Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՎՈՐԵՆՔ ԱՊԱՇԽԱՐԵԼ



«Քո Տեր Աստծու Անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:

Մենք բոլորս մեղանչում ենք՝ խախտելով տերունական այս պատվիրանը,եւ չենք էլ գիտակցում,թե որքան մեծ հանցանքներ ենք գործում, երբ
ա/ դժբախտության կամ հիվանդության պահերին տրտունջ ենք բարձրացնում Աստծու դեմ՝ հակառակվելով նրա կամքին եւ նախախնամությանը:
բ/ բացահայտ հայտարարում ենք՝ «Աստված չկա»:
գ/ հանդգնում ենք մեղադրել Աստծուն՝ ասելով, թե իբր նա է թույլ տալիս մարդկանց մեղք գործել. երբ մտածում ենք՝ «Ես մեղավոր չեմ, իմ բնավորությունն է այդպիսին, ես այդպիսին եմ ծնվել…», կամ «Եթե լիներ Աստված, ապա թույլ կտա՞ր, որ լինեին պատերազմներ, թալան, սպանություններ, մանուկների կամ երիտասարդների մահ…»:
Մենք թերահավատության մեղքն ենք գործում, երբ փորձում ենք Աստծուն` ասելով. «Եթե դու կաս, Տե՛ր, ապա կատարիր իմ այս կամ այն ցանկությունը, իսկ եթե իմ ցանկությունը չկատարվի, ուրեմն Դու չկաս»:
Դրանով մենք սկսում ենք նմանվել այն հայհոյողներին, որոնք ծաղրում էին խաչված Տիրոջը: Հիշենք Քրիստոսի հետ խաչված ավազակներից մեկի խոսքը. «Եթե Դու Քրիստոսն ես, ապա փրկիր քեզ եւ մեզ»: Մենք անընդհատ մեղանչում ենք` դատարկ խոսակցությունների ժամանակ Քո անունը տալով: Բացի այդ, մենք նաեւ հանդգնում ենք երդվել Աստծու անունով ու երբեմն ծածկում ենք դրանով սուտը: Եւ այս ամենը անում ենք Աստծու ամենատես աչքի առաջ:
Աստծու պատվիրանի դեմ մենք մեղանչում ենք նաեւ երդմնազանցությամբ: Քանի անգամ ենք խախտել Սուրբ Խաչի եւ Ավետարանի առաջ տված մեր խոստումները: Ընդունելով Մկրտության սուրբ խորհուրդը` մենք ուխտել ենք հրաժարվել սատանայից եւ նրա չար գործերից եւ, միանալով Քրիստոսին, ծառայել Նրան մեր ամբողջ էությամբ: Բայց քանի՞ անգամ ենք խախտել այս խոստումը: Նաեւ քանի, քանի անգամ Խոստովանության եւ Ապաշխարության խորհրդի ժամանակ մենք խոսք ենք տվել հրաժարվել մեղսական սովորություններից եւ շարունակել ենք մնալ նույն կրքերի ու մեղքերի կապանքներում: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ խախտել ենք մեր բազմիցս տրված երդումը: Լավ է չխոստանաս որեւէ բան, իսկ եթե խոստացար` ապա իսկույն կատարիր: Քննենք մեր խիղճը. արդյո՞ք չենք ամաչել անհավատ մարդկանց շրջապատում երեւալ որպես քրիստոնյա եւ աստվածապաշտ: Հնարավոր է, մենք ինքներս անհարգալից եւ քմծիծաղով ենք վերաբերվել աստվածասեր եւ բարեպաշտ մարդկանց նկատմամբ. «…Ահա այս մեկը շատ է հաճախում եկեղեցի, երեւի մեղքերը շատ են…»: Չե՞նք մտածել:
Երբեմն հանդգնում ենք քննադատել նրանց, ովքեր հաճախակի են մոտենում Սուրբ Հաղորդությանը: Բայց դա արդեն մեր գործը չէ, այլ այդ մարդու խղճի եւ իր խոստովանահոր: Որտեղի՞ց մենք իմանանք, թե ով է արժանապես մոտենում Սուրբ Խորհրդին, իսկ ով` ոչ: Իսկ եթե չդատենք ուրիշներին, այլ նայենք մեզ, ապա կտեսնենք, որ համարյա բոլորս մեղանչում ենք` անուշադրությամբ պատրաստվելով խոստովանությանը եւ սուրբ Հաղորդության խորհրդին:
Բոլորս պետք է միշտ հիշենք, որ Աստված` կյանքի Աղբյուրը, հաղորդվողներին կենդանացնող լինելու հետ մեկտեղ, նաեւ այրող Կրակի պես է, եւ չլինենք այս հարցում անտարբեր ու թեթեւամիտ: Արժանապես հաղորդվողը կյանք է ճաշակում, իսկ անարժանաբար հաղորդվողը` մահ: Ահա, թե ինչ է ասում Եկեղեցու կանոնադրությունը Սուրբ Հաղորդությանը պատրաստվելու վերաբերյալ. «..երբ մեկը ցանկանում է հաղորդվել Քրիստոսի Սուրբ Խորհրդին, նա պարտավոր է մեկ շաբաթ / 7օր/ պահքի եւ աղոթքի մեջ անցկացնել, որից հետո միայն մեծ երկյուղածությամբ եւ ակնածանքով թող մոտենա Սուրբ Խորհրդին»: Շատերը, կենցաղային հոգսերի եւ այլ հանգամանքների պատճառով, չեն կարող մի ամբողջ շաբաթ պահք պահել, այդ դեպքում անհրաժեշտ է պահել գոնե երկու, երեք օր: Սուրբ Պատարագից առաջ` նախորդ օրը, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգությանը: Իսկ կեսգիշերից հետո ոչինչ չուտել եւ չխմել, նաեւ ծխամոլությանը ենթակա անձինք թող չհանդգնեն ծխախոտով ապականել բերանը: Սուրբ Հաղորդությանը նախորդում է Խոստովանության եւ Ապաշխարության Խորհուրդը: Մեզնից շատերը չեն հասկանում՝ ինչ է խոստովանությունը, ի՞նչ եւ ինչպե՞ս խոստովանել: Բայց մեծամասնությանը հայտնի են Աստծու պատվիրանները: Ո՞վ ավելի լավ պիտի իմանա իր սեփական գործերի, մտքերի, զգացումների մասին, եթե ոչ ինքը` մարդը: Միայն թե մենք պետք է ջանանք կենտրոնանալ, հայացք նետել մեր ապրած կյանքին, մեզ վրա. ապրո՞ւմ ենք մենք Տիրոջ հրամանի համաձայն: Ընդհանրական խոստովանությունը բոլորի համար չէ: Դա ընդհանուր մեղքերի հիշեցումն է: Տարբեր հանգամանքների պատճառով անհատական խոստովանությունը այսօր չի կատարվում, բայց տանը գոնե, Աստծու առաջ քեզ դնելով, փորձիր վերլուծել քո կյանքը, Տիրոջ կամքին հաճախակի հակառակվելուդ պատճառները: Փորձիր քեզ, ինչպե՞ս ես վերաբերվում քո հարազատներին, գործընկերներին, անծանոթ մարդկանց… Ի՞նչ մտքեր են քեզ գրավում, ի՞նչ հետաքրքրություններ են ձգում, ի՞նչ բովանդակություն ունեն քո խոսակցությունները ուրիշների հետ: Արդյո՞ք համապատասխանում է քո` որպես քրիստոնյայի նկարագիրը այն չափանիշներին, որոնք պահանջում է քեզնից Աստված: Եթե սովորեցնես քեզ այս տեսակ ինքնաքննությանը, ապա քո առջեւ կբացվի սեփական մեղքերի մի անդունդ, այնպես որ մտքովդ անգամ չի անցնի ուրիշներին քննադատել: Ով Տեր, ներիր մեր մեղքերը եւ օգնիր մեզ, որ սովորենք ապաշխարել:

ԴԱՎԻԹ սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Հոգևոր-մշակութային


10/02/2011