Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ



«Զաքարը տաղանդավոր հրամանատար է, հասուն քաղաքական գործիչ։ Նրա կյանքն առաջին հերթին պատկանում է ազգին, նոր միայն ծնողներին»։
ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 տարի առաջ այս օրերին կենաց ու մահու կռիվ էր հայրենի սահմաններում։ Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին հասած մի բուռ հողը, ու թշնամու դեմ կանգնեց ազգի սերուցքը։ Նրանցից մեկն էլ Զաքար Ավանեսյանն էր՝ մեկը քաջաց աստղաբույլից։

Զաքարենց բնակարանում եմ, որն այն տարիներին վերածվել էր զինապահեստի, ինչ տեսակ զենք ասես չէր մտել այս բնակարան։ Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է հերոս որդուց, սեղանին թղթեր են, թերթեր, գրքեր, մեդալներ։ Հպարտություն ու հուզմունք խառնվել են, հոգին ալեկոծվել է. «Ուզում եմ հայրենասիրությունն արմատանա, հավատը ամրանա, պահենք ու պահպանենք, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, այն, ինչ ձեռք ենք բերել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ու չմոռանանք նաև հիշել հայրենիքի համար բոլոր զոհվածներին»…

Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970թ. մայիսի 13-ին, Հադրութի շրջանի Հադրութ ավանում, իրավաբանի ընտանիքում։ Հետաքրքրասեր, աշխույժ ու չափազանց ընդունակ էր։ Ու ծնողներն էլ ամեն ինչ անում էին, որ իրենց առաջնեկն է՛լ ավելի զարգացնի ընդունակությունները. 5 տարեկանում արդեն հայերեն և ռուսերեն վարժ գրում ու կարդում էր։ 1977թ. հաճախեց Երևանի Նար-Դոսի անվան N 14 դպրոց, այստեղ է՛լ ավելի ընդգծվեց նրա բացառիկ անհատականությունը։ Զաքարին բոլորն էին սիրում, անսահման բարի էր, կամեցող, ընկերասեր, պարզ ու շիտակ, անմնացորդ նվիրվող, օժտված կազմակերպչական մեծ ունակություններով։ Որոշել էր իրավաբան դառնալ։ Հավատում էր, որ միայն իսկական իրավաբանը կարող է աշխարհը մաքուր պահել մարդկային արատներից։ «Առաջավոր երկրներում օրենքն է կարգավորում մարդկային հարաբերությունները։ Մարդն այստեղ ենթարկվում է օրենքին։ Իսկ մեզ մոտ մարդը, առաջին հերթին` պաշտոնյան, կանգնած է օրենքից վեր։ Նա է տնօրինում մարդկանց, հասարակության ճակատագիրը։ Այստեղից էլ կամայականությունն ու այլանդակությունը, օրենքներով չառաջնորդվող հասարակության նեխումը, շարքային մարդկանց հավատի կորուստը իշխանությունների և օրենքների նկատմամբ… Իմ երազանքն է դառնալ իրավաբան, օգնել հասարակությանը, ընդունել կյանքը կարգավորող օրենքներ և նպաստել դրանց անթերի կատարմանը». գրել է 17-ամյա Զաքարը ավարտական դասարանում «Իմ երազանքը» թեմայով շարադրությունում։ Նա իր ներաշխարհով, իր գիտելիքներով, իր խառնվածքով ու ընկալումներով ավելի հասուն էր ու խորագիտակ, քան հասակակիցները։

Ընդունվեց Ստավրոպոլի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Թվում էր՝ վերջ, ամեն ինչ սահուն հունով կընթանա, բոլոր փայփայած նպատակները կիրագործվեն, բայց հարազատ հող-հայրենիում խառը ժամանակներ էին, ազգային պայքարը զարթոնք էր ապրում։ Կարող էր հեռվում հանգիստ ու բարեկեցիկ իր կյանքով ապրել, շատերն այդպես կվարվեին, բայց ոչ Զաքարը. աչքից հեռու էր հայրենիքը, բայց ոչ սրտից։ Նա չէր կարող հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել։ Վերադարձավ, մտավ արցախյան թոհուբոհի մեջ։ Միաժամանակ ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Ուզում էր իր ժողովրդի պատմական անցյալն ավելի կատարյալ իմանալ (ու հենց ինքը՝ պատմության ֆակուլտետի ուսանողն իր նման նվիրյալների հետ լրացրեց մեր պատմության հերոսական էջերը։ Ցավոք, կյանքի գնով)։ Ինստիտուտում հայրենասիրական կրակոտ ելույթներով էր հանդես գալիս։ Սակայն այդ ժամանակ օմօնականները հետևում էին շարժման ակտիվ մասնակիցներին, մեկուսացնում։ Զաքարին սպառնում էր բռնի արտաքսում։ Արցախի Հանրապետության ապագա նախագահ Արթուր Մկրտչյանի միջնորդությամբ տեղափոխվում է Երևան՝ ուսումը շարունակելու։ Զաքարը դառնում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող և դասերի գնալու փոխարեն կրկին մեկնում Արցախ։

«Մեծարգո պրն Առաքելյան

Ձեր տնօրինության ներքո գտնվող կրթօջախի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ավանեսյանը գտնվում է ԼՂՀ-ն պաշտպանող կամավորական ջոկատներից մեկում։ Արցախը կարիք ունի երիտասարդների, ուստի խնդրում եմ նրան թույլ տալ, որ միառժամանակ չմասնակցի պարապմունքներին»։

ԼՂՀ գլխավոր քարտուղար Վ. Հակոբյանի դիմումը ԵՊՀ ռեկտոր Ն. Առաքելյանին

Զաքարը միշտ ամենաթեժ կետերում էր՝ Շուշի, Կիչան, Բերդաձոր, Ասկերան, Քարվաճառ… «Հայ երիտասարդության ճակատ» (Հայ ազգայնականների ճակատ) կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով մարտական ջոկատներ էին ստեղծվում։ Շրջում էր տնից տուն, շրջանից շրջան։ Բարեկամ-հարազատի, ծանոթ-անծանոթի կոչ էր անում զինվորագրվել, հայրենիքի համար կռվի ելնել։ Խոսքն անկեղծ էր, անմիջական։ Նա առաջնորդ էր, հրամանատար, զինվոր։ Ամենածանր և անհուսալի վիճակներում էլ արագ կողմնորոշվում էր, ճիշտ գնահատում իրադրությունն ու ընդունում կշռադատված, համարձակ որոշումներ։ Նրան վստահում էին ու գնում նրա հետևից։ Նրա ջոկատում կային ահել ու ջահել, նույնիսկ 16-ը դեռ նոր լրացած տղաներ։ Եվ պատահական չէ, որ նրա զինվորները, բոլորն էլ անխտիր, իրենց քաջ հրամանատարի պես անձնազոհաբար կռվեցին Արցախի ազատագրման համար, և նրանցից շատերն էլ իրենց հերոս հրամանատարի պես անմահացան։

Զաքար Ավանեսյանը հայրենիքի փրկության և ազատության համար արեց կարելին և անկարելին։ Նրա ինքնանվիրումը չափ ու սահման չուներ։ Նա միայն կռվի դաշտում չէր։ Նրան մեկ կտեսնեիր զինվորների հետ Թարթառի կամրջի մոտի ջրամբարը հսկելիս, որ հանկարծ թշնամին չպայթեցնի, մեկ էլ կտեսնեիր զենք-զինամթերքով ապահովում է Կրկժանի կռվողներին, մեկ հետախուզության գնալիս, մեկ քարտեզ գծելիս՝ հարձակման հարմար ուղիները մտքի մեջ հազար անգամ վերլուծելով (այդ քարտեզները պատճենահանում էր, բաժանում զինվորներին, ասում էր՝ «ամեն զինվորի ձեռքին քարտեզ պետք է լինի, որ ճիշտ ու շուտ կողմնորոշվի»)։ Այս ամենին զուգընթաց, հասցնում էր մասնակցել խորհրդարանի նիստերին, օգնել զոհվածների հարազատներին։ Երևանից Արցախ հատուկ բեռներ տեղափոխելու համար նա անցաթուղթ էր ստացել իշխանություններից։ Բեռը հասցնում էր Արցախ, ապա ուղղաթիռով վիրավորներին բերում Երևանի Նորք-Մարաշի օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն, հետո քաղաքում զբաղվում ջոկատի մատակարարման հարցերով ու առանց տուն մտնելու շտապում Արցախ։

