Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ԿՊԱՀՎԻ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ



Մոսկովյան մեքենաշինական փորձարարական գործարանը մշակել է տարբեր տիպի զինամթերքի պահպանման և տեղափոխման համար նախատեսված գերամուր չվառվող արկղեր: Դրանք պատրաստվում են պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերից: Արկղերի պատերը դիմանում են մինչև 15 րոպե տևողությամբ կրակի ուժգին ներգործությանը, անկախ արտաքին ջերմաստիճանի բարձրացումից տվյալ ժամանակահատվածում ջերմաստիճանը ներսում կայուն է մնում: Դրանք կարող են ընկնել 2 մետր բարձրությունից բետոնե ծածկույթի վրա` չվնասելով պարունակությունը:

Ներկայումս զինամթերքի տեղափոխումն իրականացվում է փայտե արկղերով: Նոր նյութերը ավելի թանկ կլինեն, սակայն զգալիորեն ավելի անվտանգ և հարմար: Այն զինապահեստներում, որտեղ զինամթերքը կպահպանվի նմանատիպ արկղերում, հրդեհը մարելը ավելի հեշտ կլինի, քանի որ կրակի արագ տարածում և արկերի պայթելու վտանգ չի լինի:

Վերջին շրջանում Ռուսաստանում մեծ ուշադրություն են դարձնում զինամթերքի անվտանգ պահպանման խնդիրներին: Անցած տարիներին մի քանի ռազմական պահեստներում խոշոր հրդեհներ և պայթյուններ տեղի ունեցան: Մասնավորապես, 2011թ. Ուդմուրտիայում հրդեհը ոչնչացրեց 102-րդ հրետանային զինանոցը, մեկ զինծառայող զոհվեց, հարյուրը վիրավորվեցին: Դրանից մեկ ամիս առաջ Բաշկիրիայի տարածքում գտնվող զինապահեստներից մեկում բռնկված հրդեհի պատճառով տուժեց 12 մարդ: 2012թ. մայիսին Մուլինո հրաձգարանում արկերի պայթյունից զոհվեց վեց մարդ, պայթյունը տեղի ունեցավ ոչնչացման ենթակա զինամթերքը բեռնաթափելու ժամանակ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2015թ. վերջը 90 միլիարդ դոլար ծախսել նոր զինապահեստներ կառուցելու և հները արդիականացնելու նպատակով: Բոլոր զինապահեստները կունենան հրդեհաշիջման, անվտանգության, տեսադիտարկման ժամանակակից համակարգեր: 35 պահեստներում ամբողջովին կվերացվեն բացօթյա պահպանման տարածքները:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական


11/07/2012