղեկանքով ես ազատվել էի խոպանում աշխատելու պարտավորությունից։ Վերջին օրը առանց երկար-բարակ մտածելու մոտեցա մեր կոմերիտմիության քարտուղարին և խնդրեցի ինձ տանել խոպան։ Էս տղան ապշած նայեց դեմքիս ու ինձ մեկնեց ուղեգիրը։

Ես սիրում էի հանդուգն լինել։ Երբ ավարտեցի պոլիտեխնիկական ինստիտուտը, հայրս ասաց, որ կարող եմ գնալ մեր պրոռեկտորի մոտ և նշանակում ստանալ Երևանի ցանկացած հիմնարկում (հայրս մեծ հարգանք էր վայելում)։ Բայց ես որոշեցի ու գնացի Կույբիշեւ։ Այնտեղ մի քանի ամիս աշխատելուց հետո նշանակվեցի ասֆալտ-բետոնի գործարանի տնօրեն։ 22-23 տարեկան տղա՝ 600 հոգանոց կոլեկտիվ էի ղեկավարում։ Օրական մի քանի ժամ էի քնում։ Աշխատում էի ուժերի գերլարումով, որ արդարացնեմ ինձ, որ հուսախաբ չանեմ այն մարդկանց, ովքեր վստահել էին ինձ։

-Փորձում եմ մտովի իմ սիրած քնքուշ, զգացմունքային, սիրառատ երգերը հարմարեցնել հանդգնության, արկածախնդրության և նվաճողի Ձեր կերպարի հետ։

-Չէ՛, ես սիրառատ մարդ եմ։ Ես մեծ Սիրահար եմ։ Ես խոր ապրումների մարդ եմ։ Իմ առաջին երգը նվիրված է եղել մայրիկիս։ Պարզունակ, մեղեդային երգ է։ Երբեք չի հնչել.

Գիշերներ ես լուսացրել,

Անկողնուս մոտ, ի՛մ մայրիկ…

Երբ դպրոցն ավարտեցի, հայրս մի ակորդեոն նվիրեց ինձ։ Խոպան գնալիս երկաթուղային կայարանում ակորդեոնիս նվագակցությամբ սկսեցի երգել մայրիկիս նվիրված երգը։ Բոլորն արտասվում էին։

-Եկեք խոսենք մի քանի երգերի մասին, որոնք առավել հանրաճանաչ են ու սիրված։ «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի»… Ինչպե՞ս ծնվեց այս հրաշալի ռոմանսը։

-Իմ բոլոր երգերը նախապատմություն ունեն։ Դրանք իմ կենսագրությունն են։ Ես երբեք չեմ նստում երգ հորինելու։ Երգերը ծնվում են իմ ցավից, իմ սիրուց, իմ տխրությունից, իմ հույզերից։ Նրանք հնչում են ականջիս, ծավալվում են հոգուս մեջ… Ինձ մնում է միայն մտապահել ու թղթին հանձնել երգը։ «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» երգը մեծ սիրո պատմության հուշ է։ Երգը շատ արագ տարածվեց ու սիրվեց (առանց իմանալու հեղինակին)։ Երգն ընդգրկվեց այնպիսի արտիստների երգացանկում, ինչպիսիք էին Բելլա Դարբինյանը, Լևոն Քաթրջյանը եւ ուրիշներ… Ու ես ստիպված էի դռնեդուռ ընկնել՝ ապացուցելու, որ երգի հեղինակը ես եմ՝ երիտասարդ, անփորձ, անհայտ մի տղա՝ առանց երաժշտական կրթության։

-Մի երկար ծառուղի, աննկատ մեղմ անձրեւ,

Տերեւների հառաչ՝ երկուսիս ոտքի տակ:

Կաթիլներն անձրեւի դեռ գետնին չհասած՝

Գտնում էին իրար երկուսիս շուրթի տակ:

Այս քառատողը «Նարինե» երգից է, ո՞վ է Նարինեն:

-Նարինեն մի աղջիկ էր, որն ինձ համար դաշնամուրով նվագեց հիասքանչ մեղեդի: Իմ երգը ծնվեց այդ մեղեդին ունկնդրելիս:

