ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ…
Հայոց բանակը նոր էր կազմավորվել։ Պատերազմ էր. ոմանք իրենց զավակներին բանակ էին ճանապարհում օրհնանքով ու աղոթքով, ոմանք էլ դիմում էին տարբեր միջոցների՝ զավակներին ազատելու, երկրից դուրս տանելու համար։ Շենքի բակում մեկ էլ լսվում էր Հարութի ձայնը.
-Ա՛յ ժողովուրդ, ինչի եք թաքցնում ձեր տղաներին, բա էս երկիրը, էս հողը, Արցախի սահմանները ովքե՞ր են պաշտպանելու։ Բավական է՝ պատմությունից էլի՞ դաս չենք առնելու։
Նրա ձայնը, որը նման էր որոտի, լցվում էր ամեն մի տուն։ Ոչ մեկը չէր փորձում պատասխան տալ, հակաճառել նրան։ Փակվում էին պատուհանները, միայն զինվոր տված ծնողներն էին կանգնած մնում բաց պատուհանների մոտ, պատշգամբներում, իսկ նրանք, ովքեր «հետ էին գցել» իրենց տղաներին՝ քրթմնջում էին.
-Քիչ մնաց, քեզ էլ կտեսնենք, տղայիդ զինվո՞ր կուղարկես, թե՞…
Երեք աղջիկ ու մեկ տղա ուներ Հարութը։ Մի քանի ամիս անց, երբ լրացավ որդու 18 տարին, ու զինկոմիսարիատը ծանուցագիր ուղարկեց, մայրը՝ Արևիկը, արցունքն աչքերին նայեց ամուսնուն։ Հարութը նույն բարձր ձայնով որոտաց.
-Տղաս պիտի ծառայի, ու վե՛րջ,- հետո մեղմելով ձայնը շարունակեց,- ա՛յ կնիկ, որ իմ տղան, մյուսի, մեկելի տղան խուսափի, փախչի բանակից, ոնց կլինի՝ մենք ի վերջո երկիր, պետություն չե՞նք դառնալու…
Ծանր տարիներ էին. Հարութն էլ առանձնապես ունևոր չէր, սակայն զինվոր որդու պատվին սեղան գցեց ու քեֆ-ուրախությունով ճանապարհեց բանակ։ Առավոտյան էլ, երբ շենքի մուտքից դուրս եկան ու քայլեցին դեպի մեքենան՝ Հարութը գլուխը բարձրացրեց, նայեց բազմահարկ շենքի պատուհաններին, ու նորից բոլորը լսեցին նրա ձայնը.
-Ցավը տանեմ Արամիս, բա տղան ինչի՞ համար է…
Այսպես ճանապարհեցին որդուն։ Անցել էր արդեն մեկ տարի։ Որդուց մեկ-մեկ նամակ էր տեղ հասնում, գրում էր, որ ամեն ինչ լավ է, բողոքի ոչ մի խոսք։ Ծառայում էր հարավարևելյան սահմաններում։ Մի օր էլ, երբ Հարութը բակ մտավ ու պատրաստվում էր տուն բարձրանալ՝ զգաց շենքի պատուհաններից իրեն ուղղված հայացքները։ Ու տուն մտնելիս, երբ կինը հարցրեց` «Արամիցս ի՞նչ լուր կա», սիրտը տագնապով խփեց…
Կնոջ հարցը թողեց անպատասխան ու շտապեց զինկոմիսարիատ։ Պարզվեց, որ բոլորը գիտեին իր որդու զոհվելու մասին։ …Հուղարկավորության ժամանակ մայրը ծղրտաց.
-Անխի՛ղճ, ինչու չազատեցիր տղայիս…
Հարութին թվաց, թե բոլորի հայացքներն իրեն են ուղղված, սակայն ինքը գլուխը բարձր պահած՝ հայացքով ուղեկցում էր որդուն։ Այդ օրից քչերն էին նրան տեսնում բակում՝ գնում էր առավոտ վաղ, վերադառնում, տուն մտնում մթության հետ։ Խուսափում էր որևէ մեկի հետ զրույցի բռնվելուց։ Ամենածանրը նրա համար կնոջ աչքերի մեջ նայելն էր՝ չնայած այն օրից հանդիմանանքի էլ ոչ մի խոսք չէր լսել։ Որդուց հետո քիչ ապրեց Հարութը։ Անցավ ժամանակ, աղջիկներն ամուսնացան, քեռու անունով երեխա ծնվեց։ Շենքի բակում հարևանները մի ցայտաղբյուր կառուցեցին։ Արևիկ մայրը բարձրահարկ բնակարանի իր պատշգամբից հայացքը չի կտրում այդ աղբյուրից, հաճախ էլ իջնում ջրում ու խնամում է կողքի ծաղիկները, զրույցի բռնվում անցնող-դարձողների հետ, որոնք բոլորն էլ գիտեն կամ լսել են միակ որդու՝ Արամի մասին…
Մի քանիսն էլ փորձում են խոսակցությունն այլ ուղղությամբ տանել.
-Արևիկ ջան, դու գոնե մխիթարանք ունես, որդիդ հերոս է, զոհվեց հանուն հայրենիքի, ճակատագիր է՝ ամեն մեկը մի ճանապարհ ունի։ Քո աչքի առաջ տեսար ինչ եղավ էն խեղճ ջահելներին, ովքեր բանակ չգնացին, ազատվեցին, մեկը ավտովթարից, մյուսը կռվի մեջ, մեկն արտերկրում…
Այսպես ցայտաղբյուրի կողքի շվաքում ասում-խոսում, զրուցում են հարևաններով…
Իսկ Արևիկը լուռ է։ Մտքում կրկնում է. «Տեսնես՝ Հարութը խռովա՞ծ գնաց ինձանից»։ Հետո հայացքը դարձնում է որդու հուշաղբյուրին, իսկ ականջներում նորից որոտում են ամուսնու՝ Հարութի խոսքերը.
-Ա՛յ ժողովուրդ, ո՞ւր եք թաքցնում-ազատում ձեր տղաներին, բա էս երկրի սահմաններն ո՞վ է պահելու։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր