Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Անդրադարձ Ռոման Ջերելեյկոյի «Ռազմական ուղղաթիռների կիրառման ժամանակակից մարտավարությունը» հոդվածին («Հայ զինվոր» թիվ 24, էջ10):

AH-64D

Անկասկած է, որ ռազմական գործում ուղղաթիռներն այսօր անփոխարինելի են, եւ սպասարկման, ապահովման, ինչպես նաեւ մարտական որոշ խնդիրների լուծում հնարավոր է միայն ուղղաթիռների միջոցով: Այս հարցում խորհրդային բանակն իր առաջին լուրջ փորձառությունը իրոք ձեռք բերեց հենց Աֆղանական պատերազմում, որի ժամանակ առանց ուղղաթիռների գրեթե ոչինչ հնարավոր չէր անել, իսկ աֆղանցիները ամենաշատը վախենում էին հենց խորհրդային ուղղաթիռներից:

Աֆղանական պատերազմում խորհրդային զորքերը հետեւել են ամերիկյան բանակի վիետնամական պատերազմում առաջին անգամ կիրառած աերոմոբիլ զորախմբերի մարտավարությանը, սակայն պետք է նշել, որ խորհրդային լիարժեք աերոմոբիլ զորամասեր այդպես էլ չստեղծվեցին, քանի որ ուղղաթիռների եւ հրաձգային ստորաբաժանումների միավորում տեղի չունեցավ: Նույնիսկ խորհրդային օդադեսանտային զորքերը լիովին աերոմոբիլ չդարձան: Այդ պատճառով էլ, անկախ բոլոր ձեռքբերումներից, Աֆղանստանում խորհրդային զորքերի համար ուղղաթիռների աջակցությունը չհասավ ամերիկյան մակարդակին: Օգնության կանչված ուղղաթիռները լավագույն դեպքում տեղ էին հասնում 10-15 րոպեում, իսկ մշտական ուղղաթիռային ուղեկցում, որպես այդպիսին, երբեք չի եղել: Այսինքն` խորհրդային բանակի ուղղաթիռները ավելի ուշ էին արձագանքում հրաձգային ստորաբաժանումների կանչերին եւ ավելի քիչ էին թռչում, քան ամերիկյանները: Բավական է ասել, որ խորհրդային օդուժը Աֆղանական պատերազմի տասը տարիների ընթացքում կատարել է ընդհանուր առմամբ մոտ 300 000 մարտական թռիչք, իսկ ամերիկյան միայն ուղղաթիռները Վիետնամում մոտավորապես նույն ժամանակամիջոցում կատարել են ավելի քան 18 մլն թռիչք (!), ամբողջ օդուժը` ավելի քան 40 մլն թռիչք: Մարտական թռիչքների քանակի եւ հակառակորդի ՀՕՊ միջոցների համեմատ խորհրդային ուղղաթիռների կորուստները նույնպես բավականին մեծ են եղել: Որքան էլ որոշ փորձագետներ վճռորոշ համարեն ամերիկյան «Սթինգեր» համալիրների դերը խորհրդային օդուժի դեմ պայքարում, իրականում դրանք ասպարեզ են եկել 1985-1986թթ. եւ խոցել են ԽՍՀՄ-ի կորցրած 330 ուղղաթիռների կեսից էլ քիչը: Մոջահեդները, որպես հիմնական զենիթային միջոց, օգտագործել են 12,7 մմ-ոց եւ 14,5 մմ-ոց գնդացիրները: Դրանց արդյունավետությունը, բնականաբար, ցածր է վիետնամական պատերազմում կիրառած զենիթային հրետանու համեմատությամբ, որը Երկրորդ աշխարհամարտից հետո ամենահագեցածն է եղել, եւ առհասարակ` վիետնամական պատերազմի ՀՕՊ միջոցները անհամեմատելի են Աֆղանական պատերազմում կիրառվածների հետ:

Երկու տեղային պատերազմներից հետո երկու գերտերություններում սկսեցին մտածել ուղղաթիռների ավելի լայն կիրառության մասին, եւ այդ կիրառությունը հիմնականում ուղղված էր տանկերի դեմ: Առաջինն այդ մասին մտածեցին դարձյալ ԱՄՆ-ում, եւ ամերիկյան մեքենան նախ եւ առաջ հակատանկային էր, իսկ խորհրդային մեքենան նախատեսված էր ընդհանուր կրակային աջակցության համար: Դա պայմանավորված էր հենց հակառակորդների ցամաքային զորքերի հնարավորություններով: Ամերիկյան եւ խորհրդային ուղղաթիռները ունեին տեխնիկական եւ մարտական որակների զգալի առանձնահատկություններ: Դրանք իրենց տեսակով, չափսերով եւ հնարավորություններով տարբեր մեքենաներ էին, սակայն անհիմն է Ռ.Ջերելեյկոյի այն պնդումը, թե խորհրդային ուղղաթիռը աշխարհում առաջինը համարվող ամերիկյան մարտական ուղղաթիռին գերազանցում էր շարժունակությամբ: Այս պնդումն իրականում ավելի քան զավեշտալի է, քանի որ 10-12 տոննա կշռող եւ քարշազինվածության 0.4 գործակցով ուղղաթիռը ավելի շարժունակ չի կարող լինել, քան 5-6 տոննա քաշ եւ 0.45-0.51 գործակից ունեցողը:

