Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Դ. ՀԱՅՈՑ ՕՐԱՑՈՒՅՑԸ



Հայկական լեռնաշխարհը հնագույն քաղաքակրթության օջախներից է, որտեղ օրացույց գործածվել է վաղնջական ժամանակներից սկսած, ինչի ապացույցը հնագիտական հազվագյուտ գտածոներն են, որոնցից մեկը ներկայումս պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Արտաքնապես այն գոտի է, սակայն գիտնականները, ուսումնասիրելով նրա վրա եղած նշանները, պարզել են, որ այն իրականում օրացույց է և պատկերում է տարվա բաժանումը տասներկու ամիսների։ Գտնվել է Սանահինում և վերագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակին։

Հետաքրքիր իրողություններ ի հայտ բերեցին Գեղամա և Վարդենիսի լեռներում հայտնաբերված ժայռապատկերներից երկուսը։ Գիտնականները եկան այն եզրակացության, որ դրանք ունեն աստղագիտական բնույթ և նույնպես օրացույց են՝ սկավառակից դուրս եկող ճառագայթներով ու գծիկներով արտահայտում են լուսնի փուլերի փոփոխման պարբերականությունը, ինչը եղել է օրացույցների կազմման հիմքը։

Կան նաև օրացույցին վերաբերող մատենագրական վկայություններ։ Ուշագրավ է Մովսես Խորենացու մի վկայությունը. իր «Հայոց պատմության» մեջ Պատմահայրը նշում է, որ հայոց Արտաշես թագավորի օրոք (մ.թ.ա. 189-165թթ.), լուրջ ուշադրություն դարձնելով գործող օրացույցին, դրանում մտցվել են որոշակի կարգավորումներ։ Հենց միայն այս փաստը ցայտուն վկայում է, թե հայերի կյանքում, դեռևս մեր թվարկությունից շատ առաջ, ինչ կարևոր դեր է ունեցել օրացույցը՝ կապված, մասնավորապես, նրանց հիմնական զբաղմունքի՝ երկրագործության և անասնապահության հետ։

Անշուշտ, դժվար է ասել, թե կոնկրետ երբ և ինչ ձևով է մարդը հասել օրացույցի ստեղծման գաղափարին, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առաջին պարզունակ օրացույցները կազմելիս որպես հիմք ընդունվել են բնության պարբերական, կրկնվող երևույթները, ցերեկվա և գիշերվա, տարվա եղանակների հերթագայությունը՝ կապված երկնային մարմինների, մասնավորապես՝ լուսնի և արեգակի շարժման հետ։ Այստեղից էլ՝ գիտնականների համար նախնական համարվող լուսնային, ապա որոշակի զարգացում ստացած լուսնա-արեգակնային օրացույցները, որոնք տարածված են եղել Հայկական լեռնաշխարհում, գործածվել նաև Արարատյան թագավորությունում, ուրարտացիների կողմից։

Զարգացման նոր փուլ նշանավորեցին արեգակնային օրացույցները, որոնցից առաջինը գործածության մեջ մտցրին եգիպտացիները մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Ըստ այդ օրացույցի՝ տարին բաժանվում էր 12 ամիսների (բոլորն էլ՝ 30-ական օրով) և ուներ 365 օր (տարեվերջին ավելացվում էր 5 տոնական օր)։

Արեգակնային օրացույցներ են Հուլյան (Հուլիոս կեսարի անունով, մ.թ.ա. 45թ.), Գրիգորյան (Հռոմի Գրիգորիս 3-րդ պապի անունով, 1562թ.), հին ռուսական և այլ օրացույցներ։ Մանրամասն անդրադառնանք հայկական օրացույցին, որը նույնպես մտնում է արեգակնային օրացույցների համակարգի մեջ։

Հայերն արեգակնային օրացույցից սկսել են օգտվել մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից։ Ինչպես եգիպտացիները՝ նրանք ևս տարին բաժանել են 12 ամիսների, որոնք ունեցել են 30-ական օր։ Բայց որովհետև այս ձևով հաշվարկելիս մեկ լրիվ տարվան պակասում էր 5 օր (ստացվում էր 360 օր), հայերը ևս, ինչպես եգիպտացիները, ամիսների թվին ավելացրին լրացուցիչ ամիս և կոչեցին Ավելյաց։ Այն ներառում էր հենց այդ հինգ պակասող օրերը, որոնցով տարին ստանում էր իր լրումը՝ 365 օր։

Կարծում ենք՝ անհետաքրքիր չի լինի իմանալ, թե հին հայերն ինչ անուններ են տվել ամիսներին։ Ահա դրանք. 1. Նավասարդ, 2. Հոռի, 3. Սահմի, 4. Տրե, 5. Քաղոց, 6. Արաց, 7. Մեհեկան, 8. Արեգ, 9. Ահեկան, 10. Մարերի, 11. Մարգաց, 12. Հրոտից, և լրացուցիչ ամիսը՝ Ավելյաց։

