ԱՖՂԱՆԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ. ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
Անցած տարի ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Պակիստանի 25 զինծառայողների սխալմամբ ոչնչացումից հետո Իսլամաբադի հետ խիստ սրված հարաբերությունները և Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան տարանցիկ բեռնափոխադրումները Վաշինգտոնին պարտադրեցին որոնել Աֆղանստանում տեղաբաշխված միջազգային խաղաղապահ զորախմբի մատակարարումն իրականացնելու, իսկ այնուհետև մարտական տեխնիկան ու սպառազինությունն այդ երկրից դուրս բերելու այլընտրանքային ուղիներ:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը վերջերս հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ համաձայնության է եկել Աֆղանստանից բեռնափոխադրումներն այդ երկրների տարածքով իրականացնելու հարցում:
Այլընտրանքային ուղիները Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին թույլ կտան Աֆղանստանից մարտական տեխնիկայի ու սպառազինության դուրս բերման հարցում նվազեցնել իրենց կախվածությունը Ռուսաստանից:
Բացի ամենակարճ և հարմար պակիստանյան երթուղուց, որով իրականացվում էր զինամթերքի և վառելիքաքսուքային նյութերի փոխադրումների մեծ մասը, գործում է նաև հյուսիսային` Ռուսաստանի տարածքով անցնող երթուղին, որով տեղափոխվում է ոչ զինվորական բեռների շուրջ 30 տոկոսը:
Ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանը հայտարարեց իր տարածքով ոչ զինվորական նշանակության բեռնափոխադրումների ծավալների ավելացման պատրաստակամության մասին և կողմերը պայմանավորվեցին Ուլյանովսկում օդային ու ցամաքային բեռնափոխադրումների տրանզիտ կետ բացելու մասին, ինչը խիստ բացասական արձագանք գտավ Ռուսաստանում, և իշխանություններին մեղադրեցին երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելու մտադրությունների մեջ: Այդ մեղադրանքները, սակայն, անվերապահ տոնով հերքվեցին ՌԴ իշխանությունների կողմից:
Մայիսին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի իշխանությունները քննարկում են «Մանաս» ավիաբազայի վարձակալման 2014 թվականին ավարտվող ժամկետի երկարաձգամն հնարավորության հարցը, ինչը նկատելիորեն սառեցրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կրեմլը քննադատեց ղրղզական կողմի այդ քայլը, ի պատասխան որի Բիշկեկը Մոսկվային մեղադրեց երկակի չափանիշների կիրառման՝ «Մանասը», որպես միակ այլընտրանք փակելով` Միացյալ Նահանգներին Ուլյանովսկի ավիաբազան առաջարկելու մտադրության համար:
Մայիսի վերջին Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ՙաֆղանական տրանզիտի՚ վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք բերվեցին նաև Ղազախստանի հետ:
Ուզբեկստանի հետ հարցերն ավելի բարդ են: Փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները գանգատվում էին, որ Տաշքենդը չափազանց մեծ գումար է պահանջում իր տարածքով բեռնափոխադրումների իրականացման համար: Կոնկրետ թվեր չէին նշվում, սակայն հայտնի է, որ միջինասիական պետություններով «աֆղանական տրանզիտի» իրականացումն արդեն իսկ Միացյալ Նահանգներին տարեկան արժենում է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար: Վաշինգտոնը ստիպված էր Տաշքենդի նկատմամբ դիմել որոշ զիջումների և մասնավորապես վերացնել Ուզբեկստանին զենք մատակարարելու արգելքը:
Այնպես որ, որոնելով պակիստանյանին այլընտրանք հանդիսացող երթուղիներ և խուսափելով ռուսաստանյան ուղուց կախվածության մեջ ընկնելուց, Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց համար առայժմ ստեղծում են նոր խնդիրներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական