Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔ, ՔՈ ՍԵՐԸ ԿՐԱԿԵ ՇԱՊԻԿ Է»



Զրույց նկարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱԴՈՅԱՆԻ հետ

-Դուք երկար տարիներ ստեղծագործել եք արտերկրում և ահա այսօր հայրենիքում եք։ Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր աչքերով… փոխվե՞լ է Երևանը։

-Փոխվել է։ Հիմա փողոցներում ավելի շատ մարդ կա՝ կյանք, աղմուկ, շնչառություն… լույս ու ժպիտ։ Գեղեցիկ շենքեր են բարձրացել… այսքան շատ շենքեր ե՞րբ հասցրին կառուցել… Գիտեք, ես կարող եմ կողմնակալ լինել, որովհետև այն, ինչ ես փնտրում եմ Երևանի փողոցներում, անչափ հարազատ է ինձ, պաշտելի՝ իմ երիտասարդ տարիների Երևանը… Իր շռայլ արևով, յուրահատուկ կանաչով, խենթացնող բույրով, կոլորիտով։ Երևանի ոգին, դեմքն ու էությունը…

-Փոխվա՞ծ են։

-Այո՛, ինչ-որ աններդաշնակություն կա, մտերմության պակաս, անտարբերություն… երբեմն կարկատանի նման շենքեր՝ անհաղորդ հին քաղաքի պատմությանը… պարտադրող, օտար։ Ցոփ շքեղություն՝ ծայրաստիճան չքավորության կողքին։

-Ինչո՞ւ գնացիք Հայաստանից։

-Ես ԱՄՆ եմ մեկնել 1996-ին։ Քաղցի, սովի, մթի, պատերազմի տարիներին ես հայրենիքում էի, թեև Նահանգներում ապրող եղբայրներս կանչում էին ու խոստանում բարեկեցիկ կյանք` ընտանիքիս համար։ Բայց ես մնում էի հայրենիքում ու հավատում էի, որ մեր զրկանքները իմաստավորված են, որ մենք անօրինակ տքնանքի ու պայքարի գնով կերտում ենք հայրենիքի ապագան՝ արդար, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան։ Արցախյան պատերազմի հաղթանակը նոր խանդավառությամբ ու հավատով լցրեց իմ սիրտը… Ես չեմ ուզում պատմել հետագա տարիների մասին, բոլորն են անցել ցավի ու հիասթափության, խորթացումի ու հուսալքման այդ ճանապարհով։

-Կարելի՞ է խորթանալ հայրենիքից…

-Գիտեք, երբեմն ավելի հեշտ է հեռու լինել հայրենիքից, քան ապրել սեփական երկրում և զգալ ու զգալ, որ հայրենիքդ խլում են քեզանից՝ ժամ առ ժամ, օր օրի քեզ զրկում են հայրենիքից։ Ես գնացի Միացյալ Նահանգներ… Բայց ցավը մնաց՝ այս անգամ օտարություն անունով։ Դու ունես ամեն ինչ (նյութական) երջանիկ ապրելու համար, բայց ուրախություն չունես։ Դու նման ես քամուց քշված տերևի, արմատից պոկված ծառի։ Եվ ամեն պահի զգում ես հայրենիքի բացակայությունը…

Հայրենիք, քո սերը կրակե շապիկ է,

Հագնում եմ՝ այրվում եմ,

Հանում եմ՝ մեռնում եմ…

Վարդգես Պետրոսյանն է գրել, ավելի լավ չէիր ասի. «Հայրենիք, քո սերը կրակե շապիկ է»։ Ամբողջ կյանքում ես հայրենիք եմ նկարել՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հայրենիքը արվեստագետի (ստեղծագործող մարդու) ոգին է, միջավայրը, առանցքը, և ամեն ինչ խարսխվում է դրա վրա։

…Հայրենիքը գույն է, մտածողություն։ Ապրումի յուրահատկություն, ներդաշնակության քո՛ ըմբռնումը… հայրենիքը ոգի է, բարոյական նկարագիր, խառնվածքը՝ քո հոգում, քո արյան մեջ։ Ու հայրենիքից դուրս չկա ոչինչ։ Ես աբստրակցիոնիստ-էքսպրեսիոնիստ եմ, բայց ես գալիս եմ Մինասից, Սարյանից… Իմ ակունքում հայկականն է, իմ գույները հայկական են, իմ մտածողությունը ազգային է… Իմ գույները վառ են, տաք, հզոր են։ Մեծ ապրումի գույներ են, ծայրահեղ… Մեր ազգային նկարագրի նման։

-Ես սիրում եմ Ձեր «եկեղեցիները»… Դրանք գունավոր են՝ կարմիր, կապույտ… Ի՞նչ են խորհրդանշում այդ գույները, ինչո՞ւ են Ձեր եկեղեցիները ներկված վառ գույներով… Ձեր 200 եկեղեցիները…

-Դրանք իմ հավատի գույներն են։ Ես նկարում եմ աշխարհն այնպես, ինչպես տեսնում եմ։ Գույնը իմ լեզուն է, գույները մարդկանց հետ խոսելու միջոց են։ Գույնը արդեն ասելիք է, հույզ, ապրում։ Երբ գույնը հայտնվում է կտավին, արդեն ինչ-որ պատմություն է, զգացմունք, հոգեվիճակ։