-Երբ ես զրուցում էի Սիլվա Կապուտիկյանի հետ, նա ասաց, որ իր բառերով և Ձեր երաժշտությամբ «Կարոտի պահին» երգը իր ամենասիրելի ստեղծագործություններից է։

-Երգը ծնվել է 5-6 րոպեում։ Երբ կարդացի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը, հոգիս ալեկոծվեց։ Այն ինձ հիշեցրեց իմ կյանքի մի հուզիչ դրվագ…

Թեկուզ բերես դու ինձ

Նոր բաժանման թախիծ,

Անդարձ գնաս նորից,

Միայն արի, արի…

-Թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի…

-Եթե իմանաք, թե այդ տողի համար որքան են քննադատել Սիլվա Կապուտիկյանին։ «Խորհրդային բարոյականությամբ»՝ ուրիշ գրկից չէր կարելի… Մինչդեռ երգը կոչվում էր կարոտի պահին։ …Կարոտը կարող է սրբագործել ամեն ինչ, կարոտը զորավոր է ու անդիմադրելի, ինչպես արվեստը։ Արվեստը հղկում է մարդու ոգին, բարձրացնում է մի ուրիշ հարթություն, որտեղ իշխում են գեղեցիկ զգացմունքներն ու վեհ ապրումները։ Առանց ճշմարիտ արվեստի, առանց բարձր մշակույթի մարդկային հոգին կայլակերպվի։

-Ձեր հայրենասիրական երգերն այնքան մեղեդային են, հուզառատ, միևնույն ժամանակ՝ ոգեղեն, ներշնչող…

-Ես 24 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, նյութապես ապահովված էի, ունեի ամեն ինչ` բարեկեցիկ կյանքի համար, բայց… ոտքերիս տակ հողը չէի զգում։ Անբացատրելի, անիմանալի է կապը մարդու և հայրենի հողի միջև։ Արտերկրում ես լիովին հասկացա, թե ինչու էր Վազգեն Ա կաթողիկոսը արտագաղթողներին անվանում «արմատախիլներ»։ Գիտեք, եթե երկրում չի ծնվում հայրենասիրության երգ, ուրեմն չկա հայրենասիրություն… Եթե հայրենասիրական երգը չի սիրվում, չի հնչում, չի տարածվում, ուրեմն չկա հայրենասիրության պահանջարկ։

-Ձեր ասածը բնականոն և օրինաչափ կյանքով ապրող երկրի մասին է, որտեղ զարգացումները տրամաբանված են և ճիշտ են ուղղորդվում։ Մեր երկրում մշակութային գործընթացները կախված են առանձին անհատների շահերից, ճաշակից և մտածելակերպից, ուստի կարող են չարտացոլել իրականության պատկերը։ Ես վստահ եմ, որ հայրենասիրական երգը ունի լսարան և պահանջարկ մեր երկրում, որքան էլ այն մշակութային գործընթացների առանցքում չէ և չի քարոզվում պատշաճ հաճախականությամբ։

-Ինչպես յուրաքանչյուր զգացմունք, այնպես էլ հայրենասիրությունը պետք է սնես, այլապես կնվազի ու կմարի։ Ես հիշում եմ, թե մեր ժողովուրդը ինչ խանդավառությամբ, երջանկության արցունքներով դիմավորեց ազգային բանակի առաջին շքերթը։ Այս հոգեբանական վերելքը պահել էր պետք։ Միացյալ Նահանգներում ես հեռուստաժամ ունեի, նպատակը մեկն էր՝ հայապահպանություն, իսկ հայապահպանության միակ հենքը հայրենասիրությունն է։ Եվ իմ հեռուստահաղորդումը ազգասիրություն ու հայրենապաշտություն էր քարոզում տարիներ շարունակ։ Իմ ընկալմամբ՝ պաշտպանության նախարարությունը մեծապես տարբերվում է մյուս գերատեսչություններից իր բացառիկ կարևորությամբ (թերևս կարելի է առանձնացնել նաև մշակույթի և սփյուռքի նախարարությունները)։ Ուստի բանակը, երկրի պաշտպանությունը, զինվորի կերպարը, զորքերի բարոյական նկարագիրը պետք է լինեն յուրաքանչյուր հայի սիրո և հոգածության էպիկենտրոնում։ Բանակն ուժեղ է, եթե ուժեղ է զինվորը։ Բանակը քաջ է, եթե քաջ զինվորներ ունի։ Բանակի զորությունը սոսկ սահմանների պաշտպանության երաշխիք չէ, որովհետև բանակը մարդկային նկարագրի՝ քաջության, ազնվության, արժանապատվության, հայրենասիրության դարբնոց է ու պիտի փոխի հասարակության բարոյական նկարագիրը՝ շարունակաբար «արտահանելով» իր բարոյախոսությունն ու գաղափարները՝ հանձինս այն զինվորների, որոնք թրծվելով բանակի քուրայում, վերադառնում են հասարակություն, դառնալով բանակի գաղափարախոսության կրողն ու տարածողը։

