Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԿ Է…



Հրադադարը նոր էր հաստատվել, սակայն սահմանամերձ հատվածներում դեռ լինում էին կրակոցներ։ Հայկը ծառայում էր սահմանային զորամասերից մեկում և կարճատև ծառայության ընթացքում իր համարձակությամբ, իր բանիմացությամբ շահել էր հրամանատարության հարգանքը և ստացել սերժանտի կոչում։ Ծառայության ավարտին հաշված օրեր էին մնացել, երբ ծնողները լսեցին գույժը՝ Հայկը զոհվել է թշնամու դավադիր գնդակից։

Անցել են տարիներ, և Հայկի կրտսեր եղբայրը՝ Արամը, հաճախ է վերհիշում իրենց վերջին հանդիպման մանրամասները. «Երբ հայրիկի հետ գնացել էինք տեսակցության, ինձ մի կողմ կանչեց ու ասաց. «Հիշում ես, ես քեզ ծանոթացրել եմ ընկերուհուս՝ Նվարդի հետ։ Ամեն անգամ հանդիպելիս մի՛ ամաչիր, մոտեցիր, խոսիր՝ իմ կողմից բարևիր։ Ճիշտ է, ես նամակներ գրում եմ, բայց մինչև պատասխանը երկար ժամանակ է ձգվում։ Կամ էլ՝ ինձ է այդպես թվում։ Մայրիկին, քույրիկին հույս տուր, ոգևորիր, չթողնես լաց լինեն, տիրություն արա։ Այնպես որ, եղբայրս՝ մինչ վերադարձս՝ դու կարող ես օգտվել ավագի բոլոր արտոնություններից»։

Վերջին անգամ այսպես կատակով բաժանվեցին եղբայրները, ու տուն ճանապարհեց Հայկը Արամին։

…Եղբորս զոհվելուց հետո Նվարդին տեսա մե՛կ հուղարկավորության, մե՛կ էլ մի քանի տարի անց՝ պատահական փողոցով անցնելիս։ Եղբորիցս մնացած մասունքներից էին նաև ծոցում պահպանված Նվարդի նամակները, որոնց հետ նաև իր մի նամակը՝ ծրարված-սոսնձված, որը դեռ չէր հասցրել ուղարկել ու վրան գրված՝ «Ոչ մեկը չբացի, բացի Նվարդից»։ Ես այդ նամակների մասին պատմեցի Նվարդին ու ասացի, որ փակ նամակն այդպես էլ փակ է, եթե ուզում է՝ կարող եմ իրեն հանձնել։ Նվարդը հուզված, արցունքները հազիվ զսպելով՝ շշնջաց.

-Եթե կարելի է, Արամ ջան, խնդրում եմ, շատ եմ խնդրում…

Ես այդ նամակը հանձնեցի Նվարդին…

Անցել էր մոտ 14-15 տարի, ու նորից մայրաքաղաքի փողոցներից մեկում հանդիպում եմ Նվարդին։ Տխուր կարոտով բարևեցինք։ Հարցրեց մերոնցից՝ ծնողներիցս, քրոջիցս, ապա պատմեց իր մասին.

-Ես էլ ամուսնացել եմ, այս փոքրիկն էլ տղաս է՝ ծանոթացեք…

4-5 տարեկան փոքրիկը, մոր ձեռքից բռնած, ժպտում էր։ Ես ծնկեցի, ձեռքս մեկնեցի փոքրիկին.

-Ծանոթանանք, անունս Արամ է։

Փոքրիկը շրխկոցով ձեռքը զարկեց ձեռքիս ափին.

-Իմ անունն էլ Հայկ է։

Ես անակնկալի եկած վեր նայեցի՝ Նվարդին, պատահականությո՞ւն է, թե՞… Նվարդը հայացքը շրջել էր։ Աննկատ աչքերն էր սրբում։ Հետո մնացած ճանապարհի լռությունը փոքրիկ Հայկն էր խախտում իր ծլվլոցով, իր խոսք ու զրույցով։

Անբացատրելի մի զգացում էր ինձ տիրել՝ ուզում էի շուտ տուն հասնել, ուզում էի մենակ մնալ…. Ուզում էի ծնողներիս, քրոջս պատմել Հայկ անունով այս փոքրիկ հրաշամանուկի մասին… Սակայն Նվարդի հետ հրաժեշտից հետո քայլերս ինձ տարան Եռաբլուր…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Հոգևոր-մշակութային


04/07/2012