-Որդիս կատարած գործերի մասին ոչինչ չէր պատմում,- հիշում է Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն,- մի օր քրոջս հարցին, թե ինչու ոչինչ չի պատմում, տղաս պատասխանել էր. «Ամբողջ օրը կռվի դաշտում ենք, մորաքույր ջան, ի՞նչ պատմեմ։ Կռիվը կհաղթենք, կպատմեմ»։ Զաքարս երկու անգամ վիրավորվել էր, բայց շարունակել էր հերոսաբար կռվել, արգելել էր, որ ինձ ասեին։ Մահից հետո եմ տեսել խորը վերքերը։ Գոնե իմանայի, հետ կպահեի, կբուժեի, գուցե չզոհվեր,- դառնացած ասում է մայրը ու շարունակում։ -Զաքարիս արածների մասին ավելի հաճախ պատմում էին ընկերները՝ Վարդանը, Անդրանիկը, մյուսները… Նրանցից շատերն այսօր ողջ չեն, որ նրանց պատումներով է՛լ ավելի ամբողջացնեի Զաքարիս կերպարը։

Զաքարի ուսանողական ընկեր Անդրանիկի պատմածը. «Մենք ապրում էինք Զաքարի հետ վարձած տանը։ 1989 թվականն էր։ Պառկած եմ անկողնում և ուզում եմ շուռումուռ գալ։ Զգում եմ՝ մեջքս դիպչում է ինչ-որ կոշտ բանի։ Նայում եմ մահճակալիս տակ՝ ահագին ավտոմատներ են դարսված։ Զարմացա՝ ե՞րբ էր հասցրել մի գիշերվա մեջ մենակ այդքան զենք տեղափոխել, որ ո՛չ ես, ո՛չ էլ տանտիրուհին գլխի չէինք ընկել։ Զաքարը զենք է հասցրել Ղարաբաղում գրեթե ամենուր, զենքի բազաներ ստեղծել, առաջին հեռարձակվող զինատեսակն է հասցրել Ղարաբաղ։ Մեծ հայրենասեր էր Զաքարը։ Նրան ժամանակը չէր հերիքում։ Զօրուգիշեր աշխատում էր Շուշիի քարտեզի վրա, թե որտեղից հարմար կլինի մտնելը։ Դիվանագետ էր, Վոլսկու միջնորդությամբ գերիներ էր ազատել Աղդամից։ Զենք-զինամթերքից բացի, հագուստ էր հասցնում զինվորներին և ոչ միայն նրանց։ Արցախի երեխաների համար մարզահագուստ էր բերել։ Նա կռվում էր քաջի պես։ Միշտ ամենավտանգավոր կետերում էր։ Մի օր էլ ինձ ասաց. «Անդո՛, գիտե՞ս, ես եմ առաջինը ջոկատի տղաների հետ մտնելու Քարվաճառ»։ Նրա ասածը արած էր»։

Ազատամարտիկ Սվետայի պատմածը. «Զաքարն իր ջոկատով հյուրընկալվել էր մի խնձրստանցու տանը։ Այնտեղ երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ կային։ Տանտերը Զաքարին ասաց. «Որ աղջկան էլ հավանես, քեզ նման քաջի հետ սիրով կամուսնանա»։ «Չէ՛, ոչ մեկին էլ մեղքի տակ չեմ գցի, թող պատերազմը վերջանա, ընտանիք կկազմեմ, բայց մայրս պետք է հավանի ընտրյալիս։ Պետք է այնպիսի աղջկա ընտրեմ, որ մի ականջը մեծ լինի, մյուսը՝ փոքր։ Մեծով մորս լսի, փոքրով էլ ինձ»,- կատակով խոսքը փակել էր Զաքարը»։

