ՔԵԼԲԱՋԱՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ
1993թ.
ՄԱՐՏ
Մարտի 1-ին Շահումյանի պարտիզանները Գյուլիստանի ուղղությունից ձեռնարկած հարձակումով ազատագրեցին Մարտակերտի հյուսիսում գտնվող Դաստակերտ, Տոնաշեն ու Գետիգոմեր գյուղերը:
Մարտի 2-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն ընդունեց «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման մասին» որոշումը: Զինաթափվեց շուրջ չորս տասնյակ մարդ, առգրավվեց 50 միավոր հրազեն, ինչը նկատելի ազդեցություն ունեցավ հանրապետությունում իրավակարգի և զինվորական կարգապահության ամրապնդման վրա:
Մարտի 5-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Վազգեն Սարգսյանը նշանակվեց «Սյունիք-Զանգեզուր» ծրագրերի գծով ՀՀ պետական նախարար:
Նույն օրը զորակոչի և իրենց որդիներին բացառապես ռազմաճակատ ուղարկելու դեմ բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ Ադրբեջանի՝ 95 տոկոսով լեզգիներով բնակեցված Կուսարի շրջանում:
Մարտի 7-ին շարունակվում էին դիրքային մարտերը Սարսանգի ջրամբարի, Կուսապատի ու Մաղավուզի ուղղություններում:
Նույն օրը Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական տրիբունալը պետք է դատի 62 դասալիք զինվորներին:
Մարտի 8-ին մի քանի օր տևած թեժ մարտերից հետո ազատագրվեցին Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ ու Մոխրաթաղ գյուղերը, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի մերձակա Ներքին Հոռաթաղին ու Աղաբեկալենջի բնակավայրերի վրա գերիշխող բարձունքները: Թշնամին մարտադաշտում թողեց 150 դիակ և զգուշանալով կորցնել քաղաքը՝ լրացուցիչ ուժեր ու զրահատեխնիկա մոտեցրեց շրջկենտրոնին:
Նույն օրը մոսկվայաբնակ լեզգիները ցույց կազմակերպեցին Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան առջև: Պահանջը նույնն էր. վերջ տալ Ադրբեջանում լեզգիների զանգվածային զորակոչին ու միտումնավոր նրանց ռազմաճակատ ուղարկելուն:
Մարտի 15-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբը հերքեց Բաքվի այն հայտարարությունը, թե ուժեղացնելով Մարտակերտի խմբավորումը՝ ադրբեջանական բանակը 4 գյուղ վերագրավելով 7 կմ առաջ է շարժվել:
Մարտի 16-ին ինքնապաշտպանության ուժերը Մարտակերտի շրջանում լրիվ ազատագրեցին Տոնաշենը, ինչպես նաև Մատաղիսի գերիշխող բարձունքները:
Նույն օրը լույս տեսավ ԼՂՀ ԻՊՈՒ «Մարտիկ» պաշտոնաթերթի անդրանիկ համարը:
Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը «ինքնուրույն պետությունների միջպետական հարաբերությունների» խախտում համարեց մեկ շաբաթ առաջ՝ մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի այցը Մարտակերտ և տեղի հրամկազմի հետ անցկացրած խորհրդակցությունը:
Իսկ ադրբեջանական մամուլը գրում էր, որ զորակոչն իրականացվում է փողոցային շուրջկալների միջոցով:
Մարտի 17-ից 18-ն ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերը:
Մարտի 20-ին «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով Կուսապատի մերձակայքում խոցվեց թշնամու ուղղաթիռը:
Նույն օրը Շուռնուխի հատվածում հարձակումը դիմադարձելիս զոհվեց 7 մարտիկ:
Մարտի 21-ին ետ շպրտվեց Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի գրոհը: Ազատագրվեցին Մարտակերտ-Աղդամ սահմանագծի 2 կարևոր բարձունքներ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ ու Հակոբկամարի գյուղերը:
Մարտի 22-23-ին ազատագրվեցին Ներքին Հոռաթաղն ու Աղաբեկալենջը և Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները հասան Մարտակերտ:
Նույն օրը, ներխուժելով Կապանի տարածք, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն առժամանակ Կապանից կտրեցին Ծավի ենթաշրջանի գյուղերը:
