Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Իմ փրկարարական գործունեության ընթացքում՝ սկսած 1949 թվականից, մասնակցել եմ տարբեր երկրամասերում (Կովկաս, Պամիր, Տյանշան, Ալպեր) 40-ից ավելի փրկարարական աշխատանքների, հաճախ փրկել ծանր կացության մեջ հայտնված մարդկանց։ Սակայն կան այնպիսի փրկարարական աշխատանքներ, որոնք ցանկացած փրկարար հիշում է տասնյակ տարիներ, գուցե մինչև կյանքի վերջ։ Եվ ցավում, որ որոշ դեպքերում հնարավոր չի եղել ժամանակին փրկել օգնության սպասող այդ մարդկանց։

35 տարի առաջ մի փրկարարական աշխատանքի եմ մասնակցել Մարտունիի շրջանի Կարասլու լեռան վրա։ 1967թ. հունվարն էր։ Վ. Մելոյանի հետ Ծաղկաձորում էինք` դահուկորդների հավաքական թիմի ուսումնամարզական հավաքում։ Հունվարի 23-ի գիշերվա ժամը 2-ին մեր քունը խանգարեց զինվորական համազգեստով մի գնդապետ և առանց բացատրություններ տալու պահանջեց, որ հագնվենք, վերցնենք դահուկները և հետևենք իրեն։ «Ճանապարհին ամեն ինչ կիմանաք»,- կարճ կապեց նա։ Պարզվեց, որ Կարասլու լեռան վրա, որտեղ տեղակայված էր ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության հատուկ զորամիավորումը, երկու զինծառայողներ են ձնահյուսի տակ մնացել, և պետք էր գտնել նրանց։ Քիչ անց հանդիպեցինք նաև մեր վրացի լեռնագնաց չորս ընկերներին, ովքեր նույնպես եկել էին որոնողական աշխատանքին մասնակցելու։ Մեզ տրամադրեցին զինվորական ինքնագնաց, ինչով առատ ձյան պայմաններում առաջին օրը հասանք Թազագյուղ։ Չնայած ձյան հաստ շերտին, երկրորդ օրը դահուկներով բարձրացանք լեռան գագաթ, որտեղ իրենց ծառայությունն էին անցկացնում 20-25 զինվոր։ Ի դեպ, այստեղ առատ ձյան պատճառով հոկտեմբեր-ապրիլ ամիսներին հաղորդակցություն չկար։

Լեռան գագաթին գտնվող լոկատորի աշխատանքը ստուգելու համար զինվորները անզգուշության, թե չիմացության պատճառով ձյան քիվի վրայով էին անցել, այն փլուզվել էր, հզոր ձնահյուս առաջացրել և իր հետ տարել զինծառայողներին։ Ձեռնամուխ եղանք որոնողական աշխատանքներին։ Ձնահյուսի նման ծավալներ Հայաստանում հազվադեպ են լինում, և մեր ունեցած ձողահարման միջոցներով 4-օրյա անընդմեջ աշխատանքը ոչ մի արդյունք չտվեց։ Տեսնելով ստեղծված պայմաններում որոնողական աշխատանքների անցկացման ապարդյունությունը` գնդապետը 6-րդ օրը որոշում ընդունեց դադարեցնել որոնողական աշխատանքները, քանզի լեռան լանջերին կուտակված մեծ քանակի ձյունը կարող էր նոր վտանգներ առաջացնել։ Աղետից միայն 6 ամիս անց, ձյան հալվելուց հետո, գագաթից 600-700 մ ցածր գտնվեցին զինծառայողների աճյունները։

Շատերը գիտեն, որ լեռնային պայմանները տարվա բոլոր եղանակներին էլ վտանգավոր են։ Եղանակն էլ օրվա ընթացքում փոփոխվելով՝ կարող է տարբեր բնույթի խնդիրներ հարուցել։ Ես՝ որպես լեռնագնացության բնագավառի մասնագետ, լինելով լեռնագնացության ավագ մեթոդիստ և սպորտի վարպետ, մոտ երեք տասնամյակ հաշվառման մեջ եմ եղել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբում և պարբերաբար զբաղվել եմ զինակոչիկների լեռնային պատրաստության հարցերով։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր հանրապետության տարածքն ընկած է հիմնականում միջին լեռնային խիստ կտրտված շրջաններում, ցանկալի է, որ մեր բանակի զինվորը լիարժեքորեն տիրապետի ոչ միայն ռազմական գիտելիքների, այլև մարտական գործողությունների ժամանակ ճիշտ գնահատի տեղանքի առանձնահատկությունները և տեղաշարժվելու ճիշտ երթուղի ընտրի։ Եթե զինվորը չտիրապետի բնական արգելքները հաղթահարելու տեխնիկական հնարքներին, սպասվելիք վտանգները դիմակայելուն ու ճիշտ չգնահատի ստեղծված իրավիճակը, դա կարող է հանգեցնել դժբախտ պատահարների և նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ մարտական գործողությունների ընթացքի վրա։

Դեռևս 1990-ական թվականներին, երբ նոր էր կազմավորվում հայկական բանակը, մենք՝ լեռնագնացներս (Ֆ.Գևորգյան, Զ.Մարտիրոսյան, Ա.Չատինյան), մեր անշահախնդիր օգնությունն առաջարկեցինք` զինվորներին լեռնային պայմաններում գործել սովորեցնելու հարցում, սակայն, ցավոք, նախաձեռնությունը շարունակություն չունեցավ։ Որպես լեռնագնաց-փրկարարի` ինձ մտահոգում է այն, որ մարդիկ և հատկապես զինվորները լեռնային պայմաններում անվտանգ գործելու մասին տարրական պատկերացում անգամ չունեն։ Հիշենք Քարվաճառի ռազմագործողությունը, երբ զինվորները հենակետից վերադառնալիս ձնահյուսի պատճառով վտանգավոր իրավիճակում էին հայտնվել։ Անհրաժեշտ է ծառայության ընթացքում մի քանի օր գոնե հատկացնել լեռնային պայմաններում զինվորների պատրաստությանը։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք օգնելու:

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
ԽՍՀՄ վաստակավար լեռնագնաց-փրկարար
պրոֆեսոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012