Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՔԱ՜Ն ԱՌԱՎԵԼ ՄԵ՛ՆՔ…



Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի` «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու համար կամավոր Արցախ եկած, ազգությամբ սերբ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ Դիմայի հայրը` Անատոլի Մոտրիչը, որը որդու զոհվելուց հետո ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին, պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով:
«Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ընթերցողին պատմում է ֆիլմի ստեղծման պատմությունը, փորձում հասկանալ Դիմա Մոտրիչի եւ նրա նմանների` հայ ժողովրդի ազատագրական պայքարին մասնակցելու շարժառիթը:

Անկեղծ ասած` ես մասնագիտությամբ ո՛չ լրագրող եմ, ո՛չ էլ ռեժիսոր։ Ավելի շուտ` ինձ սցենարիստ եմ համարում։ Ունեմ բարձրագույն իրավաբանական կրթություն՝ Երեւանի պետհամալսարանն ավարտել եմ որպես քրեական իրավունքի մասնագետ։ Բայց արվեստի հանդեպ սերը, որ փոքրուց դրսեւորվում էր դեռեւս իմ ծննդավայր Քասախ գյուղի մշակույթի պալատում ժողովրդական պարերի խմբակ հաճախելով, ի վերջո հաղթեց, եւ ես ավարտեցի նաեւ Մոսկվայի թատրոնի ու կինոյի դերասանի թատերական ստուդիան։ Այդտեղից սկսվեց իմ կապը լուրջ արվեստի հետ։
Հայաստան վերադառնալուց հետո սկսեցի աշխատել Հանրային հեռուստատեսությունում որպես սցենարիստ։ Իսկ ռեժիսորական որակներս դրսեւորվեցին արդեն «Շարմ» հեռուստաընկերությունում, այդ թվում` բանակին նվիրված հաղորդումների նախագծեր իրականացնելիս:
Բանակի, Արցախյան պատերազմի թեմայով խաղարկային ֆիլմ նկարահանելու ցանկություն միշտ էլ ունեցել եմ: Իմ մտահղացումն էր պատերազմի ու Ղարաբաղի թեման շոշափել սիրո պատմության միջոցով, անուղղակիորեն: Արդեն ուզում էի գրել սցենարը, երբ հանդիպեցի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին, եւ նա ինձ ասաց. «Մի մտահղացում ունեմ, մոտ 10 տարի է ուզում եմ իրագործել, գուցե դո՞ւ անես»։ Ասացի՝ այո՛։ Նա ինձ տվեց 1993 թվականին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրված մի հոդված` խունացած, քրքրված թղթի մի պատառիկ։ Հոդվածի հեղինակը` Զորի Բալայանը, Ավոյի` Մոնթե Մելքոնյանի խոսքերի հիման վրա պատմում էր Դիմա Մոտրիչի եւ նրա ընկերների մասին, թե ինչպես նրանք հեռավոր Վլադիվոստոկից եկել են Արցախ` հանուն քրիստոնեական հավատի եւ հանուն արդարության կռվելու:
Ստանալով համաձայնությունս` Ռուբեն Գեւորգյանցն ասաց. «Բայց իմացիր, որ պետք է լավ գործ անես, շատ հուզական ֆիլմ պետք է լինի»: Իհարկե, Գեւորգյանցի ստեղծագործական ինտուիցիային չէի կասկածում, բայց խնդրեցի` գոնե մի անգամ կարդամ հոդվածը, նոր ասեմ՝ հուզական կստացվի, թե ոչ։ Ու երբ կարդացի, անմիջապես հասկացա, որ, բացի հուզական լինելուց, նաեւ շատ հետաքրքիր թեմա է. ինչո՞ւ է այս ռուս տղան եկել մեր ազգի համար կռվելու, երբ նրա հարազատներից ոչ մեկը հայ չէ, եւ երբ նյութական շահագրգռությունը բացառվում է:
Ֆիլմի ստեղծման հետ կապված դժվարություններն ակնառու էին հենց սկզբից: Նախ` Դիմայի մասին տեղեկությունների գլխավոր աղբյուրը Ավոն է, նա է նրան տեսել բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ Մարտունիում, Զորի Բալայանին ասել, որ մի շատ լավ ռուս տղա կա, որը զինվորական լավ մասնագետ է, նրա նմանների կարիքը մենք շատ ենք զգում: Իսկ այժմ Ավոն չկա:
Երկրորդ` Դիմայի վերաբերյալ ոչ մի կադր պաշտպանության նախարարության արխիվում չկար: Հետո ես իմացա, որ Դիման ու իր ընկերներն ընդհանրապես չեն սիրել ո՛չ նկարահանվել, ո՛չ էլ լուսանկարվել, մի խոսքով` լուռումունջ միայն իրենց գործն են արել: Նրա ծնողներին գտնելու համար էլ ուզում էի հարցում ուղարկել Վլադիվոստոկ, բայց ինձ թեւաթափ արին, ասացին` անհույս գործ է:
Փաստորեն, սա իմ առաջին փաստավավերագրական ֆիլմն էր` դեբյուտը, որը խաղարկային ֆիլմի համեմատ ավելի բարդ էր նկարահանել, քանի որ տեսանյութ չկար, վկաներ չկային, գլխավոր հերոսի ծնողներին կամ հարազատներին չէի կարողանում գտնել, կար ընդամենը մի փոքր հոդված, իսկ ֆիլմը գոնե կես ժամ պետք է տեւեր: Ինչո՞վ եւ ինչպե՞ս էի լցնելու այդ 30 րոպեն` նույնիսկ չէի էլ պատկերացնում:
Զանգահարեցի Զորի Բալայանին։ Մոսկվայում էր, ասաց՝ շատ ուրախ եմ, որ այդ թեման եք ընտրել, բայց ես իմ գրածից բացի, ուրիշ ոչ մի տեղեկություն չունեմ, դա 1993-ին եմ գրել, միգուցե Դիմայի մի լուսանկար պահած լինեմ, գամ Հայաստան, կգտնեմ, կտամ։ Խոսքն այն լուսանկարի մասին է, որը Զորի Բալայանին է տվել Դիմայի մայրը, երբ եկած է եղել որդու դիակը արտաշիրմումից հետո Վլադիվոստոկ տանելու, եւ հենց դրանից հետո էլ Զ. Բալայանը գրել է Դիմայի մասին ակնարկը, որը, բացի «Գոլոս Արմենիի»-ում տպագրվելուց, ներառվել է նաեւ գրողի «Դժոխք եւ դրախտ» գրքում` լուսանկարն էլ հետը:
Զորի Բալայանը գտավ այդ նկարն ու տվեց ինձ։ Դա Դիմայի միակ նկարն էր։ Ուստի ֆիլմը մտածում էի վերնագրել՝ «Մեկ լուսանկար եւ երեք ճակատագիր»: Երեք ճակատագիր, որովհետեւ Դիման մենակ չէր, այլ իր երկու ընկերների` Իլյա Կուլիկի եւ Միրոյի` Մյասնիկ Գասպարյանի հետ: Երեքն էլ զոհվել են նույն մարտական գործողության ժամանակ:
Մանկատանը մեծացած Իլյա Կուլիկի հետ Դիման սովորել է ռազմական նույն ուսումնարանում, եղել են մանկության մտերիմ ընկերներ: Միրոն Արթիկից էր: Կուլիկի միակ լուսանկարն իմ օպերատորը նկարահանել է Ղարաբաղում կազմավորված հակատանկային գումարտակի` զոհվածներին նվիրված հուշանկյունից, իսկ Միրոյի մասին, բնականաբար, ավելի շատ բան իմացա` գտնելով նրա ծնողներին, եղբորը: Բայց իմ ֆիլմում Միրոյի մասին ավելի մանրամասն պատմել հնարավոր չէր, քանի որ դա արդեն առանձին ֆիլմի նյութ էր:
Հասկանալով սա` որոշեցի ֆիլմը վերնագրել «Կամավորը»` առանցքը դարձնելով Դիմա Մոտրիչին, որին նրա երկու ընկերները միացել են հետագայում, եւ նրանք, Ալեքսանդր Կուրեպինի շուրջ համախմբված, միասին իրականացրել են բազմաթիվ ռազմագործողություններ, կռվել ամենաթեժ կետերում, ռազմական գործ սովորեցրել, օգնել հայ կամավորներին:
Ֆիլմը նկարահանվել է լրագրողական հետաքննության սկզբունքով. երբ ինչ-որ մեկը Դիմայի վերաբերյալ փաստ էր հիշատակում կամ ասում, որ այսինչ մարդն էլ է նրան ճանաչել, անմիջապես գնում էինք այդ փաստի կամ մարդու հետքերով: Շնորհակալ եմ ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին. նա մեզ` նկարահանող խմբին վարորդ եւ փոխադրամիջոց էր տրամադրել, եւ մեզ համար հեշտ էր գտնել մեր ուզած մարդուն, լինել բոլոր այն դիրքերում, որտեղ եղել էր Դիման:
Դե, իսկ ինչ վերաբերում է Դիմայի` Արցախյան ազատամարտին մասնակցելու շարժառիթներին, ապա այստեղ կարելի է միայն ենթադրություններ անել: Անկասկած, նրա ստացած դաստիարակությունը վճռորոշ է եղել Արցախ մեկնելու որոշումը կայացնելիս. այդ է վկայում թեկուզ նրա հոր արարքը: Իմանալով, որ որդին զոհվել է Արցախում, սուզանավի նախկին հրամանատար Անատոլի Մոտրիչը, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի վկայությամբ, ասել է` «Կեցցե՛ իմ որդին, որ զոհվել է այսպիսի երկրի համար»: Ասել է հանգիստ, ասես այդպես էլ պետք է լիներ, ասես Դիման իր հայրենիքի համար է զոհվել, եւ ինքն էլ զենք է վերցրել` շարունակելու որդու գործը, վրեժ լուծելու նրա համար: Հիրավի, այդպիսի հայր ունեցողը պետք է հերոս լիներ:
