ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՏԱՀԱՆՈՂՆ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի նիստում հայտարարել է, որ վերջին 6 տարում Ռուսաստանը կրկնապատկել է ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի ծավալները՝ 2005 թվականի 6 միլիարդ դոլարից 2011 թվականին հասցնելով 13 միլիարդի:
Զենքի արտահանման ծավալներով Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ընդհանուր վաճառքի 24 տոկոսը, այսօր զիջում է միայն Միացյալ Նահանգներին, որին էլ պատկանում է զենքի համաշխարհային առևտրի 30 տոկոսը, և, ըստ նախագահի, այժմ անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի զենքի գլոբալ շուկայում ռուսաստանյան ներկայության ընդլայնումը: Պուտինը հստակեցրել է, որ խոսքը վերաբերվում է թե՜ մատակարարումների աշխարհագրության և թե՜ վաճառվող արտադրանքի ու մատուցվող սերվիսային ծառայությունների անվանացանկի ընդլայնմանը:
Նա նաև կարևորել է ռազմատեխնիկական համագործակցության մեխանիզմների հնարավորությունների արդյունավետ կիրառումը արտասահմանյան տեխնոլոգիաների և մարտական տեխնիկայի նմուշների ձեռք բերման գործում, ինչպես նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել ռազմական տեխնիկայի սպասարկման շուկայի ակտիվ զարգացման վրա և հիշեցրել, որ միայն անցած տարի սպառազինության պահեստամասերի վաճառքից ՌԴ պաշտպանական արդյունաբերության համալիրը ստացել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ:
Վլադիմիր Պուտինը նաև հայտնել է, որ պաշտպանական համալիրի ձեռնարկությունների արդիականացման համար առաջիկա տարիներին պետությունը կհատկացնի 3 տրիլիոն ՌԴ ռուբլի գումար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական