Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏԸ» ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ



Վերջին երեք տարիներին Ռուսաստանը հաստատել է սպառազինության գնման նպատակով շուրջ 7 միլիարդ դոլարի արտահանման վարկավորում: Այդ մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Նա նշել է, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ. արտահանման վարկերի տրամադրման մեխանիզմները համեմատաբար նոր են ձևավորվել, և այդ հարցում իրենք շատ են զիջում Չինաստանին: Իսայկինի գնահատմամբ՝ արտահանման տարեկան կտրվածքով վարկավորմամբ զենք գնողների մասնաբաժինը մեծ չէ, քանի որ վարկերը երկարաժամկետ են, իսկ մատակարարումները ձգվում են մի քանի տարի:

Վարկավորման միջոցների խոշորագույն ստացողը Վենեսուելան է: Վերջին տարիներին ավելի քան 4 միլիարդ դոլարով այդ երկիրը գնել է T-72 տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, «Բալ-Է» ափամերձ հրթիռային համակարգեր և այլն: Ինդոնեզիային տրամադրված վարկի ծավալը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Այդ գումարով երկրի զինվորականները ցանկանում են ձեռք բերել ԾՌ-17, ԾՌ-35Ծ ուղղաթիռներ, ՀՄՄ-ներ, «Պալտուս» դասի սուզանավեր:

Նույն ժամանակաշրջանում ռուսական զինատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 32 միլիարդ դոլար` անընդհատ աճելով` 8,8 միլիարդ դոլար 2009թ., մոտ 10 միլիարդ 2010թ. և 13,2 միլիարդ դոլար 2011-ին: Այժմ էլ մոտ 40 միլիարդի նախնական պատվեր կա առաջիկա տարիների համար: Իսայկինը նշել է, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի որևէ ազդեցություն չի զգացել արտահանման գործարքներ կնքելիս: Ճգնաժամը ազդել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առավել զարգացած պետությունների վրա, իսկ իրենց հիմնական հաճախորդները` ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և արաբական պետությունները, ավելացրել են իրենց ռազմական բյուջեները:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012