-Միակ բանը, որ որդիս պատմել է պատերազմական օրերից,- վերհիշում է տիկին Կարինեն,- Մարաղայի կոտորածից հետո բարոնուհի Քոքսին ուղեկցելն էր Արցախ և բազմաթիվ գերիների ազատումը։ Եղանակի պատճառով թռիչքը շարունակել հնարավոր չի լինում, և ոտքով երկար ճանապարհ են կտրում, հասնում մինչև Վաղուհաս։ Բարոնուհին անտառում նստում է ձյան մեջ և հիացած ասում` «Beautiful». իսկ Զաքարը նրան շտապեցնում է «Բյութիֆուլի ժամանակ չկա, գնանք լույսով տեղ հասնենք»։ Այդ ժամանակ տիկին Քոքսը լուսանկարել է Զաքարին, շատ կցանկանայի այդ նկարը տեսնել,- ասում է տիկին Կարինեն։ -Զաքարս մահից մեկ ամիս առաջ ինձ տվեց իր ջոկատի զոհված տղաների լուսանկարներով մի թերթ։ Ո՜նց էր սիրտը ցավում. «Մամ ջան, ախր, էս տղերքին իրենց մոր ծոցից եմ հանել, ջահել տղերք էին, կյանքի կարոտ, կյանքը չվայելած,- ասում էր ու լաց լինում, հետո խնդրեց,- մա՛մ ջան, այս թերթն աչքիդ լույսի պես կպահես։ Պատերազմի ավարտից հետո թանգարան եմ ստեղծելու, նրանց անմահացնեմ»։ Իր զոհված թիկնապահ Մխոյի ծխամորճն էլ տվեց ու տխուր ասաց. «Մխոն իմ աջ թևն էր, քանի ողջ էր, սիրտս հանգիստ էր, գիտեի, որ ջոկատիս տղերքը ոչ մի բանի կարիք չեն զգա. ո՛չ զենքի, ո՛չ հագուստի, ո՛չ սննդի»։ Մարտական ընկերների կորուստը նրա վրա ծանր էր ազդել, կոտրվել էր, խեղճացել մի տեսակ, չէր հաշտվում նրանց մահվան հետ։ Ու այդ ժամանակ ես փորձեցի գոնե մի անգամ հետ պահել որդուս, ընդվզեց. «Ի՞նչ ես ասում, մայրի՛կ, չէ՞ որ դու էիր միշտ հպարտանում ինձ Արցախ ճանապարհելիս՝ հայտարարելով, որ ամենահայրենասեր ազատամարտիկի ամենահայրենասեր մայրն ես աշխարհում։ Բա ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ է կռվելու, ո՞վ է պաշտպանելու մեր հողը։ Իմացիր, մայրի՛կ, Ղարաբաղը Հայաստանի դարպասն է, եթե չպաշտպանենք, վաղը թուրքը կմտնի Հայաստանի սիրտը»։

♦♦♦

Ստեփանակերտի մատույցներում կռվող նրանց ջոկատը հրաման ստացավ մեկնել Մարտակերտ։ Ադրբեջանցիները գրավել էին Թալիշ, Այգեստան, Մարաղա գյուղերը և առաջ էին շարժվում։ Պետք էր փակել թշնամու ճանապարհը։ Հունիսի 29-ին Տոնաշենում մղված թեժ մարտերում զոհվեց Զաքար Ավանեսյանը։ Նրա երկրային ուղին ընդամենը 22 տարի տևեց, սակայն իր մահով ևս մեկ անգամ հաստատեց, որ մահ իմացյալը անմահություն է։ Դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, դասարան է անվանակոչվել հերոս-քաջորդու անունով։ Դպրոցի պուրակում ցայտաղբյուր կառուցվել։ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը ևս անվանակոչվել է նրա անունով։ Խիզախ հայորդին հետմահու արժանացել է մեդալների։ Նրան նվիրված երգ կա.

Արցախ, քեզ ինչքան էր սիրում, որ ելավ

Մեռնելու քեզ համար ու ընկավ

Առնական հայորդու քաջությամբ անվախճան

Դարձավ կանթեղ յուր հայրենյաց մեծ պայքարի։

Զաքար, մեր օրերի Նժդեհը դարձար…

Եթե Զաքարը ողջ լիներ, բոլոր ճանաչողներն են վկայում, այսօր հայտնի, շատ հայտնի անձնավորություն կլիներ՝ դարձյալ հայրենիքի և ժողովրդի ճակատագրով ապրող և մտահոգ։ Ինչքա՜ն լուսավոր նպատակներ ու երազներ ուներ իրականացնելու` հանուն հայ ազգի։ Զաքարի ու նրա նման հերոսների կորստյան ցավից մխիթարվելու միայն մի ձև ունենք` մշտապես վառ պահել նրանց հիշատակը եւ իրականություն դարձնել նրանց երազների Հայաստանը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/07/2012