-Ո՞րն է Ձեր ամենակարևոր կոչը մարդկանց։

-Ես Սեր ու բարություն եմ քարոզում։ Ես Սեր ու բարություն եմ սփռում։ Ես վստահ եմ, որ գույները մաքրում են մարդկանց հոգին։ Ես ուզում եմ, որ մարդիկ դիտեն իմ կտավները ու զգան, թե ինչպես են գույները կտավից հոսում, լցվում իրենց հոգիները… տարրալուծում Խավարը, Ստվերը, Գորշը` սփռելով երջանկաբեր խաղաղություն, վառելով երանավետ լույս… Իմ նկարչությունը ծնվում է Սիրուց։ Ես հոգով եմ նկարում։ Ես վերցնում եմ վրձինը, որ սիրո խոստովանություն անեմ…

-Ո՞ւմ…

-Աստծուն, մարդուն, ծաղկին, մրջյունին, աստղերին… Այս աշխարհը արարվել է Սիրուց դրդված և Սիրով։ Այս աշխարհը աղավաղվում է սիրո պակասից ու կվերանա միայն այն ժամանակ, երբ կվերանա Սերը…

-Հայտնի արվեստաբան Մաքսիմիլիան Դե Լա Քրուզը Ձեզ համարել է Միացյալ Նահանգների լավագույն նկարիչներից մեկը և շատ բարձր է գնահատել Ձեր արվեստը։

-Ես 100-ից ավելի անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներում, և արձագանքները միշտ էլ դրական են եղել։ Աշխարհը միշտ էլ ունենալու է Սիրո, Ջերմության, Լույսի, Բարության կարիք, հայկական գույները միշտ էլ առինքնելու են։ Հայկական ոգին միշտ էլ կանչելու է։ Մենք տարբերվում էինք շատերից (շատ ազգերից) մեր ջերմությամբ, իրար սիրելու, իրար օգնելու ունակությամբ, մեր հոգու անհատնում լույսով… Այն երկրում, որտեղ հանգրվանել եմ, մարդը ունի ամեն ինչ, բայց մենակ է, մարդը մենակ է իր ուրախության և ցավի հետ, իր ձեռքբերումների ու կորուստների հետ։ Սա ամենամեծ դժբախտությունն է, որ կարող է պատահել մարդուն։ Մարդը կարիք ունի կիսելու և՛ ուրախությունը, և՛ վիշտը։ Իմ նկարչությունը հոգեթերապիա է… Ես այդպես եմ կարծում։ Մարդը պետք է մերձ լինի արվեստին ամենավաղ տարիքից։ Երեխան պիտի ապրի գեղեցիկի աշխարհում, ու չարությունը, դաժանությունը մեկընդմիշտ հեռու կլինեն նրանից։

-Ձեր կտավներից մեկում ֆիդայու եք նկարել… Ի՞նչ է խորհրդանշում այս կերպարը։

-Սա հայրենասերի կերպար է, հերոսի կերպար։ Այս մարդը սխրագործ է։ Նա իր կյանքն ու սիրտն է վահան դարձրել` պաշտպանելու Սիրո ու Բարության աշխարհը՝ Հայրենիքը։ Այս մարդը զինված է։ Նա հասել է մի սահմանի, որից անդին ապրում է Չարությունն ու խավարը։ Նրա զենքը սպանում է մահը, նրա զենքն ուղղված է Չարին։ Հայրենասիրությունը շատ հզոր զգացում է, այն պետք է արթնացնել երիտասարդի հոգում և սնել, որ արմատ գցի, բարձրանա, պնդվի։ Ես հպարտ ու երջանիկ եմ, որ մեր բանակը փառահեղ ճանապարհ է անցել այս 20 տարիների ընթացքում և կարողացել է պաշտպանել պատերազմական նվաճումներն ու հայրենիքի սահմանները։ Մենք կարող ենք ունենալ հուսալի ապագա, եթե այսօր երիտասարդ սերնդի հայրենասիրությունը համարենք ռազմավարական նշանակության խնդիր։ Հայաստանի վաղվա քաղաքացին է ապագա Հայաստանի ուժը, դիմագիծը, ոգին։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ հայրենիքում բարոյական սերունդ բարձրանա։

-Ինչպե՞ս է ապրում Հայկական Սփյուռքը Միացյալ Նահանգներում։

-Անհաստատ, անորոշ, ժամանակավոր… Դա և՛ լավ է, և՛ վատ… Սփյուռքի աչքը հայրենիքին է։ Հայը արտերկրում ապրում է տնվորի նման, տնվորի հոգեբանությամբ։ Հայրենիքը տուն է, օտար երկիրը՝ կացարան։ Շուտով կկատարվի իմ ամենամեծ երազանքը։ Կգնամ Արևմտյան Հայաստան` տեսնելու Իգդիրը՝ պապերիս հայրենիքը։ Ես Իգդիրի մասին լսել եմ, երբ դեռ երեխա էի։ Իգդիրն իմ հեքիաթի քաղաքն էր։ Իմ երազանքի քաղաքը։ Գուցե հիշողությամբ կամ նախնիներիս ոգու կանչով գտնեմ պապերիս տունը, զգամ նախնիներիս ոտնահետքերը… Մեր արմատը շատ ուժեղ է, և դա է մեր կենսունակության գաղտնիքը։ Հայի և իր հողի կապը շատ ուժեղ է։ Կորուսյալ հայրենիքն ապրում է մեր մեջ ոչ թե որպես հիշատակ ու հիշողություն, այլ ապրող-շնչող գոյություն՝ անսահման թանկ ու սիրելի։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Հոգևոր-մշակութային


27/06/2012