ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ռազմական ավիացիայի օրվա կապակցությամբ հյուրընկալեց ռազմական ավիացիոն բազայի անձնակազմին: Սրբազան հայրը, շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, դրվատանքի խոսքեր ասաց հայոց բանակի հասցեին եւ վստահություն հայտնեց, որ մեր զինված ուժերը հայրենիքի օդային սահմանները միշտ անխախտ կպահեն:
Բազայի հրամանատար, փոխգնդապետ Ա. Ներսեսյանը, շտաբի պետ, փոխգնդապետ Հ. Վարդանյանը եւ այլ հյուրեր ներկայացրին ռազմական ավիացիայի ծառայական առօրյան եւ առանձնահատկությունները՝ սրբազանին հավաստիացնելով, որ ռազմական օդաչուները եւ ողջ անձնակազմը հավատարիմ են Հայրենիքին տված իրենց երդմանը եւ երբեք անպատասխան չեն թողել ու չեն թողնի հակառակորդի ցանկացած ոտնձգության փորձ:
Թեմի առաջնորդն ընդառաջեց նրանց խնդրանքը եւ հաջորդ օրը մասնակցեց տոնական շքերթին ու հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը ներկա էին ռազմական ավիացիայի վարչության բարձրաստիճան սպաներ, զինծառայողների ընտանիքների անդամներ, ինչպես նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարական կազմը:
Սրբազան հայրը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը, ապա օրհնեց և բարեմաղթանքներ հղեց ավիացիայի սպաներին ու զինվորներին, որից հետո հանդիսավոր պայմաններում շնորհակալագրերով ու պատվոգրերով խրախուսվեցին մի խումբ սպաներ: Շքերթն ընդունեց ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության շտաբի պետ Գագիկ Ասլանյանը: Հանդիսությունը եզրափակվեց առանձին ստորաբաժանումների տոնական երթով:
ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայ Առաքելական եկեղեցու
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն