Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՀ ԶՈՒ-ում լայն թափով սկսված բարեփոխումներն իրենց կնիքն են թողնում զորամիավորումների ու դիվիզիաների մարտական պատրաստության, պատրաստականության, զինվորական կարգապահության վրա: Զորամիավորումներում ուսումնական պլանի համաձայն անցկացվող հսկողական ստուգումների նպատակն է սահմանված կարգի համաձայն, բոլոր տիպի մարտավարամասնագիտական պարապմունքների անցկացումը, անձնակազմին անհրաժեշտ մեթոդական օգնության ցուցաբերումը և քննությունների արդյունքով տեսական գիտելիքների ու գործնական պարապմունքների պատրաստվածության վիճակի անաչառ գնահատումը:

Ստուգումներն իրականացվեցին գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա մի քանի զորամասերում` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանի ղեկավարությամբ:

Նախ լսումների ընթացքում հսկողական ստուգումների ենթակա զորամասերի հրամանատարները, տեղակալներն ու ծառայությունների պետերը ներկայացրին ստորաբաժանումներում տիրող իրավիճակը. միջանձնային հարաբերությունները, բարոյահոգեբանական վիճակը, արվեցին պարզաբանումներ ու առաջարկներ մարտունակության բարձրացման վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանի ուշադրության կենտրոնում հատկապես միջանձնային հարաբերություններն էին. «…Ոչ մի սպա իրավունք չունի բացասաբար ազդելու զինվորի բարոյահոգեբանական վիճակի վրա, և ընդհակառակը` զինվորները պարտավոր են իրենց հրամանատարին ընդունելու որպես ավագ ընկերոջ և բարեկամի». սա էր գեներալ-լեյտենանտի գլխավոր պահանջն ու խորհուրդը:

Շարային ստուգատեսում լսվեցին զինծառայողների բողոք-առաջարկները, մանրակրկիտ զննվեց նրանց արտաքին տեսքը, հանդերձանքը, ստուգվեց անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, իրերը, զենքն ու զինամթերքը: Զինված ուժերի տարբեր վարչությունների ստուգող սպաներն ընդհանուր առմամբ գոհ էին շարային ստուգատեսի արդյունքներից:

Զինված ուժերի օրհներգի, զորամասի երգի կատարման ու զինծառայողների շարային քայլի վերաբերյալ արվեցին որոշ մասնագիտական դիտողություններ: Այնուհետև լսարաններում տարբեր մասնագիտական առարկաներից ընդունվեցին ստուգարքներ:

Ստուգարք ընդունող սպաները անաչառ էին ու խստապահանջ: Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ստուգումների համար ընտրված մարտավարամասնագիտական պատրաստվածությունը պատշաճ մակարդակի վրա է:

Տեսական մասին հաջորդեցին գործնական պարապմունքները, որոնց ընթացքում մեր զինծառայողները ոչ միայն ցուցադրեցին շարային քայլի, մարտական զենքի հետ վարվեցողության կանոնները, այլև կատարեցին մարտական խնդիրներ, որոնք պայմանավորված էին թշնամու դիվերսիոն գործողություններին արժանի հակահարված տալու, մեր զորքերի մարտունակությունն ու զգոնությունը բազմակի ավելացնելու հրամայականով: Իսկ ֆիզիկական ու կրակային պատրաստության ստուգումների արդյունքները ցույց տվեցին, որ մեր մարտիկներն ի վիճակի են իրենց ամրագրված սպառազինությամբ, դաշտային պայմաններում, առանց հոգնելու հաղթահարելու բազմաթիվ պատնեշներ, ավտոմատից նշանակետերի խոցման ու նռնակի նետման վարժություններում արձանագրելու գովելի հաջողություններ:

Հսկողական ստուգումները եզրափակվեցին գնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումներից մեկի գիշերային պայմաններում անցկացված մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժությամբ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ազգային բանակ


27/06/2012