Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ



20 տարի առաջ հունիսի 21-ին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը` ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետը, Արցախի ազատագրական բանակի հրամանատարը։ Նա անցավ ուղիղ կես դար ձգվող երկրային փառավոր ուղի, փայլուն հաղթանակներով զարդարեց իր ժողովրդի նորագույն պատմությունն ու գնաց դեպի անմահություն՝ սերունդներին թողնելով իր պատգամը՝ «Սա Հայաստանն է ու վերջ»…

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թ. նոյեմբերի 22-ին, Թիֆլիսում։ Արու զավակի ծնունդը մեծ երջանկություն պարգևեց ծնողներին՝ Ռուբեն և Նինա Ազգալդյաններին։ Ռուբեն Ազգալդյանն այդ տարիներին Նոր Բայազետի շրջկոմի առաջին քարտուղարն էր։ Ազնիվ, բարոյական վեհ նկարագիր ունեցող անձնավորություն էր և իր ժողովրդի հետ հավասարապես կրում էր պատերազմական ժամանակների բոլոր դժվարությունները։ Նինան երեխայի ծնվելուց առաջ մեկնեց Թիֆլիս, որտեղ հիմնավորվել էին իր՝ կոտորածից մազապուրծ հարազատները…

Մի քանի ամսից ընտանիքը վերադարձավ Նոր Բայազետ, իսկ հետագայում տեղափոխվեց Երևան, որտեղ 1949թ. Լեոնիդն ընդունվեց Մռավյանի անվան արական դպրոց, որը փայլուն ավարտելուց հետո մեկնեց Մոսկվա և ընդունվեց Լոմոնոսովի անվան պետական համալսարան՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Նա լավագույն ուսանողներից էր։ Տաղանդավոր երիտասարդն աչքի էր ընկնում և՛ իր գիտելիքներով, և՛ սպորտային փայլուն նվաճումներով։ Լեոնիդը գերազանց լողորդ էր և դեռ դպրոցական տարիներից մեծ հաջողությամբ մասնակցում էր միութենական մրցումներին։

Ուսանողական տարիները շատ հագեցած էին ու հետաքրքիր, սակայն ճակատագիրը հարված հասցրեց տղային` մահացավ նրա մայրը։ Լեոնիդն այդ վիշտն ընտանիքից հեռու չկարողացավ տանել։ Նա Երևան վերադարձավ և ուսումը շարունակեց ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 1964-ին Լեոնիդը փայլուն ցուցանիշներով ավարտեց համալսարանը և անցավ աշխատանքի:

Վարելով ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ Պետպլանին առընթեր «Լազերային տեխնիկայի» ինստիտուտի հաշվողական կենտրոնում, ապա «Ատոմային էլեկտրակայանների համամիութենական ինստիտուտի» երևանյան մասնաճյուղում, իրականացնում էր գիտական կարևորագույն մշակումներ, որոնց ներդրումը հսկայական ազդեցություն ունեցավ հանրապետության ժողովրդական տնտեսության վրա։

Բայց եկավ 1988-ը, որը նոր էջ բացեց հայոց նորագույն պատմության մեջ։ Նոր էջ բացվեց նաև Լեոնիդ Ազգալդյանի կյանքում։ Ստեղծված իրականությունն ստիպեց Լեոնիդին վերագնահատել նպատակներն ու կարողությունները և կտրուկ փոխել կյանքը։ Այդ իրականության մեջ դրսևորվեց Լեոնիդ Ազգալդյանի վառ ու արտասովոր անհատականությունը։ Նա փայլեց որպես գաղափարախոս, քաղաքագետ, հետագայում՝ ռազմական գործիչ։

Ազգալդյանը չափազանց սթափ էր գնահատում իրավիճակը, յուրաքանչյուր բջիջով զգում էր ժամանակը, նրա պահանջները։ Խորությամբ թափանցելով իրադարձությունների էության մեջ՝ իր քաղաքական հեռատեսության շնորհիվ նա ճշտությամբ կանխատեսում էր դեպքերի զարգացումը։ Գիտակցելով երկրի օրհասական վիճակը՝ նա ասում էր. «Այժմ ազգի գոյատևման հարցն է լուծվում։ Գետաշենը, Շահումյանը, Արցախը, Զանգեզուրը մեր հայրենիքի բաց դռներն են, մի թիզ հողակտոր անգամ չի կարելի կորցնել»:

