Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ



Բրիտանական կղզիներում մառախուղը սովորական երևույթ է: Սակայն անսովոր էր այն դեպքը, որը կատարվեց շոտլանդական երկու թիմերի մրցախաղի ժամանակ: Մառախուղն այն աստիճան թանձրացավ, որ ֆուտբոլիստները ստիպված փնտրում էին գնդակը, մրցակցի խաղացողներին ու թիմակիցներին: Ինչ-որ պահի մրցավարին թվաց, որ խաղադաշտում ֆուտբոլիստները շատ են: Նա վազեց դեպի պահեստայինների նստարանները և տեսնելով, որ ֆուտբոլիստները այնտեղ չեն` անմիջապես ընդհատեց խաղը: Ինչպես պարզվեց, խաղադաշտում միաժամանակ գտնվում էր 30 ֆուտբոլիստ:

♦♦♦

Անգլիայի առաջնության «Նոթինգհեմ Ֆորեստ» – «Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ ձնամրրիկն աստիճանաբար ուժեղացավ: Տեսանելիությունը գրեթե իսպառ վերացել էր, և 2-րդ խաղակեսի սկզբնամասում մրցավարը ստիպված էր դադարեցնել հանդիպումը: Անցավ տասը րոպե, և «Լեսթերի» ֆուտբոլիստները զարմանքով նկատեցին, որ դարպասապահը հանդերձարանում չէ: Անմիջապես դուրս եկան նրան որոնելու և հայտնաբերեցին խաղային իր դիրքում` դարպասի առաջ կանգնած: Երբ նրան բացատրեցին, որ հանդիպումը վաղուց արդեն ավարտվել է, դարպասապահն ասաց. «Իսկ ես զարմացած էի` կարծելով, թե մեր թիմի հարձակվողներն այնքան ակտիվ են խաղում, որ մրցակցին մեր դարպասին մոտենալու հնարավորություն չեն տալիս»:

♦♦♦

Բրազիլական «Կակովա» ֆուտբոլային ակումբը, որը վատ ցուցանիշներ չուներ, ներքին գործերի նախարարի հրամանով անսպասելի լուծարվեց: Թիմը կազմված էր հիմնականում ոստիկաններից, և խաղերի ժամանակ ներկա էին գտնվում բազմաթիվ այլ ոստիկաններ: Ճիշտ է, մարզադաշտում հանդիպումների ժամանակ կարգապահությունը կատարյալ էր, սակայն քաղաքում ավելանում էին հանցագործությունները:

♦♦♦

Ամենաարագ գոլերից մեկի հեղինակ է դարձել անգլիական «Բերդֆորդ Սիթիի» հարձակվող Ջիմ Ֆրայտսը: 1964թ. Ֆրայտսը դաշտի կենտրոնական հատվածից ուժեղ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Դարպասապահն այդ պահին դեռ նոր էր հասցրել հագնել ձեռնոցները: Իսկ խաղասկզբից անցել էր ընդամենը 4 վայրկյան:

♦♦♦

Անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Բարնսլի» հանդիպումն ավարտվեց «Շեֆիլդի» հաղթանակով, միակ գոլը 92-րդ րոպեին խփեց ձախ եզրային հարձակվող Չեմբեռլենը: Թիմի ղեկավարությունը նրան պարգևատրեց 9 ֆունտ ստերլինգով: Սակայն ֆուտբոլիստի ուրախությունը երկար չտևեց: Վերադառնալով տուն` նա տեղեկացավ, որ կինը նախապես խոշոր խաղադրույք է կատարել, և եթե հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, ապա նրանց ընտանեկան բյուջեն կավելանար 6000 ֆունտ ստերլինգով:

Էջը` ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Մարզաշխարհ


11/07/2012