Ինչպես դժվար չէր նկատել, հայկական օրացույցի ամսանունները մեծ մասամբ կապված են տարվա եղանակների և գյուղատնտեսական աշխատանքների բնույթի հետ։ Քաղոցը, օրինակ, ծագել է «քաղել» բառից և կապված է բերքահավաքի հետ։ Մարգացը ծագում է «մարգել» (մարգ անել) բառից և խորհրդանշում է երկրագործական այդ աշխատանքի ժամանակը։ Հրոտից ամսանունը «հուր» (կրակ) բառից է, որով բնորոշել են տարվա ամենաշոգ ամիսը։ Մեհեկան և Տրե ամսանունները կապված են հայոց հեթանոսական աստվածներ Միհրի և Տիրի հետ։

Ակնհայտ է, որ հիշյալ ամսանունները որոշակի պատկերացում են տալիս հնագույն ժամանակներում հայի կենցաղի, զբաղմունքների, ընդհանրապես՝ աշխարհընկալման մասին։ Մի՞թե պարզ չէ, օրինակ, որ Քաղոց և Մարգաց ամսանուններն ինքնին վկայում են հայերի նստակյացության, գյուղատնտեսական աշխատանքներով նրանց մշտապես զբաղված լինելու մասին։

Հետաքրքիր է, որ հին հայերն անուններ են տվել նաև ամսվա օրերին՝ դրանք հիմնականում կոչելով հեթանոսական աստվածների և սրբավայրերի անուններով։ Կածում ենք՝ բնավ չէր խանգարի իմանալ նաև այդ անունները, մանավանդ, որ դրանց մի մասը գործածվում է նաև ժամանակակից հայերենում։ Հայոց օրացույցում, ուրեմն ամսվա օրերի անուններն են. 1. Արեգ, 2. Հրանդ, 3. Արամ, 4. Մարգար, 5. Ահրանք, 6. Մազդեղ, 7. Աստղիկ, 8. Միհր, 9. Ձոպաբեր, 10. Մուրք, 11. Երեզկան, 12. Անի, 13. Պարխար, 14. Վանատուր, 15. Արամազդ, 16. Մանի, 17. Ասակ, 18. Մասիս, 19. Անահիտ, 20. Արագած, 21. Գրգուռ, 22. Կորդի, 23. Ծմակ, 24. Լուսնակ, 25. Ցրոն, 26. Նպատ, 27. Վահագն, 28. Սեին, 29. Վարագ, 30. Գիշերավար։

Իրենց անուններն են ունեցել նաև Ավելյաց ամսվա օրերը՝ Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։

Շրջանցելով հեթանոս աստվածների և սրբավայրերի անունները, որոնք ինքնին հասկանալի են, անդրադառնանք նվազ ծանոթ մի քանի անունների։ Այսպես. Պարխարը, Մանին, Գրգուռը, Կորդին, Ծմակը, Սեինը լեռների անուններ են, երկնային մարմինների անուններ են Ծկրավորին (Հրատ), Արտախուրը (Լուսնթագ կամ Երևակ), Եղջերուն (մոլորակներից մեկի անունը), Լուծը Կշեռք համաստեղությունն է, Գիշերավարը աստղի անուն է։

Կան մի քանի անունների ստուգաբանություններ. Մուրց հնում նշանակել է հաղթական, հաղթող (այստեղից էլ՝ մրցել բառը), Ասակ՝ անվերջանալի, վերջ չունեցող, Ահրանք՝ վախ, երկյուղ, Մարգար՝ մարգագետնի մարդ, այսինքն՝ հողագործ, Հրանդ՝ հրեղեն հող, հրո երկիր և այլն։

Հայկական օրացույցն արտահայտել է նաև շաբաթվա գաղափարը, սակայն, ըստ որոշ գիտնականների, ավելի ուշ ժամանակներում։ Հետաքրքիր է, որ հին հայերի ընկալմամբ՝ Աստծո կողմից աշխարհարարման 7-րդ՝ հանգստյան օրը համարվել է հենց շաբաթ օրը («շաբաթը» եբրայերեն բառ է և նշանակում է հանգիստ), որին հաջորդել են միշաբթին, երկուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին և վեցշաբթին։ Հետագայում վեցշաբթին անվանվել է ուրբաթ, որը բառացի նշանակում է «նախապատրաստվել» (այսինքն՝ նախապատրաստվել հանգստի օրվան, որը, ինչպես ասացինք, եղել է շաբաթ օրը), իսկ միշաբթին՝ կիրակի, որը բառացի նշանակում է «տիրոջ օր»։ Այս ձևով, ահա, 4-րդ դարում, եկեղեցու որոշմամբ, ի պատիվ Քրիստոսի հարության, հանգիստը շաբաթ օրվանից տեղափոխվել է կիրակի, ինչը և անփոփոխ պահպանվել է մինչև մեր օրերը։

