Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՔԱՐ՝ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ



Բարեկամավանը Տավուշի մարզի գյուղերից է, մեր հանրապետության հյուսիսարևելյան դարպասը, երեք կողմերից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով։ Գյուղը դարեր շարունակ եղել է ազգամիջյան բախումների թեժ կետերից մեկը։ Անցյալ դարավերջի հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից էլ Բարեկամավանը կրկին դարձավ ազգամիջյան ընդհարումների կիզակետ, գնդակոծությունների թիրախ, պատերազմը մտավ գյուղ, ավերեց տներն ու ավերակեց մարդկանց հոգիները, հազար ցավ, տառապանք ու կորուստ պատճառեց։ 1991թ., երբ դեռ բանակը չէր կազմավորվել, ադրբեջանցիները հասել էին գյուղի մատույցներին։ Գյուղի տղամարդիկ ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց հողը։ Գյուղացին դարձավ զինվոր: Բարեկամավանցիներին այդ ծանր օրհասական պահին օգնության շտապեցին Կիրովականի կամավորականները։ Ադրբեջանցիները լավ զինված էին, երեք կողմից էլ նեղում էին։ Դաժան կռիվներ էին, և հակառակորդն ի վերջո ետ մղվեց։ Սակայն ուժերը համալրելով` մոլեգնած նոր հարձակում ձեռնարկեց։ Հատկապես մեծ ուժեր են նետվում «Սնձնուտ դար» կոչվող բարձունքի ուղղությամբ, որտեղ դիրքավորվել էին կիրովականցի կամավորները։ Մերոնք կռվում էին ինքնամոռաց. հետևում իրենց հողն էր, իրենց երեխաներն ու հարազատները։ Անարգ թշնամու հարձակումը կասեցվեց, և վերջապես հակառակորդը նահանջեց։ Սակայն ուրախությանը խառնվեց կորստի ցավը. խրամատի եզրին խփվել էր կիրովականցի ազատամարտիկ Յուրա Թամազյանը։ Նա գյուղի ինքնապաշտպանության մարտիկներից առաջին զոհն էր։

Բարեկամավանցիները ի նշան երախտագիտության «Սնձնուտ դար» բարձունքին՝ հենց խրամատի եզրին, հուշաքար կանգնեցրին։ Հուշաքարից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հակառակորդի հենակետերն են։
Շրջեք Հայաստան աշխարհի սահմանամերձ գյուղի սահմանային հատվածներով եւ կտեսնեք բազմաթիվ նմանատիպ հուշարձաններ, հուշաքարեր, հուշատախտակներ: Թշնամու աչքի առաջ կանգնած այս հուշաքարերը ասես զգուշացնում և հիշեցնում են, որ հայն անգամ իր կյանքի գնով չի թողնի, որ օտարը ոտք դնի իր սուրբ ու հարազատ բնօրրան։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Բանակ և հասարակություն


20/06/2012