ՖԵՅՍԲՈՒՔԸ ԵՎ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ
Facebook-ն այսօր աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է, որից օգտվողների` օգտատերերի քանակը 500 միլիոնից էլ ավելի է: Այն ստեղծել է Մարկ Ցուկերբերգը 2004թ. փետրվարին: Ի սկզբանե ցանցը նախատեսված էր Հարվարդի ուսանողության համար, սակայն դրան անմիջապես միանալու հայտ է ներկայացնում Բոսթոնի դպրոցների կեսը, ուստի Ցուկերբերգը ընկերների հետ չորս ամսվա ընթացքում Facebook-ը լրացնում է ևս 30 համալսարանական ցանցերով: Իսկ արդեն 2010թ. մարտին հայտնի է դառնում, որ Ինտերնետի ամերիկյան օգտվողների մեջ Facebook-ն իր հանրաճանաչությամբ առաջ է անցնում անգամ Google-ից. Ինտերնետից վերցվող տեղեկույթի ծավալը հաշվող Hitwise վերլուծական կազմակերպության տվյալներով, ԱՄՆ-ի բոլոր ինտերնետային կայքեր այցելությունների 7,07%-ը բաժին է ընկնում Facebook-ին (անցած տարի 2% էր), 7,03%-ը` Google -ին:
ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրավորմամբ Ցուկերբերգն սկսեց զբաղվել դեռ դպրոցում: Ամենից շատ նրան հրապուրում էին խաղերի ստեղծումն ու ինտերնետային ցանցում հաղորդակցման միջոցները: Դեռ այն ժամանակ նա գրում է Synapse ծրագիրը, որ հաշվի էր առնում երաժշտությունն ունկնդրողի նախասիրությունները և ավտոմատ կերպով ստեղծում երգացանկեր: Microsoft-ը հետաքրքրվում է այդ ծրագրով և պատրաստակամություն հայտնում գնելու այն, սակայն Ցուկերբերգը հրաժարվում է վաճառել և մեկնում է Հարվարդ` հոգեբանություն ուսումնասիրելու: Իր ապագա ցանցի «Ֆեյսբուք» անվան համար նա պարտական է հենց Phillips Exeter ակադեմիային: Վերջինս, ինչպես և շատ այլ կրթական հաստատություններ, ամեն տարի հրատարակում էր ուսանողների և մասնագիտական անձնակազմի ցուցակը` լուսանկարներով, որը և կոչվում էր Facebook, այսինքն` «դեմքերի գիրք»:
Երբ Ցուկերբերգը փորձեց նույնը անել Հարվարդում, համալսարանի ղեկավարությունը հրաժարվեց օգնել նրան` ուսանողների մասին տեղեկությունը համարելով գաղտնի: Բարկացած Ցուկերբերգը կողոպտում է Հարվարդի տվյալների շտեմարանը և ստեղծում Facemash («Դեմքերի խառնաշփոթ») կայքը, որտեղ զույգ-զույգ ներկայացվում էին ուսանողուհիների լուսանկարներ և առաջարկվում էր գնահատել դրանք ըստ գրավչության: Գաղափարի իրագործմանը մասնակցում է 450 ուսանող, գնահատվում է 22 000 լուսանկար: Այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացնում: Կայքի մասին լուրերը հասնում են Հարվարդի համալսարանի ղեկավարությանը, որն էլ Ցուկերբերգին խստիվ արգելում է ինտերնետին միանալ: Կայքը միանգամից անհասանելի է դառնում այցելուների համար: Սակայն դրա հետ մեկտեղ, դասախոսները չեն անտեսում և Ցուկերբերգի տաղանդը: Շուտով նրա մասին հոդված է լույս տեսնում Harvard Crimson թերթում: Ապա, իհարկե, Ցուկերբերգը ներողություն է խնդրում բոլոր ուսանողներից` նշելով սակայն, որ ճիշտ է գործել. «Ես համոզված եմ, որ ինֆորմացիան պետք է լինի հասանելի»:
Եվ ահա 2004թ. փետրվարի 4-ին հարվարդյան հանրակացարանի սենյակում ծնվում է մի նոր նախագիծ` սոցիալական ցանց Facebook: Նախագծի ստեղծմանը մասնակցում են Ցուկերբերգի ընկերներ Դասթին Մոսկովիցը, Քրիս Հյուզը և Էդուարդո Սավերինը: Կայքի բացումից վեց օր հետո ավագ կուրսերի ուսանողներ Քեմերոն և Թայլեր Վինքլվոսս եղբայրներն ու Դիվյա Նարենդրան մեղադրում են Ցուկերբերգին, որ նա գողացել է իրենց գաղափարը: Նրանք պնդում են, որ 2003թ. վարձել էին Ցուկերբերգին, որ նա ավարտի իրենց www.HarvardConnection.com սոցիալական կայքի ստեղծումը, իսկ Ցուկերբերգը ոչ միայն ավարտին չի հասցրել գործը, այլև Facebook-ի ստեղծման համար օգտվել է այդ աշխատանքի արդյունքներից:
Նույն տարվա ընթացքում Վինքլվոսս եղբայրները թողարկում են իրենց այդ կայքը` անվանափոխելով ConnectU-ի: Շարունակելով մեղադրել Ցուկերբերգին` նրանք բողոքում են Հարվարդի վարչակազմին և Harvard Crimson թերթին: Սկզբում Ցուկերբերգը փորձում է համոզել թղթակիցներին չհրապարակել այդ ամբողջ վեճը, ցույց է տալիս այն, ինչ իբր արել էր www.HarvardConnection.com-ի համար, սակայն թերթը որոշում է հրապարակել հոդվածը, ինչից Մարկը չարանում է: Ցուկերբերգը սկսում է վրեժ լուծել Harvard Crimson-ից և կողոպտում է թերթի երկու թղթակիցների էլեկտրոնային փոստերը` օգտագործելով նոր բացված Facebook-ը: Նրան հաջողվում է կարդալ www. HarvardConnection.com-ից եկած բոլոր հաղորդագրությունները:
Վինքլվոսս եղբայրներն ու Նարենդրան դատի են տալիս նրան, սակայն դատարանը չի ընդունում նրանց հայցը: 2009թ. Ցուկերբերգը համաձայնում է ConnectU կազմակերպությանը վճարել $65 մլն` մինչդատական հաշտեցման գործընթացի շրջանակներում: Դրանից հետո գործը փակվում է: Այդ ժամանակվա տվյալներով, ConnectU-ն ուներ 100 000-ից քիչ հաճախորդ, իսկ Facebook-ը կարող էր պարծենալ 150 մլն-ով:
Քանի որ, ինչպես նշեցինք, Facebook-ն ի սկզբանե փակ սոցիալական ցանց էր Հարվարդի ուսանողության համար, գրանցվել կարող էին միայն այն ուսանողները, որոնց e-mail-ը ավարտվում էր Harvard.edu-ով: Հետզհետե ցանցին միանում են և այլ բուհերը, որոնց ուսանողները հայտ էին ներկայացնում Facebook-ի անդամ դառնալու համար: Նորեկները կարող էին փնտրել և նայել միայն իրենց համալսարանի օգտատերերի էջերը: Սակայն նրանք ստիպված էին սպասել. ցանցի հեղինակները դեռ այնքան եկամուտ չունեին, որ 85-դոլարանոց սերվերներ գնեին` օգտատերերի սպասարկման համար: Ցուկերբերգը որոշում է իր նախագծին նվիրել ամառային արձակուրդը, մեկնում է Պալո-Ալտո: Այնտեղ նա պատահմամբ ծանոթանում է Շոն Պարկերին` ֆայլափոխանակող Napster ցանցի լեգենդար հիմնադրին: Պարկերի գործերն այդ ժամանակ վատ էին` Napster-ը սնանկացել էր: Նա Ցուկերբերգին ծանոթացնում է PayPal-ի նախկին տնօրեն Պիտեր Թիլի հետ, որը և դառնում է Ֆեյսբուքի առաջին պաշտոնական ներդրողը, և 2004թ. սեպտեմբերին Facebook-ը ստանում է $500 000: Երեք տասնյակ ուսանողական քաղաքների հետ աշխատող սոցիալական ցանցը Թիլը գնահատում է $5 մլն: Այսպիսով, Պարկերի փորձն ու ծանոթների լայն շրջանակը հեշտացնում են Facebook-ի ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը:
