Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԼԻՆԵՆ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐ



Գորիսում առաջին զորակոչը եղավ հունիսի 6-ին: Զորակոչիկներն արդեն հասել են զորամասեր: Զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը: Զորակոչի ընթացքի, զորակոչիկների ֆիզիկական, բարոյական և հայրենասիրական պատրաստվածության մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

– Ինչպես ողջ հանրապետությունում, մեզ մոտ էլ զորակոչն ընթանում է ՀՀ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Այս տարի օրենքի մեջ փոփոխության պատճառով զորակոչը մի քիչ ուշացավ` կապված 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների հետ:

Առաջին զորակոչիկները 9-ամյա կրթություն ունեցողներն ու բուհն արդեն ավարտածներն էին. Արամ Միրզոյանը, ավարտելով Գորիսի պետական համալսարանը, ցանկություն է հայտնել սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` 1 տարի, որից հետո 3 տարի կծառայի հայոց բանակում:

Դավիթ Աբրահամյանը հաշմանդամ ազատամարտիկի որդի է, հոգեպես պատրաստի զինվոր: Այժմ նա ծառայում է Վայքի զորամասում: Նա ծառայության է մեկնել այն համոզմամբ, որ հայրենիքը ամբողջ Հայաստանն է, նրա ամեն մի թիզ հողը, և կարևոր չէ, թե ինքը որտեղ կծառայի:

Առաջին զորակոչիկներից են Հարություն Ավագյանը, Հարութ Ասատրյանը: Վերջինս ըմբշամարտիկ է, ՈՒկրաինայի բնակիչ, սակայն եկել և ցանկություն է հայտնել ծառայելու հայոց բանակում: «Իմ ուժը, իմ մարզական պատրաստվածությունը ոչինչ են, եթե ես չպիտի ծառայեմ իմ ազգային բանակում»,-ասաց նա:

Ծառայությունից առաջ նրանց ոգևորել ու խորհուրդներ են տվել զինկոմիսար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, զորակոչային հանձնաժողովի ավագ բժիշկ, փորձագետ Նորա Իվանյանը:

Ինչ վերաբերում է զորակոչիկների ֆիզիկական-առողջական և բարոյական-հայրենասիրական պատրաստվածությանը, ասեմ, որ նրանց շրջանում, նախքան զորակոչը, անց են կացվել բազմաթիվ զրույցներ, հանդիպումներ: Նրանք ծանոթացել են Հայոց բանակում ծառայության առանձնահատկություններին, «Զինապարտության մասին» օրենքին, ծառայական խնդիրներին, զինվորի պարտականություններին և իրավունքներին: Նրանցից յուրաքանչյուրը գիտե, որ բանակում ծառայելը սրբազան պարտք է, հայրենասիրական առաքելություն, հայ երիտասարդի բարոյական նկարագրի առաջին և կարևոր գրավականը: Հավասարապես իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվել են նաև ծնողները:

Բոլոր զորակոչիկները ենթարկվել են բժշկական մանրազնին հետազոտության, և հենց զորակոչի օրն էլ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, անց է կացվել է բժշկական փորձաքննություն: Առողջական խնդիրներ ունեցողները ստացել են տարկետումներ` 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով: Ամեն ինչ արվել է հիվանդություն ունեցող զորակոչիկների հայտնաբերման, լրացուցիչ հետազոտման և բուժման համար:

Գորիսի զինկոմիսարիատում գարնանային զորակոչը, կարող եմ ասել, ընթանում է բարձր մակարդակով, և լիահույս եմ, որ զորամասեր մեկնող մեր բոլոր զորակոչիկները ֆիզիկապես և բարոյապես պատրաստ են կատարելու հայրենիքի ու նրա սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը: Հավատացած եմ, որ մեր զորակոչիկները կլինեն երկրի արժանավոր զինվորներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Բանակ և հասարակություն


27/06/2012