Փաստ է նաեւ, որ Դիման կուրորեն չի նետվել պատերազմի բոցերի մեջ, նա շատ լավ իմացել է, թե ուր է գնում եւ ինչ կռվի է մասնակցում: Նա քաջ գիտեր հայ ժողովրդի պատմությունը: Տղաները պատմում են. «Մեզնից լավ գիտեր՝ է՛լ Գյուլիստանի պայմանագիր, է՛լ մելիքություններ, է՛լ Վանի, Ղարաբաղի պատմություն, Տիգրան Մեծ: Մենք ուղղակի ապշած էինք»: Տեղյակ էր հայկական երաժշտությանը, Կոմիտաս էր լսել: Զորի Բալայանի վկայությամբ` թվարկում էր հայկական բոլոր եկեղեցիների անունները, ուղղակի զարմացնում էր:
Կարճ ասած` Դիման ամեն ինչով ասես զտարյուն հայ լիներ: Մարտական ընկերները ենթադրում են, որ գուցե սիրած աղջիկ էլ ուներ, հայուհի: Վարդան Ավետիսյանը պատմում է, որ մի անգամ հարցրել է` «Դիմա, ընկերուհի՞ ունես, ինչո՞ւ ես գնում-գալիս Երեւան», նա էլ ծիծաղել է, թե՝ հա՛, ունեմ: Հետո էլ թե` «Չէ՛, չունեմ, բայց որ պատերազմը վերջանա, հաստատ հայ աղջիկ եմ ուզելու»…
Դիմայի պարագայում էական է եղել նաեւ հավատի գործոնը. նա եկել էր քրիստոնեական հավատքը պաշտպանելու, քրիստոնյա ժողովրդին աջակցելու, միգուցե` հանուն հավատի նահատակվելու: Բայց ես կարծում եմ, որ դա Արցախյան պատերազմի նրա անհատական ընկալումն էր, որը բնութագրական չէ համանման մյուս դեպքերի համար: Իսկ այդպիսիք եղել են: Մահապարտների գումարտակում կազակ ատամանի որդի է կռվել, զոհվել, եւ նրա հայրն էլ ասել է համարյա նույն բառերը, ինչ Դիմայի հայրը: Եղել է ազգությամբ թուրքմեն մի տղա, որը կռվել է հայերի կողմից, նրա մասին ֆիլմ նկարահանելու առաջարկություն օրերս եմ ստացել: Իսկ «Միայնակ գայլ» ջոկատից Ալեքսանդր Վարդանովը ինձ պատմել է, որ իր ջոկատում կռվել են երկու չեչեն եղբայրներ: Վարդանովն ասել է՝ դուք մահմեդական եք ու մեր կողմից եք կռվում, եթե գերի ընկնեք, գիտե՞ք՝ թուրքերը ձեզ ինչ կանեն: «Մենք գերի չենք ընկնի,- պատասխանել են չեչենները,- իսկ եթե ընկնենք էլ՝ կասենք` լավ ենք արել, մենք հանուն արդարության ենք կռվում եւ ոչ թե հանուն խաչի»:
Կարծում եմ, որ հենց սա է եղել գերիշխողը հայերի կողմից կռվող օտարազգիների շարժառիթներում: Քանզի նրանք, գալով հակամարտության գոտի, տեսնում էին` ինչ է կատարվում, ով է կռվում հանուն հայրենիքի, պաշտպանում իր ընտանիքը, իր տունը, իր հողը, եւ ով` սպանում կանանց, ծերերին ու երեխաներին, նենգափոխում պատմությունը, փորձում ցեղասպանություն կատարել: Նրանք տեսնում էին, որ եթե ադրբեջանցիները հաջողության հասնեն, ապա վաղը շրջվելու են իրենց կողմը, եւ քաջ գիտակցում էին, որ Հայաստանի կողմից կռվելով` նաեւ իրենց են պաշտպանում:
Իսկ մենք, Դիմայի նման մարդկանց հիշելով ու մեծարելով, միայն մեր երախտագիտությունը չէ, որ պիտի հայտնենք, աճող սերնդին միայն սխրագործության օրինակ չէ, որ պիտի ցույց տանք, այլեւ նախանձախնդրությամբ համակվենք մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործի հանդեպ, որովհետեւ եթե սերբը, ռուսը, կազակը, չեչենը, թուրքմենը կռվել են մեր հողի համար, ապա որքա՜ն առավել մե՛նք պիտի կռվենք…

Պատրաստեց գնդապետ
ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/02/2011