ՍԱՍՆԱ ԱՐԾԻՎԸ
Աշնակ գյուղում մեծ շուքով տոնվեց քաջ ֆիդայապետ Գևորգ Չաուշի մահվան 105-րդ տարելիցը։ Միջոցառումն սկսվեց առավոտյան։ Երևանում մեծ հայորդու հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Էրգիր» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, մտավորականներ, անհատ մարդիկ, որոնց համար Գևորգ Չաուշ անունն անանձնական հպարտություն է ու բարոյական վեհություն։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց Աշնակում, որտեղ դեռ խորհրդային տարիներին հերոսի անվամբ հուշարձան է կառուցել Գևորգ Մելքոնյանը (մեծ հայդուկապետի ազգականը, որը հիմա ննջում է Ֆիդայատանը) և Տունն այդ կոչել Գևորգ Չաուշի անվան Ֆիդայատուն։
Գարնան ծաղկունքի մեջ է՛լ ավելի է գեղեցկացել, առնականացել Աշնակը։ Ամեն մի տան ճակատին մաշտոցյան երկաթագրերով գրված են ֆիդայիների, հերոսների անունները՝ Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Սմբատ, Զուլումաթ, Հրայր Դժոխք… Ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ քայլում են մարդիկ ու ամեն մի անվան հանդիպելիս հպարտորեն գլուխները վեր են բարձրացնում։
Գևորգ Չաուշի մահվան օրն է, և այդ օրը տոն է հայոց համար։ Այդպես է ապրել մեծ ֆիդայապետը։ Տեսնես աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որն իր հերոսի զոհվելուց հետո այսպիսի երգ կապի.
1907 թվականին, չքնաղ մայիսի քսան և յոթին
Տոն էր բազմաշխատ մահվան Գևորգի,
Սասնա հարազատ, մեծանուն քաջի…
Այդ օրը զոհվեց Չաուշը։ Եվ քանի որ քաջ գիտակցում էր, որ հայրենիքի համար զոհվելը պատիվ է, փառք ու անմահություն, այդ օրը պետք է դառնար Տոն։ Իր ելույթում Կամո Արեյանը ասաց.
-Գևորգ Չաուշի անվան Ֆիդայատան գմբեթին երջանկահիշատակ Գևորգ Մելքոնյանը որոշել էր տեղադրել Արծվի քանդակ, որն իր մագիլներով ամուր բռներ Խաչն ու Սուրը։ Խորհրդային ղեկավարությունը թույլ չտվեց։ Հիմա ամեն Աստծո օր, ամեն այգաբաց Արծիվը սավառնում է դեպի Էրգիր, դեպի Սասնա աշխարհ և երեկոյան վերադառնում-նստում է Ֆիդայատան գմբեթին։ Եվ ամենօրյա այդ ճանապարհը անվերջ վերադարձ է։ Վերադարձ է Արցախով, Շուշիով։ Արցախով, որովհետև 1904 թվականին Արցախ աշխարհից Թորգոմ անունով մի հայորդի իր երկու տասնյակ քաջորդիներով հասնում է Սասուն` Գևորգ Չաուշին և իր հայդուկներին օգնության։ Դարավերջին Սասուն աշխարհի հերոսների զավակները մեկնեցին Արցախ՝ մեծ ֆիդայապետի պատգամը կատարելու։
Եվ եղեռնից փրկված գաղթականների զավակները Հայաստան և Արցախ աշխարհով մեկ գրեցին հայոց մի նոր պատմություն, գրեցին հպարտությամբ, դյուցազնական ոգով, որովհետև եկել էին էլի փորձության ժամանակներ, և վախ կար, որ կտրվեր կապը Պատմահոր Հայոց պատմության հետ։ Եվ կատարեցին քո պատգամը, Մե՛ծ հայդուկապետ, և հաստատեցին քո՛ խոսքերը. «Ով զարկվավ դավաճան է…»։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