Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ



Ինքնիրականացման հասկացությունը ներառում է մարդու ստեղծագործական և հոգևոր ներուժի բազմակողմանի զարգացումը, նրա բոլոր հնարավորությունների առավելագույն իրականացումը, շրջապատի համարժեք ընկալումը, աշխարհի և նրանում իր տեղի գիտակցումը, հուզական և հոգևոր աշխարհի հարստությունը, հոգեկան առողջությունն ու բարոյականությունը: Հայտնի հոգեբան Ա.Մասլուն ինքնիրականացումը բնորոշում է որպես «մարդու ձգտում` դառնալու այն, ինչ նա կարող է դառնալ»: Ինքնիրականացման ուսումնասիրման միանշանակ մեթոդիկա առաջարկել հնարավոր չէ, այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսիք, որոնք բացահայտում են վերջինիս այս կամ այն կողմը: Տվյալ թեստը` որպես ինքնիրականացման մակարդակի որոշման մեթոդիկա, մշակել է 1963թ. Էվերետ Շոստրոմը, Կալիֆոռնիայի հոգեթերապիայի ինստիտուտում: Ստորև ներկայացված է թեստի` Ջոունսի և Կրեդալի վերամշակած հակիրճ տարբերակը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Ձեզ են ներկայացված մի քանի պնդում, որոնցից յուրաքանչյուրին պետք է պատասխանել` «համաձայն չեմ», «մասամբ համաձայն չեմ», «մասամբ համաձայն եմ» կամ «համաձայն եմ»:

1. Ես չեմ ամաչում իմ զգացմունքներից և ոչ մեկի համար:

2. Ես զգում եմ, որ պետք է անեմ այն, ինչ ուրիշներն են ինձնից սպասում:

3. Ես հավատում եմ, որ իրականում մարդիկ լավն են, և նրանց պետք է վստահել:

4. Ես կարող եմ զայրանալ նրանց վրա, ում սիրում եմ:

5. Միշտ կարևոր է, որ այլ մարդիկ հավանություն տան անելիքիս:

6. Ես չեմ ընդունում թուլություններս:

7. Ինձ կարող են դուր գալ նաև այն մարդիկ, որոնց արարքներին ես հավանություն չեմ տալիս:

8. Ես վախենում եմ անհաջողություններից:

9. Ես փորձում եմ չվերլուծել և չպարզեցնել բարդ իրավիճակները:

10. Ավելի լավ է լինել այն, ինչ կաս, քան լինել հայտնի:

11. Իմ կյանքում չկա այն, ինչին ես կարող եմ ամբողջովին տրվել:

12. Ես կարող եմ արտահայտել զգացածս, անգամ եթե դա կհանգեցնի ոչ ցանկալի հետևանքների:

13. Ես պարտավոր չեմ օգնել այլոց:

14. Ես հոգնել եմ վախերից:

15. Ինձ սիրում են, որովհետև ես եմ սիրում:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Հաշվեք միավորների գումարը` ըստ հետևյալ սանդղակի.

«համաձայն չեմ» 4 միավոր

«մասամբ համաձայն չեմ» 3 միավոր

«մասամբ համաձայն եմ» 2 միավոր

«համաձայն եմ» 1 միավոր

15-25 միավոր- Ինքնիրականացման ցածր մակարդակ: Ներկայի Ձեր ընկալումը խիստ աղավաղված է, կամ Դուք կենտրոնացած եք անցյալի վրա, այնտեղ փնտրում եք մեղքի զգացում, զղջում, վիրավորանք և ափսոսանք, կամ ապագայի` ապրելով իդեալականացված նպատակներով, ծրագրերով, սպասումներով և կանխատեսումներով: Ձեզ համար կարևոր է այլոց կարծիքը, Ձեզ ուղղորդող հիմնական զգացումներն են վախը, տագնապը: Կարիք ունեք մշտապես ընդունվելու և խմբում հաստատվելու, խմբային պատկանելության զգացման: Ի դեպ, Դուք այնքան էլ հստակ չեք հասկանում Ձեր զգացական ոլորտը, ինչպես նաև Ձեր հակազդումներն այլ մարդկանց, երբեմն էլ նույնիսկ խուսափում եք ինքնարտահայտվելուց: Ցանկացած չնչին փաստ կարող է լրջորեն հարվածել Ձեր ինքնագնահատականին: Ձեզ համար դժվար է հաստատել ջերմ և մտերմիկ միջանձնային փոխհարաբերություններ, քիչ եք վստահում: Համաձայնեք, որ նման կերպ Դուք բավականին բարդացնում եք Ձեր կյանքը:

26-45 միավոր- Ինքնիրականացման միջին մակարդակ: Կարդացեք ինքնիրականացման բարձր և ցածր մակարդակների բնութագրերը և ըստ դրանց կընկալեք Ձերը: Դուք գտնվում եք այդ երկու բևեռների մեջտեղում. այս ճանապարհին ոչինչ դեռևս միանշանակ չէ Ձեզ համար:

46-60 միավոր- Ինքնիրականացման բարձր մակարդակ: Դուք ապրում եք «այստեղ և հիմա»` հեշտությամբ կապելով անցյալն ու ապագան Ձեր ներկային: Ավելորդ լարվածություն չեք փնտրում, շատ չեք անդրադառնում անցյալի սխալներին, իսկ ապագայում էլ Ձեզ համար դնում եք ոչ շատ իդեալականացված նպատակներ: Կյանքում Ձեր ուղին ընտրում եք ուրիշներից անկախ, սակայն հաշվի եք առնում ծնողների և այլ հեղինակավոր անձանց կարծիքը: Ձեզ համար կարևոր է նախևառաջ ներքին շարժառիթը, քան արտաքինը: Դուք շատ լավ հասկանում եք Ձեր հակազդումները այս կամ այն հարցին, չունեք արտահայտվելու խնդիր: Ձեր ինքնագնահատականը կայուն է, գիտեք սեփական նշանակությունը, հեշտությամբ եք մտնում շփման մեջ, ճկուն եք: Կարող ենք վստահորեն ասել, որ շրջապատում Դուք միշտ սպասված եք:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012