Ми-28Н

Խորհրդային ինքնագնաց զենիթային միջոցները, իհարկե, զգալիորեն բարձրացրին զորքերի պաշտպանվածության մակարդակը, սակայն դրանց կիրառման արդյունավետությունը գործնականում կազմել է մոտավորապես 10-15 տոկոս: Ամերիկյան նշված ուղղաթիռները հիմնականում հաջողությամբ են հաղթահարել խորհրդային զենիթային միջոցների պաշտպանությունը եւ դրանում, իհարկե, մեծ է եղել ռադիոէլեկտրոնիկայի եւ հեռահար սպառազինության դերը: Նշված բոլոր տեղային պատերազմներում ամերիկյան մարտական ուղղաթիռների կորուստները եղել են նվազագույն` ոչ ավելի, քան 1 տոկոս, թեպետ հակառակորդի ՀՕՊ հագեցվածությունը երբեմն չափազանց բարձր մակարդակ է ունեցել:

Այս հարցում հերթական անգամ առնչվում ենք այն փաստին, որ օդուժի, այդ թվում` ուղղաթիռների կիրառության ձեւերի մասին պատկերացումները տարբեր են Արեւմուտքում եւ Ռուսաստանում (ԽՍՀՄ-ում): Ամերիկացիները ուղղաթիռների կիրառման արդյունավետություն ասելով հասկանում են մեկ թռիչքի ընթացքում խոցված զրահատեխնիկայի քանակը, հետախուզահարվածային գործառույթների կատարումը, հարվածային ուղղաթիռների կիրառումը առաջին հարվածի համար, ազատ որսի մեթոդի կիրառումը եւ այլն: Անհիմն են Ռ.Ջերելեյկոյի այն պնդումները, որ մարտական կիրառության որոշ ձեւերի դեպքում ամերիկյան մեքենաներն ունեցել են մեծ կորուստներ: Ընդհակառակը` այդ մեքենաները զարմանալիորեն դիմացկուն դուրս եկան եւ վնասվածքներից հետո շատ արագ վերականգնվում էին: Ցայտուն օրինակ է 2003թ. մարտի 24-ի դեպքը, երբ ամերիկյան 33 մարտական ուղղաթիռներ, ընկնելով աշխարհի ամենալավ սպառազինված դիվիզիաներից մեկի` «Մեդինայի» ծուղակը, լուրջ վնասվածքներ ստացան: Վնասվել էին 30-ը, սակայն դրանցից միայն մեկը անհնար եղավ վերադարձնել շարք: 2011թ. տվյալներով՝ ամերիկյան բանակի «AH-64» ուղղաթիռները գրանցել են ավելի քան 3 մլն թռիչքաժամ, կամ` ավելի քան 2600 ժամ յուրաքանչյուր ուղղաթիռի համար: Իրաքում եւ Աֆղանստանում բոլոր մարտական գործողությունների ժամանակ ամերիկյան ուղղաթիռների անվերադարձ կորուստները միասին վերցրած չեն գերազանցում երկու տասնյակը, թեպետ կատարել են հարյուր-հազարավոր մարտական թռիչքներ:

Ռ.Ջերելեյկոն խորհրդային/ռուսական, ուղղաթիռների համար բավականին մեծ առավելություն է համարում այն հանգամանքը, որ դրանք զրահավորված են, իսկ արեւմտյան երկրների ցամաքային ՀՕՊ-ը այնքան էլ հագեցած չէ: Ակնհայտ է հեղինակի թյուր պատկերացումը օդուժի կիրառության լայն ձեւաչափի մասին: Սա տիպիկ խորհրդային պատկերացում է, որի համաձայն՝ ուղղաթիռները մարտավարական օդուժից լիովին անկախ են գործում, իսկ համագործակցությունը նվազագույն է: Մինչդեռ արեւմտյան ՀՕՊ-ը նախեւառաջ հզոր օդուժն է, որի կործանիչներից գրեթե հնարավոր չէ փրկվել, իսկ արդյունավետ ներդաշնակման շնորհիվ ուղղաթիռները ռազմական գործողությունների անմիջական մասնակիցն են եւ գտնվում են մշտական հսկողության տակ: Եթե 10-20մ բարձրության վրա թռչող ուղղաթիռը հնարավորություն ունի աննկատ մնալու զենիթային միջոցի համար, ապա կործանիչի կամ առավել եւս օդային ղեկավարման կետի ամենատես «հայացքից» անհնար է խուսափել: Ահա նման թյուրըմբռնումն է պատճառը, որ տարբեր առասպելներ են ծնվում իրանա-իրաքյան եւ այլ պատերազմների ժամանակ խորհրդային ուղղաթիռներով ձեռք բերված հաղթանակների շուրջ: Իրականում, մարտական ոչ մի գործողության ժամանակ խորհրդային ուղղաթիռները ոչ մի ապացուցված օդային հաղթանակ չեն տարել ոչ մի թռչող մարտական մեքենայի նկատմամբ:

Վերջերս հնդկական բանակը համեմատելով գնահատեց ամերիկյան հայտնի «AH-64D» եւ ռուսական «ԾՌ-28ծ» ուղղաթիռները եւ նախապատվությունը տվեց առաջինին: Այն բանակը, որը ավելի քան 30 տարի օգտագործում է խորհրդային հարվածային ուղղաթիռները, իսկ 1999թ. լավ հնարավորություն ուներ լեռնային տեղանքում փորձելու դրանց հնարավորությունները: Հավելենք, որ սա առաջին դեպքն էր, երբ մրցակից մեքենաները փորձարկվում եւ համեմատվում էին այդքան մանրակրկիտ կերպով:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ռազմական փորձագետ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմական


11/07/2012