«Կազմակերպությունը վերջնականապես ձևավորվեց այնպես, որ ինձ և մնացած հիմնադիրներին է պատկանում դրա ղեկավարման իրավունքը», – ասում է Ցուկերբերգը: Մինչ այժմ էլ նա անձամբ է որոշում Facebook-ի համարյա բոլոր նորամուծությունների ճակատագիրը և հեշտությամբ հրաժարվում այն բոլոր նախագծերից, որոնց իրականացումը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ: «Ես չգիտեմ նույնիսկ, թե ինչ ենք ստեղծելու հինգ տարի հետո և ինչով ենք զբաղվելու երեք տարուց»,- ասում է Ցուկերբերգը: Ըստ The Wall Street Journal-ի` նրան է պատկանում Facebook-ի բաժնետոմսերի քառորդից ավելին, նա վերահսկում է կառավարման չորս անդամներից երեքի ձայները:
Facebook-ի պատմության, Մարկ Ցուկերբերգի մասնագիտական աճի և համակարգչային աշխարհում նորությունների մասին է Դեյվիդ Ֆինչերի վերջերս նկարահանած «Սոցիալական Ցանց» գեղարվեստական կինոնկարը:
ՑՈՒԿԵՐԲԵՐԳԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Facebook-ը Մարկ Ցուկերբերգին միլիարդատեր դարձրեց, սակայն մինչ այժմ նա շարունակում է ապրել ոչ շատ թանկ մի բնակարանում, իր գրասենյակ հաճախ հասնում է ոտքով կամ հեծանիվով: 2007թ. Fast Company հրատարակչությունը նույնիսկ վստահեցնում էր, որ Ցուկերբերգի տանը կա միայն քնելու տեղ, սեղան և երկու աթոռ: 25-ամյա Ցուկերբերգը ասում է, որ հանուն իր բիզնեսի պատրաստ է հրաժարվել նույնիսկ որոշ սովորություններից: Օրինակ, 2009թ. սպորտային վերնաշապիկի, ջինսերի և սանդալների փոխարեն (այս տեսքով նա հաճախ գնում էր նույնիսկ կարևոր հանդիպումների) Ցուկերբերգը վերջապես հագնում է աշխատանքային վերնաշապիկ և փողկապ կապում:
Սակայն կան սովորություններ, որոնցից Ցուկերբերգը պատրաստ չէ հրաժարվել նույնիսկ հանուն Ֆեյսբուքի: Մի անգամ, գրում է «Chaim» ամսագիրը, Ցուկերբերգը հրաժարվում է առավոտյան ութին հանդիպել Microsoft-ի ներկայացուցիչների հետ` ասելով, թե սովոր չէ այդքան վաղ արթնանալուն: Իսկ մեկ ուրիշ անգամ, երբ բանակցություն էր վարում Yahoo!-ի հետ, անսպասելի ընդմիջում է հայտարարում մինչև երկուշաբթի` ասելով, որ ուզում է հանգստյան օրերն անցկացնել ընկերուհու հետ:
Ցուկերբերգը փոքրուց հետաքրքրվում էր դասական գրականությամբ: Դեռ դպրոցում այդ առարկան բոլորից լավ գիտեր: Phillips Exeter ակադեմիա ընդունվելիս նա խորասուզվում է լատիներենի ուսումնասիրության մեջ, հաճախ անգիր մեջբերում հատվածներ էպիկական պոեմներից: Մինչ այժմ էլ Ցուկերբերգը սիրում է մեջբերումներ անել գրքերից և ֆիլմերից, որպեսզի իր աշխատակիցները տպավորություն ստանան, թե աշխատում են հանուն ավելի վեհ ինչ-որ բանի, քան գումարն է: Ճառ ասելիս կամ արժեքավոր աշխատողի Facebook հրավիրելիս նա հետևյալ արտահայտությունն է մեջբերում «Տրոյա» ֆիլմից. «Քանի որ մարդիկ կհիշեն քո անունը»: Ֆեյսբուքի 100-միլիոներորդ օգտատիրոջ գրանցման առիթով նա կազմակերպել էր երեկույթ, որին բոլորը պետք է ներկայանային տոգաներով (Հին Հունաստանում տղամարդկանց պաշտոնական զգեստ): Բացի այդ, նա ձեռք բերեց կոչնազանգ, որն աշխատակիցները զարկում են, երբ Ֆեյսբուքը նոր ապրանք է թողարկում:
ՄԱՐԻ ԱՏՈՄՅԱՆ
Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ճակատագրեր