Մարտի 23-24-ին Կապանում հայկական ստորաբաժանումների ձեռնարկած հզոր հակահարձակման արդյունքում ՀՀ պետական սահմանը լրիվ վերականգնվեց: Գրաված բարձունքները թողնելով՝ խուճապահար դեպի Զանգելան նահանջող թշնամին մարտադաշտում թողեց շուրջ 100 սպանված:
Մարտի 21-23-ին դիմադարձելով Ներքին Հոռաթաղը վերագրավելու թշնամու փորձերը, ինքնապաշտպանության ուժերը ոչնչացրին մեկ ռազմական ուղղաթիռ:
Մարտի 24-ին Մարտակերտում նահանջող ադրբեջանական բանակը հայտարարեց, թե 24 հայ կամավոր գերի է հանձնվել:
Մարտի 25-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հարձակմամբ սկսվեց պատմական Քարվաճառի ազատագրման գործողությունը:
Նույն օրն Ադրբեջանի ու Դաղստանի սահմանագլխին կայացած հանրահավաքը պահանջեց Հարավային ու Հյուսիսային Լեզգիստանները միավորել մեկ պետության մեջ և աջացության խնդրանքով դիմեց Մոսկվային:
Մարտակերտում գերի էին հանձնվում ընդամենը 4-6 օրվա ծառայությունից հետո ճակատ ուղարկված զինվորները, իսկ ադրբեջանական բանակի զինվորների դիակները վկայում էին, որ նրանք գնդակահարվել են նահանջելիս:
Մարտի 28-29-ին ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Չարեքտար, Նարեշտար, Աղդաբան, Թազաքենդ ու Չայղովուշան գյուղերը: Ռազմավար վերցվեցին մեկական տանկ ու ՀՄՄ, երեք հրանոթ ու ականանետներ: Սկսվեց նաև Քելբաջարի ուղղությունից Վարդենիսին ու մարդասիրական միջանցքին սպառնացող հենակետերի ոչնչացումը:
Միաժամանակ, Ադրբեջանում ներքին իրավիճակը խիստ լարվել էր, ու իշխանություններն արյունահեղությունից խուսափելու համար ապարդյուն բանակցություններ էին վարում զորքերն Աղդամից Գյանջա (Գանձակ) տեղափոխած ապստամբ գնդապետ Սուրեթ Հուսեյնովի հետ:
Մարտի 30-31-ին Շահումյանի պարտիզանները մտան Գյուլիստան ու Թալիշ, մարտեր էին ընթանում Վերիշենի, իսկ Քելբաջարի ուղղությունում՝ Ենիքենդ ու Նաղդալի գյուղերի համար, ռազմավար էին վերցվել 2 տանկ ու 3 ՀՄՄ: Մարտակերտ քաղաքի մատույցներում ծանր մարտեր էին: Թշնամին փորձում էր շեղող հարվածներ հասցնել նաև Կապանին ու միջանցքի հարավային մասին:
Մարտի 31-ին Քելբաջարում ոչնչացվեց թշնամու ևս 10 հենակետ, մարդասիրական միջանցքում հակահարձակման անցած հայկական ուժերն ազատագրեցին Ղոչազը: Այս՝ միջանցքի հյուսիսային ուղղության մարտերում շրջապատման մեջ զոհվեցին Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ կռվող սիսիանցի 11 ազատամարտիկներ:
Մարտակերտի ուղղությունում ու միջանցքի հարավային մասում դիմադարձվեցին թշնամու բոլոր գրոհները:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Քելբաջարի շրջանում գրավված է 13 գյուղ, իսկ Լաչինի հյուսիսային մասի 60.000 բնակչությունը մնացել է շրջափակման մեջ: Բաքվում Քելբաջարի կորստյան համար հուզումներ սկսվեցին:
ԱՊՐԻԼ
Ապրիլի 1-ին ազատագրվեց Քարվաճառ քաղաքը: Գերբեռնվածության պատճառով վթարվեց շրջանի ղեկավարությանն ու նրանց ունեցվածքը տեղափոխող մի ուղղաթիռ: Ինքնապաշտպանության ուժերը միջանցք թողեցին բնակչության հեռանալու համար: Անկարան ջղաձգվում էր, իսկ Մարտունիում գրավելով Ղզլղայա բարձունքը, արցախյան ուժերը վերահսկողություն սահմանեցին Դիվանլարի նկատմամբ:
Ուժգին հրթիռահրետակոծման ենթարկելով Տավուշի բնակավայրերը, թշնամին ծանր պատասխան ստացավ:
Նույն օրը լույս տեսավ ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի առաջին համարը:
Ապրիլի 2-ին գրավվեց Մարտունու ու Հադրութի շրջանների միջև սեպի պես խրված Ղաջարը, որտեղից թշնամին անընդհատ սպառնում էր Կարմիր շուկային ու հարակից բնակավայրերին:
Արդեն երրորդ օրն անդադար հրթիռակոծվում էին Հադրութի սահմանները:
Ապրիլի 5-ին ավարտվեց Քելբաջարի շրջանի՝ պատմական Սյունիքի նահանգի մաս կազմող Քարվաճառի ազատագրման գործողությունը: Բաքվի ռադիոն խոստովանեց Քելբաջարի անկման պատճառները.
