ՉԻՐԿԻՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինի կարծիքով, Կենտրոնական Ասիայում էներգետիկ խնդիրների, ինչպես նաև ջրօգտագործման ու հողօգտագործման ասպարեզներում միջպետական լարվածությունը կարող է հանգեցնել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մասնակցությամբ նոր լոկալ ռազմական հակամարտությունների:
Անդրադառնալով հակամարտությունների ծագման դեպքում ռուսաստանյան խաղաղապահների մասնակցությանն առնչվող խնդիրներին՝ Չիրկինը նշել է, որ աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում նկատվում է բախումների վտանգի ու անորոշություն ծնող գործոնների աճ, ինչի պատճառներից մեկը Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի միակողմանի գործողություններն են, որոնք հակասում են միջազգային իրավունքի դրույթներին:
Գեներալ-գնդապետի կարծիքով, Ռուսաստանը կարող է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը, ինչպես նաև ավելի լայնորեն ներգրավվել խաղաղապահ առաքելությունների ռազմատեխնիկական ապահովման գործում, ներառյալ մարտական տեխնիկայի մատակարարումները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական