Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՑ…



Մեր որդին՝ Վարազդատ Մեհրաբյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Կա՞ ավելի մեծ հպարտություն՝ որդիդ զինվոր է՝ մեր թանկ ու սուրբ հողի պաշտպանը։ Իսկ մեր հպարտությունն է՛լ ավելի կրկնապատկվեց, երբ որդուս ծառայավայրից շնորհակալական նամակ ստացանք. «Հարգելի Մեհրաբյաններ, մեր զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում ձեր որդին՝ կրտսեր սերժանտ Վարազդատ Մեհրաբյանը, որը հմտորեն է տիրապետում իր զինվորական մասնագիտությանը, դարձել է ուսման առաջավոր, կարգապահ մարտիկ։ Նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ, զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ ձեր որդուն որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար։
Հարգանքներով՝ զորամասի հրամանատար Կ. Գրիգորյան,
հրամանատարի տեղակալ Հ. Եգորյան»։
Մեր որդին հրաշալի զորամասում է ծառայում։ Այստեղ փոխվստահության եւ հարգանքի մթնոլորտ է։
Հունվարի 28-ին՝ ազգային բանակի կազմավորման 19-ամյակի առթիվ, որպես զինվորի ծնողներ, ուզում ենք ջերմագին շնորհավորել մեր որդու զորամասի ողջ անձնակազմին։ Մեր ծնողական սրտաբուխ շնորհակալությունը հայտնել փոխգնդապետ Ս. Բեյբությանին, որը հարազատի սրտացավությամբ օգնության է հասել մեր որդուն, երբ նա առողջական խնդիրներ է ունեցել։
Բոլորին մաղթում ենք երջանկություն, առողջություն, կորով, մի խոսքով՝ այն ամենը, ինչը կմաղթեր հարազատը հարազատին։
Մեր բանակին է՛լ ավելի հզորություն ենք մաղթում, իսկ մեր հողին՝ խաղաղություն։ Թող այսուհետ ոչ մի չար ուժ չկարողանա խաթարել ոչ միայն մեր փոքրիկ Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի խաղաղությունը։ Խաղաղ երկինք բոլորիս։
Մերուժան եւ Հեղինե ՄԵՀՐԱԲՅԱՆՆԵՐ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Բանակ և հասարակություն


10/02/2011