«Գլխավոր պատճառ է հանդիսացել քաղաքը պաշտպանելու մասին հրամանատարության հրամանը զինվորների կողմից չկատարելը և լրացուցիչ ուժերի գալուն չսպասելով՝ մարտական դիրքերը լքելը:
…Անչափ ցածր մակարդակի վրա է գտնվում մեր զինվորների բարոյական և ռազմական պատրաստությունը: Կարգ ու կանոնի բացակայությունը, հրամանների չկատարելը վերջնական արդյունքում հանգեցրին զորամասերի միջև կապի խախտմանը և ամբողջությամբ վերցրած՝ շրջանի պաշտպանական համակարգի փլուզմանը:
Քելբաջարում մեր պարտության մյուս պատճառն էլ այն է, որ առանձին զորամասեր դեռևս չեն ձևավորվել որպես կանոնավոր բանակ: Ադրբեջանն այդ գործընթացը զգալիորեն ուշ սկսեց, քան Հայաստանը, և լուրջ սխալներ թույլ տվեց բանակային շինարարության մեջ»:
Նույն օրն Անկարան փակեց Հայաստանի հետ օդային ու ցամաքային հաղորդակցության բոլոր ուղիները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետությունների դեսպաններին հրավիրելով արտաքին գործերի նախարարություն՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ պահանջեց ու նաև սպառնաց դիմել ավելի լուրջ քայլերի:
Բաքուն ոչ միայն խոստովանեց, որ մի ուղղաթիռը գերբեռնվածության պատճառով է ընկել, այլ որ նույն առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները սխալմամբ կրակ են բացել իրենց մեկ այլ ուղղաթիռի վրա, որն ընկել է ձորը, և զոհվել է 3 հոգի:
Նույն օրն ադրբեջանական ինքնաթիռը ռմբակոծեց Մարտունին ու Մաճկալաշենը: Իսկ մինչ այդ սխալմամբ ռմբակոծել էր նաև Ֆիզուլին: Հայկական ուժերը մի քանի հենակետեր ոչնչացրին նաև Կուբաթլիում և Ֆիզուլիում, ազատագրեցին Ղազարը, Գովշաթլուն և Կավաքը: Գովշաթլուի ազատագրման մարտում զոհվեց Հադրութի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Վիգեն Գրիգորյանը՝ Տողի Վիգենը, Կավաքում՝ Էջմիածնի կամավորական գումարտակից Արա Հարությունյանը, որ հետմահու պարգևատրվեց ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով:
Ինքնապաշտպանության ուժերը 4-5 կիլոմետր էին հեռու Ֆիզուլիից, ու Բաքվում սարսափած էին՝ լրջորեն կարծելով, որ հասել է Ֆիզուլիի անկման հերթը: Մոսկվան հստակ հայտարարեց, որ 7-րդ բանակը կռվին չի մասնակցում: Ընդամենը մեկ տարի առաջ ապրիլի 10-ին Մարաղայի ողբերգությունն էր:
Ապրիլի 6-ին թուրքական ինքնաթիռները նախազգուշական թռիչքներ կատարեցին Հայաստանի սահմանների երկայնքով:
Նույն օրը ՀՀ ԳԽ և կառավարության նախագահությունը կոչով դիմեցին հայ ժողովրդին. «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ապրում ենք մեր հայրենիքի համար ամենաճակատագրական պահերից մեկը, և մեր սերնդի պատմական առաքելությունն է միակամ և վճռական ամրապնդել Հայոց պետականությունը, դիմակայել բոլոր դժվարությունները, շարունակել սատար կանգնել ԼՂՀ մեր եղբայրների արդար պայքարին»:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