-Հետո նույն այդ հասարակությունն իր գաղափարախոսությունը ուղարկում է բանակ՝ իր նորակոչիկ զինվորի միջոցով։

-Այո՛, եթե յուրաքանչյուր զինվոր բանակից տուն վերադառնա ավելի հայրենասեր, ազգասեր, առաքինի ու գաղափարապես հասուն, մենք կարող ենք հավատալ, որ մեր առաջընթացն ապահովված է, անընդհատ ու կայուն։ Հայրենասեր, գիտակից ու գաղափարամետ սերունդ դաստիարակելու համար իր կարևոր դերն ունի արվեստը։ Նժդեհն ասում էր` հանիր ազգիցդ երաժշտությունն ու պոեզիան, և երկիրդ կդառնա խոզանոց։ 13-րդ դարում Անգլիան ուզում էր նվաճել Ուելսը, սակայն երկար տարիներ չէր կարողանում: Ու Անգլիայի թագավորը գտնում է ձևը` իր մշակույթը ներմուծում է Ուելս: Տարիներ անց Ուելսը ինքնաբերաբար միանում է Անգլիային։ Դարձյալ պիտի հիշեմ Նժդեհին. «Հայրենասիրության զգացումն աճում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի աճի հետ և թուլանում՝ բարքերի ապականության և նյութապաշտության հետ։ Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում են դրա պակասից»։ Ի՞նչ հայրենասիրություն պիտի քարոզեն այնպիսի երաժշտությամբ, որը հաճախ հնչում է այսօր մեր համերգասրահներում և հեռուստատեսությամբ։ Մի կողմից թուրքա-արաբա-պարսկական երաժշտությունը, մյուս կողմից արևմտյան մշակույթի ներխուժումը կաթվածահար են արել հայ երգարվեստը, մինչդեռ՝ «խաղաղությունը երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում պետք է նախապատրաստվել հաջորդ պատերազմին»։ Պատրաստվել պատերազմի՝ նշանակում է ուժեղ լինել։ Մտքի ուժը, ոգու ուժը և զենքի ուժը ուղղակիորեն շաղկապված են իրար։ Ցայտուն օրինակ է Ադրբեջանը, որի հսկայական նավթադոլարները երկիրն ու բանակը զորացնելու երաշխիք չդարձան… Մենք պիտի վերադառնանք մեր Արժեքներին՝ Ազգ, Հայրենիք, Հավատք…

-Ո՞վ պետք է առաջնորդի մեր հոգևոր վերադարձը, եթե ոչ մտավորականությունը։ Նժդեհն ասում էր. «Ժողովրդի ճակատագրի դարբինը մտավորականությունն է»։

-1992-ի հոկտեմբերին Սպարապետը կոչ էր անում ազգին` 500 մահապարտ տալ հայրենիքի փրկության համար։ 500 հոգի, որոնք կկռվեին ամենաթեժ կետերում՝ չխնայելով կյանքը։ 500 հայրենասեր, 500 խիզախ, 500 նվիրյալ… Այսօր մեզ մահապարտ-մտավորականներ են պետք, որոնք կմտնեն Տաճար ու կասեն՝ Իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Բանակ և հասարակություն


20/06/2012