Հայկական օրացույցի առանձնահատկություններից մեկն էլ ժամանուններն են։ Հին հայերը շատ վաղ ժամանակներից օրը բաժանել են 24 հավասար մասերի՝ ժամերի, ընդ որում՝ 12 ժամը ցերեկային, նույնքանեւ՝ գիշերային։ Ցերեկային ժամերն էին՝ այգ, ծայգ, զայրացյալ, ճառագայթյալ, շառավիղյալ, երկրատես, շանթակող, հրակաթ, հուրփայլյալ, թաղանթյալ, արագոտ, արփող։

Գիշերային ժամերն էին՝ խավարակ, աղջամուղջ, մթացյալ, շաղավուտ, կամավոտ, բավական, հավաթափյալ, գիզակ, լուսաճեմ, առավոտ, լուսափայլ, փայլածու։

Դժվար չէ նկատել, որ հին հայերը ժամերին անուններ են տվել՝ ելնելով օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության և ջերմացման աստիճանից։ Լեզվական ի՜նչ մեծ հարստություն ենք ունեցել, և դրանից, ցավոք, ըստ էության երեք ժամանուններ են մնացել՝ այգը, աղջամուղջը, առավոտը, այն էլ՝ ոչ իրենց նախնական իմաստներով։

Խնդիրը, սակայն, տեղափոխենք այլ հարթություն։ Ինչպես օրացույցից օգտվող մյուս հնագույն ժողովուրդները, այնպես էլ հայերը ժամանակի ընթացքում հասկացան, որ ցերեկը և գիշերը հավասար՝12-ական ժամի բաժանելը նպատակահարմար չէ, քանի որ ցերեկային և գիշերային ժամերը հավասար կարող են լինել միայն գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերին, մյուս բոլոր օրերին դրանք տատանվում են 9-15 ժամվա սահմանագծում (այսինքն՝ կային երկար գիշերներ, կարճ ցերեկներ)։ Ահա թե ինչու, պահպանելով ժամանունները, հայերը ևս որոշակի «սրբագրումներ» մտցրին գիշերվա և ցերեկվա ժամաքանակի իրենց ըմբռնումներում՝ խուսափելով այն անհարմարությունից, երբ գիշերային ժամն ունենում էր ցերեկային ժամվա անվանում կամ հակառակը։ Ուրեմն՝ օրվա տևողությունն էր բաժանվում 24 հավասար մասի (ժամի) և ոչ թե գիշերն ու ցերեկը՝ առանձին-առանձին։

Կատարվել է նաև ժամերի բաժանում։ Հին հայերը ժամը բաժանել են 2, 5, երբեմն 30 մասի, ժամանակակից լեզվով ասած՝ րոպեի (հունարեն բառ է, որը նշանակում է ակնթարթ)։ Այս դեպքում, սակայն, ժամանվան փոխարեն գործածվել է թվաբանական պարզ համարակալումը՝ 1-ին ժամ, 2-րդ ժամ, 3-րդ ժամ և այլն, ըստ այդմ ասվել է 1-ին ժամի 2-րդ մաս, 2-րդ ժամի 5-րդ մաս, 3-րդ ժամի 30-րդ մաս և այսպես՝ մյուս ժամերի դեպքում։

Հետագայում, երբ հին ժողովուրդները ժամը սկսեցին բաժանել 60 մասի (րոպեի), յուրաքանչյուր մասն էլ՝ 60 ենթամասի (վայրկյանի), եվրոպական լեզուներ մտան «մինուտա» (փոքրիկ) և «սեկունդա» (երկրորդ) արտահայտությունները, հայերը, սակայն, դրանց փոխարեն գործածեցին «րոպեն» և «վայրկյանը»։ Հետաքրքիր է՝ արևմտահայերը «րոպեի» փոխարեն ասում են «երկվայրկյան», որը նշանակում է երկրորդ վայրկյան («սեկունդա» բառի «երկրորդ» իմաստի գործածմամբ)։

Եվս մեկ դիտարկում. հնագույն ժողովուրդները, որոնք օգտվել են լուսնային օրացույցից, օրվա սկիզբը կապել են արևամուտի հետ։ Հավանաբար՝ այդպես վարվել են նաև հին և միջնադարյան Հայաստանում. օրվա սկիզբ համարվել է արևածագը։ Գիտության զարգացմանը զուգընթաց եվրոպական մի շարք երկրներ աստիճանաբար անցել են օրվա սկիզբը գիշերվա կեսը համարելուն, ինչը հետզհետե մուտք է գործել նաև Հայաստան։ 1925թ. հունվարի 1-ից մեր երկրում պաշտոնապես օրվա սկիզբ է համարվում գիշերվա կեսը։

Հայերը ոչ միայն օգտվել, այլև մշտապես զբաղվել են օրացույցով, ձգտել բարեփոխել, զարգացնել այն։ Պատահական չէր, որ Հակոբ Մեղապարտի սրբագրած առաջին հայերեն գրքերից մեկը՝ «Պարզատոմարը», օրացույց էր։ 1775-ից սկսած առ այսօր ամեն տարի օրացույց են հրատարակում Վենետիկի Մխիթարյանները։ Դա աշխարհի ամենաերկարակյաց օրացույցն է։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Հոգևոր-մշակութային


27/06/2012