Կարճ ժամանակում նա կարողացավ կազմակերպել և ղեկավարել ինքնաշեն զենքի պատրաստման աշխատանքը: Ազգալդյանը համոզված էր, որ անկախ այն բանից՝ պատերազմ կլինի, թե ոչ՝ Հայաստանում պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը։ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները դատապարտված են մահվան»,- ասում էր Նժդեհը, և Ազգալդյանը նրա գաղափարակիցն էր։

Պատերազմի հենց սկզբում դրսևորվեց Ազգալդյանի ռազմական հազվագյուտ տաղանդը։ Գտնվելով իրադարձությունների կիզակետում` իսկույն հասկացավ, որ անջատ ջոկատները հաջողության չեն հասնի։ Անհրաժեշտ է լավ ուսուցանված ռազմական կառույց, որը ունակ կլիներ դիմակայել թշնամուն։ Արդեն 1990թ. փետրվարին նա Աշոտ Նավասարդյանի հետ այդպիսի կառույց ստեղծեց և կոչեց այն «Անկախության բանակ»: Նրա իղձերի գագաթնակետն ու ամենամեծ երազանքը հայկական կանոնավոր բանակ ունենալն էր, թերևս այդ պատճառով էր, որ նա իր ստեղծած կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով, և դա ուներ նաև հոգեբանական ազդեցություն` ազգը, որը մոռացել էր իր բանակն ունենալու գաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում տիրոջ ինքնագիտակցություն, իսկ նրա զինվորները դադարեցին ֆիդայի լինելուց և ստացան զինվորի կարգավիճակ:

Դա եզակի բանակ էր։ Այդ բանակի զինվորների ոգին, նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ աշխարհի ցանկացած բանակ և ցանկացած բանակ երջանիկ պետք է զգար իրեն` ենթարկվելով Լեոնիդի պես հանճարեղ հրամանատարին՝ գեներալին, թեպետ իրականում լեյտենանտի կոչում էլ չուներ։

Անկախության բանակը բարձրակարգ բանակի ձևանմուշ էր, ընդօրինակման առարկա, չափանիշ։ Այդ բանակի զինվորներն առանձնանում էին անբասիր տեսքով, կարգապահությամբ, մարտունակությամբ։ Նրանք նոր որակի զինվորներ էին՝ անսահման հայրենասեր, անձնվեր, ուժեղ կամքի և հոգու տեր։

Շատերն էին ձգտում ընդունվել այդ բանակի շարքերը։ Սակայն ոչ բոլորին էր հաջողվում, քանի որ Ազգալդյանի սահմանած ընտրության բազմաթիվ խիստ չափորոշիչներից նույնիսկ մեկին չհամապատասխանելու դեպքում թեկնածուն կորցնում էր բոլոր հնարավորությունները։ Հաշվի էին առնվում գաղափարական հասունությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատրաստակամությունը, անթերի տեսքը, ֆիզիկական անթերի տվյալները։

Այդ բանակի կարգապահության մասին Ղարաբաղում մինչ օրս լեգենդներ են շրջում:

Երկրորդ առանցքային խնդիրը, որը մշտապես գտնվում էր Լեոնիդի ուշադրության կենտրոնում, իր զինվորների մարտական և ֆիզիկական պատրաստվածության կատարելագործումն էր։ Մարտունակությունը հղկելու համար հրամանատարը պարտադրում էր զինվորներին կատարել ամենօրյա երկարատև վարժանքներ, որոնք ներառում էին ձեռնամարտ, հրաձգություն, մարտավարական տարբեր մեթոդների մշակում: Պարտադիր էին նաև ամենօրյա 10-15կմ-անոց վազքարշավները լեռնալանջերով և անտառներով: Շատերը չէին դիմանում, իսկ 50-ամյա հրամանատարը նույնիսկ գերազանցում էր երիտասարդներին։

