Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԱՆՎԱՎՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ



Երբ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը դիտելով ֆիննական «Patria AMV» անվավոր զրահամեքենան, հայտարարեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նրա հնարավորությունները, զանգվածային լրատվամիջոցներն իսկույն հեղեղվեցին մեքենայի մեծաքանակ գնումներ կատարելու Մոսկվայի պատրաստակամության մասին լուրերով: Խոսքը վերաբերում է սպառազինությունում 122 միլիմետրանոց հրանոթ ունեցող «NEMO» մարտական մեքենային, որը կարող է կրակ վարել ինչպես սովորական հրանոթից, այնպես էլ ականանետից և հաճախ դասակարգվում է որպես «Հաուբից-ականանետ»: Իսկ իրականում…

Սա առաջին արտասահմանյան զրահամեքենան չէ, որով լրատվամիջոցներն ու «շահագրգիռ կողմերը» զինում են ռուսաստանյան բանակը: Մի քանի ամիս առաջ նույն դափնիները բաժին հասան իտալական «Centauro»-ին, երբ Մոսկվան ծանոթանալու և փորձարկելու համար գնեց այդ մարտական մեքենայի մի քանի նմուշ: Ըստ եղած տեղեկությունների, Ռուսաստան ժամանած իտալական անձնակազմերը ոչ թե փորձարկում, այլ ցուցադրում են «Centauro»-ն, քանի որ ծրագրում ամենակարևորը` պայթյուններին ու գնդակոծումներին դիմանալու փորձարկումներ դեռևս չկան:

Թե առաջիկայում ինչպիսի անվավոր զրահատեխնիկայով կզինվի ռուսաստանյան բանակը, հետաքրքրում է ոչ միայն ռուսաստանցիներին, այլև արտասահմանյան ընկերություններին, քանի որ խոսքը մեծագումար գործարքների մասին է:

Այլ հարց, որ, ուսումնասիրելով արտասահմանյան սպառազինության տարբեր նմուշներ, Մոսկվան թերևս երկու ֆրանսիական ուղղաթիռակիր «Միստրալ» ռազմանավերի կառուցման մասին համաձայնագրի կնքումից բացի, դեռևս չի կայացրել որևէ զինատեսակի կամ մարտական տեխնիկայի մեծ խմբաքանակի գնման վերաբերյալ և ոչ մի որոշում: Փորձագետները համակարծիք են, որ արտասահամանյան արտադրության նորագույն սպառազինությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն դրա համար զենքի միջազգային ցուցահանդեսների պետք է մեկնեն ոչ թե ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարները, այլ նեղ մասնագետները, որպեսզի հիմնավորված եզրակացություններ տան տվյալ արտադրանքի ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ:

Բացի այդ, Ռուսաստանում ևս անվավոր տեխնիկայի տարբեր նմուշների և խորհրդային և ռուսաստանյան մշակումների պակաս չկա: Ի վերջո, ունիվերսալ ինքնագնաց հաբուբից ականանետներն առաջինը ստեղծվել են Խորհրդային Միությունում և դրա լավագույն օրինակն այսօր աշխարհի բանակներում լայնորեն տարածված «Նոնա» ինքնագնաց ականանետն է: Առավել ևս, որ Ռուսաստանում զրահատեխնիկայի հեռանկարային նմուշների մշակումն այժմ ընթացքի մեջ է: Արդեն իսկ պատրաստ են «Тайфун» և «Скорпион» անվավոր զրահամեքենաները: 2016 թվականին պատրաստ կլինի «Бумеранг»-ը, որի հիմքի վրա կստեղծվի տարբեր նշանակության մարտական մեքենաների մի ողջ ընտանիք, մեկ տարի անց՝ միջին դասի թրթուրավոր «Курганец-25»-ը և ծանր դասի «Армата»-ն:

Ամենադժվարը սակայն, հեռանկարային անվավոր զրահատեխնիկայի ճիշտ և միմյանց չբացառող տեխնիկամարտավարական բնութագրերի սահմանումն է, ինչը, բազմաթիվ փորձագետների պնդմամբ, ավտոզրահատեխնիկայի գլխավոր վարչության մասնագետներին դեռևս չի հաջողվում և անընդհատ ի հայտ են գալիս դժվար համատեղելի պահանջներ, ինչպես օրինակ մեքենայի միաժամանակ լողալ կարողանալու հնարավորությունների մեծացումն ու առավել հուսալի զրահ ունենալը:

Պատրաստեց փոխգնդապետ Տ. Դեվրիկյանը

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/07/2012