Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐ



Բասկետբոլի մրցաշարում հաղթող ճանաչվեց ՊՆ հավաքականը։

Պաշտպանության նախարարի հրամանով ամեն տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում նշվելու է որպես ռազմական սպորտի օր։ Հունիսի 24-ին՝ կիրակի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ առաջին անգամ նշվեց ռազմական սպորտի օրը, ինչի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց.

-Այսօրվա բուն նպատակը զինված ուժերում ֆիզպատրաստության մակարդակը բարձրացնելն է։ Միջոցառումը լոկ մեկ օրով չպետք է սահմանափակվի, այն պետք է ուղղորդվի ամենօրյա մարզումներով։ Ինքս ինձ համար մարզումների համալիր ծրագիր եմ մշակել և մշտապես մարզվում եմ, խորհուրդ կտայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մարզվելը, սպորտով զբաղվելը դարձներ իր առօրյայի բաղադրիչներից մեկը։ Մշտապես մարզվելով՝ դուք կկոփեք ձեր մարմինը, ձեր առողջությունը, իսկ ֆիզիկապես առողջ մարդը նախևառաջ հայրենիքի լավ պաշտպան է, որի համար դյուրին է դառնում ոչ միայն ֆիզիկական ծանր, այլև մտավոր աշխատանքը։

Նախարարը միջոցառման մասնակիցներին նաև հորդորեց զերծ մնալ գիշերներն ուտելու գայթակղությունից և հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Պաշտպանության նախարարի ելույթից հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին մարզական համալիր, որտեղ էլ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազդարարեց մրցումների մեկնարկը։

Բարձր խոտածածկն ու կիզիչ արևն էլ խոչընդոտ չհանդիսացան ֆուտբոլային «ճակատամարտի» համար։ Հաղթեց գլխավոր շտաբի հավաքականը։

Վոլեյբոլի մրցաշարում ուժեղագույնը ՊՆ ընտրանին էր։

«Ազատ ոճ» լողաձևից կանանց մրցապայքարում իրեն հավասարը չունեցավ ԿԶՎ տեխնիկ-օպերատոր Անժելա Մանուկյանը։

Մեծ ոգևորությամբ միջոցառման մասնակիցները հետևեցին «Պարանի ձգում» վարժությանը, որտեղ դժվարին և գրեթե հավասար պայքարում հաղթող ճանաչվեց գլխավոր շտաբի թիմը։

«Հայ զինվոր» թերթի աշխատակից մայոր Սամվել Հարությունյանը սեղանի թենիսի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը։

Սեղանի թենիսի մրցաշարում առաջին տեղը գրավեց ԱՀՏԱ վարչության ավագ սպա, բաժանմունքի պետ փոխգնդապետ Արտյոմ Միքայելյանը։

Իսկ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ, ՔՀԾ երկրորդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը 500 մ «ազատ ոճ» լողաձևից գրավեց 3-րդ տեղը։

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/07/2012