Ազգալդյանի մարտական կառույցը հայկական մարտական ուժերի կազմում հատուկ նշանակության անդրանիկ զորախումբն էր։ Լեոնիդի զինվորները պատրաստ էին կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, այդ թվում՝ հետախուզական և դիվերսիոն: «Զոհվելու պատրաստ զինվորը ամենաթանկագինն է,- ասում էր Ազգալդյանը,- և երբեք չի կարելի շռայլել նրա մահը»: Զինվորի կյանքը փրկելու համար նա առաջնորդվում էր «Շատ քրտինք, քիչ արյուն» սկզբունքով: Նրա խստությունն ու պահանջկոտությունը լիովին արդարացված էին. բավական է ասել՝ 4 տարվա ընթացքում նրա բանակը կորցրել է ընդամենը 6 զինվոր:

Պահակակետում պատահաբար քնած զինվորի տեսնելով՝ չէր զայրանում և չէր արթնացնում, այլ ինքն էր կանգնում նրա փոխարեն։ «Ես գեներալ չեմ,- ասում էր նա,- ես կապրալ եմ»։ Բայց ճիշտ կլիներ ասել, որ նա թե՛ կապրալ էր, թե՛ գեներալ, բայց ոչ այն գեներալներից, որոնք հեռվից են ղեկավարում զորքը. Ազգալդյանը մշտապես առաջին գծում էր, զինվորներին մարտի էր առաջնորդում, ռազմական ոգի ներշնչում։

Նա անսահման սիրում էր հայրենիքը, որը նրա համար չէր սահմանափակվում ներկա Հայաստանի չափսերով։ Ազատագրելով Արցախը՝ նա մտովի ազատագրում էր Կարինն ու Վանը, Կարսն ու Անին, և հաճախ, երբ հերթական անգամ լուրեր էին տարածում նրա զոհվելու մասին, նա կրկնում էր` համոզելով մարդկանց. «Մի՛ հավատացեք, որ ես զոհվել եմ։ Ես զոհվելու եմ Ստամբուլի պատերի տակ»։ Նա ասում էր. «Կգա օրը, և մենք կգնանք մեր բոլոր ճանապարհներով, կգնանք այնտեղ, որտեղ հաջորդ քայլերն են մեր ազգի»: Իսկ առայժմ պետք էր ազատագրել Արցախը։ «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի»,- ասում էր նա։ Այդ հաղթանակի համար Ազգալդյանի բանակը անում էր անհնարինը։

1991թ. սկզբին Անկախության բանակը է՛լ ավելի ուժեղացավ, քանի որ իր ջոկատով բանակի շարքերը մտավ Վլադիմիր Բալայանը` խելացի և քաջ արցախցի երիտասարդը, որին շատ բարձր էր գնահատում Ազգալդյանը, և որը դարձավ Անկախության բանակի «Արցախյան ճակատի» հրամանատարը: Հետագայում Ազգալդյանը կասի Վլադիմիրի մասին. «Դարը մեկ են ծնվում նրա նմանները»։ Եվ իհարկե դա լիովին կարելի է վերագրել իրեն։

Երկու փայլուն հրամանատարները մարտերում միշտ առջևում էին` իրենց խիզախությամբ ոգևորելով զորքին ազատագրելու հայրենի հողը։ «Ոչ մի կտոր հող չպետք է կորչի: Սա Հայաստանն է` և վերջ»,- ասում էր Ազգալդյանը, և այդ պարզունակ թվացող բառակապակցության մեջ էր նրա դավանած բացարձակ արժեքը, նրա կյանքի ողջ փիլիսոփայությունը, նրա միակ մտորումը։ Ամեն ինչ արվում էր հանուն Հայաստանի։

Շատ կարևոր էր Ազգալդյանի` ընդհանուր գաղափարի շուրջ տարբեր կրթության և բնավորության մարդկանց հավաքելու ունակությունը, և պատահական չէ, որ բանակի շարքերում էին կռվում նաև սփյուռքի հայորդիները։ «Սփյուռքի տղաներն այստեղ են, դիրքերում,- ասում էր Ազգալդյանը,- դա բարոյական մեծ ազդեցություն ունի։ Թե՛ դրսից եկածները, թե՛ տեղացիները հասկանում են՝ սա համազգային գործ է»։ Եվ համազգային գործը, իհարկե, նրա համար վեր էր կուսակցական գաղափարներից: Ազգալդյանը կուսակցականության նկատմամբ մերժողական դիրքորոշում ուներ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում էր բանակին։ Այդ էր պատճառը, որ երբ Ա.Նավասարդյանը առաջարկեց նրան բանակի հենքի վրա հիմնել կուսակցություն, նա կտրականապես մերժեց այդ գաղափարը` ասելով, որ բանակի միակ նպատակն է Հայաստանի և Արցախի պաշտպանությունը և ոչ թե քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելը։

1991թ. հուլիսին Անկախության բանակը վերանվանվեց և կոչվեց Ազատագրական բանակ:

…27 հաղթանակ և ոչ մի պարտություն հարյուրավոր մեծ և փոքր մարտերում։ Սակայն Ազգալդյանը չէր բավարարվում հաջողություններով և ասում էր` «Այդ ամենը քիչ է, բավարար չէ, պատերազմը գնալով ահագնանում է, և պետք է պատրաստ լինել ամենավատ զարգացումներին»։ Լաչինի ազատագրումից հետո, երբ հայությունը ցնծում էր, և շատերի համար պատերազմի ծանր շրջանը թվում էր անցյալում, Լեոնիդն ասում էր. «Այդ հաղթանակները հավասարվելու են զրոյի, որովհետև այդ հաղթանակների թիկունքում կանոնավոր բանակ չկա»։

Կանոնավոր բանակն ստեղծվեց հետագայում, և նրան բախտ չվիճակվեց տեսնելու։ Ճակատագիրը սակայն պարգևեց նրան տեսնելու Շուշիի ազատագրումը։ «Հայաստանի նոր պատմությունը Շուշիից է սկսվում,- ասում էր Լեոնիդը,- ով Շուշիի տերն է՝ ամբողջ Արցախի տերն է»։

Նա ապրեց այդ բերկրանքը մայիսին։ Հունիսը, սակայն, ազատագրական բանակի համար դարձավ ողբերգական ամիս։ Հունիսի 9-ին, Չայլու գյուղի մոտակայքում, ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման ժամանակ, մարտում զոհվեց Վլադիմիր Բալայանը։ Նրա հուղարկավորության ժամանակ զինվորներն առաջին անգամ արտասվելիս տեսան իրենց «պողպատյա հրամանատարին»։ Նա երկար լուռ մնաց մենակ և հետո ասաց. «Դեռ մի ամիս էլ չի անցնի, և մենք կհանդիպենք երկնքում»։ Իր տխուր մարգարեությունը ցավոք իրականացավ. 12 օր անց` հունիսի 21-ին, Տոնաշեն գյուղի շրջակայքում դաժան, անսպասելի գնդակը խոցեց նրան՝ խլելով նրա կյանքը։

Ավաղ, չիրականացավ նրա երազանքը՝ զոհվել Ստամբուլի պատերի տակ, սակայն և այդ անհավանական մարգարեությունը այնուամենայնիվ դարձավ իրականություն. Տոնաշեն գյուղի բարձունքից արդեն երերացին Ստամբուլի պատերը։

20 տարի է անցել Լեոնիդ Ազգալդյանի զոհվելուց, իսկ նոյեմբերին կլրանա նրա 70-ամյակը: Ցավով պետք է նշել, որ այս 20 տարվա ընթացքում ըստ արժանվույն չգնահատվեց այդ մեծ ռազմական գործիչը, որը դրել է ազգային բանակի հիմքերը, և որի բանակի շարքերից էին դուրս եկել հայոց կանոնավոր բանակի բարձրաստիճան շատ սպաներ` գնդապետներ և գեներալներ, որոնք Ազգալդյանին համարում են իրենց հոգեհայրը, ուսուցիչը: Թվում է` նման մեծությունը պետք է արժանացած լիներ բոլոր բարձր պարգևներին, նրա անունով պետք է կոչվեին դպրոցներներ ու փողոցներ Հայաստանում և Արցախում…. Սակայն, անկախ ամեն ինչից, կատարյալ հայի նրա կերպարը միշտ կմնա օրինակ և ուղենիշ սերունդների համար, և նրա անունը ընդմիշտ ոսկյա տառերով կգրվի Արցախյան գոյամարտի պատմության մեջ:

ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


27/06/2012