ՌՈԳՈԶԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը համոզված է, որ նպատակահարմար չէ սկսել նոր ռազմավարական ռմբակոծիչի մշակումը, որը կփոխարինի ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինությունում եղող և 850 հրթիռներ կրելու ունակ «Ту-95МС» և «Ту-160» ինքնաթիռներին, քանի որ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման ներկա պայմաններում նրանք կոչնչացվեն դեռ նշանակման վայրին մոտենալիս:
Խոսքը վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` անցած շաբաթ տված համապատասխան հանձնարարականին, որում նաև նշվում էր, որ նոր ռազմավարական ռմբակոծիչի մշակման աշխատանքները ժամանակին չսկսելու դեպքում Ռուսաստանը ժամանակ կկորցնի, իսկ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտնել էր, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Կազանի Գորբունովի անվան արտադրական միավորման հենքի վրա ստեղծել ավիաշինական ժամանակակից գործարան, որտեղ կարտադրվեն «Ан-70» ինքնաթիռներ, իսկ ապագայում` հեռավոր ավիացիայի նոր ռազմավարական ռմբակոծիչները, որի ստեղծման աշխատանքներին նվիրված խորհրդակցությունը պաշտպանության նախարարությունում կհրավիրվի այս ամսվա ընթացքում: Նախատեսվում է նոր ռմբակոծիչը սպառազինություն ընդգրկել 2025 թվականին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական