Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ե. ՀԱՅՈՑ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԸ



Թևավոր խոսքը որևէ լեզվում (գրավոր, թե բանավոր) լայն գործածություն ստացած այս կամ այն բառն է, պատկերավոր արտահայտությունը, ասույթը, հասկացությունը, որը ոչ միայն բնորոշում է տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, հոգեկերտվածքը, այլև դառնում հոգեբանության յուրօրինակ դրսևորում։ Նաև թևավոր խոսքով կարելի է ճանաչել այս կամ այն ժողովրդին, և այս իմաստով հայերենում «թևածող» նման խոսքերը մի-մի բանալի են՝ մտնելու հայ ոգու խորքը, հասկանալու հայ մարդուն՝ նրա ազգային խառնվածքը, մտքի իմաստնությունն ու դարավոր կենսափորձը։ Թևավոր խոսքի ծննդաբանությամբ կարելի է վերաթերթել մի ամբողջ ժողովրդի պատմության այս կամ այն էջը, վերապրել անցյալը և նորովի իմաստավորել այն։

Ահավասիկ հայոց ամենատարածված թևավոր խոսքերից մեկը՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Այսինքն՝ չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն։ Այս արտահայտությունը պատկանում է 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Եղիշեին, որը Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից էր, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի զորականներից և Ավարայրի ճակատամարտի մասնակիցներից մեկը։ Դառնանք այդ օրհասական ժամանակներին. հանուն հավատի և ազատության հայերը կռվի էին ելել պարսիկ նվաճողների դեմ, բայց ուժերն անհավասար էին, և համաժողովրդական պայքարը, բնականաբար, պետք է կրեր նահատակության բնույթ։ Այստեղ է, ահա, թևավոր խոսք դարձած հիշյալ արտահայտության խորունկ իմաստը. անընդունելի է կույր մահը, մեռնում է նա, ով գնում է չգիտակցված, չհասկացված մահվան, և անմահանում է նա, ով գիտակցում է, թե ինչի համար է մեռնում։

Գիտակցված, իմաստավորված մահվան այս գաղափարը, որն Ավարայրի ճակատամարտում Վարդանանց տարավ սուրբ նահատակության՝ մարտիրոսության, անմահացրեց նրանց, դարեր շարունակ ուղեկցեց հայ մարդուն, կենաց – մահու ճակատամարտերի տարավ և այսօր էլ հնչում է որպես նախնյաց նվիրական պատգամ, սրբազան խոսք։

Թևավոր դարձավ Եղիշեի մեկ այլ խոսքը՝ «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»։ Այսինքն՝ գերադասելի է կույր լինել աչքով, քան մտքով։ Սա, ըստ էության, շարունակությունն է գրերի գյուտից հետո Մաշտոցի ձեռքով գրված հայերեն առաջին նախադասության՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որ թարգմանություն էր Աստվածաշնչից։ Մաշտոցը, նրա աշակերտ Եղիշեն, ուրեմն, հայոց սերունդներին պատգամում էին մշտապես գնալ դեպի իմացության լույսը, զինվել գիտելիքով, արթուն պահել միտքը որպես կենսահաստատ ուժ, հոգևոր զորություն։ Հայ մարդու համար այս պատգամը ևս եղավ դարերի ուղեկից, զենք՝ տգիտության, մտավոր խավարի դեմ, և աշխարհը գիտի, թե դարերի ընթացքում և հիմա որքան փառավոր են այդ զենքի հաղթանակները։

Հայոց թևավոր խոսքերից է «Սահման քաջաց՝ զենն յուրյանց» արտահայտությունը, որն առաջին անգամ գործածել է պատմահայր Մովսես Խորենացին։ Եթե նկատի առնենք, որ հին հայերենում «սահման» բառը նշանակել է նաև «չափ», ապա լիովին պարզ կդառնա հիշյալ թևավոր խոսքի բուն իմաստը՝ քաջերի չափն իրենց զենքն է, դրանով են չափվում ինչպես նրանց համբերությունը, այնպես էլ խիզախությունը, արիությունը, հերոսությունը, վերջապես՝ ատելությունը թշնամու նկատմամբ։ Եվ այդ զենքը հրաշքներ է գործել հայի ձեռքին։ Վկա՝ մեր պատմության հերոսական դրվագները, այն ճակատագրական պահերը, երբ հայ քաջորդիները, այլևս չտեսնելով իրենց ազգն ու հայրենիքը փրկելու որևէ այլ հնար, զենք ենք վերցրել՝ անձնուրացաբար կռվելու, և դա եղել է նրանց ազգասիրության ու հայրենասիրության բարձրագույն չափը, անխախտելի սահմանը։

Դժվար չէ նկատել, որ հայոց թևավոր խոսքերում, որոնք ունեն ազգային ծագում, մեծ թիվ են կազմում պատերազմին, ազատագրական պայքարին վերաբերող արտահայտությունները։ Սա մեր պատմության յուրովի անդրադարձն է, հայոց ճակատագրի արտացոլանքը մեր ազգային մտածողության մեջ։ Այս իմաստով շատ բնորոշ է «Վահանով կամ վահանի վրա» արտահայտությունը, որը եղել է հայ մայրերի խոսքը՝ ուղղված պատերազմ մեկնող իրենց զավակներին։ Նկատենք, որ հնում զոհված մարտիկի մարմինը կռվի դաշտից դուրս են բերել վահանի վրա դրված, և մայրերը, նախ, ցանկացել են, որ իրենց զավակները պատերազմից վերադառնան վահանով, այսինքն՝ ողջ-առողջ, իսկ թե զոհվեն, ապա զոհվեն հերոսաբար, պատվով, և զինակիցները նրանց մարմինները ռազմադաշտից դուրս բերեն որպես պատգարակ ծառայող վահանի վրա։ Խոսքը, ըստ էության, Եղիշեի «իմացյալ մահվան» մասին է, «կա՛մ կյանք, կա՛մ մահ» գաղափարի մասին, որով առաջնորդվել է հայրենյաց հողի ազատության նվիրյալ նահատակը։

Ժամանակակից հայերենում լայնորեն գործածվում է «գլուխ բերել» արտահայտությունը, և շատերը չգիտեն, որ այն նույնպես թևավոր խոսք է և ունի իր ծագման պատմությունը։ Այսպես է եղել. Արտաշատի թատրոնում (հին) Հայոց արքա և թատերագիր Արտավազդ Բ-ի ներկայությամբ բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը (մ.թ.ա. 1-ին դարի կեսերին)։ Դա այն ժամանակ էր, երբ հայերը, պարթևների հետ դաշինք կազմած, կռվում էին հռոմեական բանակի դեմ։ Ներկայացման դրվագներից մեկն այնպիսին էր, որ, ի նշան հաղթանակի, արքայի ոտքերի տակ պետք է գցեին թշնամի զորահրամանատարի գլուխը (իհարկե, ոչ իսկական, այլ «թատերական»)։ Բայց ահա այնպես է ստացվում, որ ներկայացման ճիշտ այդ դրվագում արքայի ոտքերի տակ գցում են մարդու իսկական գլուխ՝ ճիշտ այդ ժամանակ Խառանի ճակատամարտում զոհված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Այս մասին կա հույն մեծ մտածող Պլուտարքոսի վկայությունը, բայց ուշագրավն այն է, որ, այդ օրվանից սկսած, լեզվի մեջ է մտնում «գլուխ բերել» արտահայտությունը, դառնում թևավոր խոսք և նշանակում է հաղթանակով գալ, ինչ-որ բան հաջողացնել։ Այսօր էլ, երբ մեկը ձգտում է ցույց տալ իրեն՝ մեծամտելով, ասում են. «Դե, լավ, գլուխ չես բերել, այսինքն՝ մեծ բան չես արել, մի՛ պարծենա։

Հայոց շատ թևավոր խոսքեր ուղղակիորեն կապված են պատմական այս կամ այն դեպքի, իրադարձության հետ։ Այսօր էլ գործածական է գրաբարով ասվող «Հարկ լուծանե զօրենս» խոսքը, որը ծնվել է 5-րդ դարում՝ այսպիսի հանգամանքում. հայ նախարարները, դիվանագիտական քայլ կատարելով, գնում են Պարսկաստան և ընթրում պարսից արքայի հետ։ Բերում են զոհած մսից պատրաստած կերակուր, որը քրիստոնեական օրենքով ուտել չէր կարելի, բայց նախարարներն ստիպված են լինում օգտվել դրանից։ Այստեղից էլ՝ հիշյալ արտահայտությունը, որը նշանակում է՝ հարկը, այսինքն՝ անհրաժեշտությունն է ծնում օրենքներ։ Ներկայումս այն գործածվում է հարկ եղած դեպքում օրենքի որևէ պահանջից, ընդունված կանոնից շեղվելու անհրաժեշտությունն ընդգծելու համար։

Հայոց շատ թևավոր խոսքեր էլ կապված են կենցաղի հետ։ Բերենք մեկ օրինակ. այսօր էլ հայերենում լայնորեն գործածվում է «Շատ ջրեր են հոսել» արտահայտությունը։ Դրա ծագման պատմությունը հետևյալն է. ինչպես հին աշխարհի մյուս ժողովուրդները, այնպես էլ հայերը դեռևս խոր անցյալում ժամանակը որոշելու համար օգտվել են արևի և ավազի ժամացույցից, նաև՝ ջրի ժամացույցից։ Ձագարաձև անոթի հատակի անցքից ջուրը կաթ-կաթ թափվում էր մյուս անոթի մեջ, որն ուներ հատուկ նշաններ՝ ըստ ջրի մակարդակի օրվա ժամը որոշելու համար։ Ահա այստեղից է ծագում «Շատ ջրեր են հոսել» արտահայտությունը, որը նշանակում է՝ այդ օրվանից շատ ժամանակ է անցել, շատ բան է փոխվել։ Այստեղից է ծագել նաև «Ժամանակը հոսում է» արտահայտությունը, որը նույնպես թևավոր խոսք է։

Հասկանալի է՝ հնարավոր չէ անդրադառնալ հայոց բոլոր թևավոր խոսքերին (դրանց ստույգ թիվն էլ չկա), ուստի փորձենք տեսնել դրանք ընդհանուր գծերով։

Հայոց լեզվում գործածվող թևավոր խոսքերի գերակշիռ մասն ունի ազգային ծագում և, ինչպես նշեցինք, կապվում է պատմական այս կամ այն դեմքի ու դեպքի, իրադարձության հետ։ Այլ խոսքով՝ դրանք ունեն պատմական հիմք։

Բավական մեծ թիվ են կազմում Աստվածաշնչից վերցված արտահայտությունները, որոնք ժամանակի ընթացքում դարձել են թևավոր խոսք և այսօր էլ լայն տարածում ունեն (օրինակ՝ «Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման», «Բաբելոնյան աշտարակաշինություն», «Ոչ միայն հացիվ կեցցե մարդ», «Հաց մեր հանապազօր» և այլն)։

Հայերենում շատ են նաև Հին Հռոմից և հռոմեական դիցաբանությունից քաղված թևավոր խոսքերը (օրինակ՝ «Բաժանիր, որ տիրես», «Եկա, տեսա, հաղթեցի», «Հաննիբալյան երդում» և այլն)։

Մեծ թիվ են կազմում նաև Հունաստանից և հունական դիցաբանությունից քաղված թևավոր խոսքերը (օրինակ՝ «Ավգյան ախոռներ», «Եզոպոսյան լեզու», «Գորդյան հանգույց» և այլն)։

Հայոց լեզու մուտք են գործել նաև Արևելքի երկրներից ու ժողովուրդներից քաղված թևավոր խոսքեր (օրինակ՝ «Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ», «Խալիֆ՝ մեկ ժամով» և այլն)։

Թևավոր խոսքեր կան նաև միջին դարերից և նոր դարաշրջանից, տիեզերագիտությունից, աշխարհագրությունից (օրինակ՝ «Կլոր սեղան», «Պետությունը ես եմ», «Խաղաղության ծխամորճ», «Թնդանոթի միս», «Ամերիկա հայտնագործել» և այլն)։

Թևավոր խոսքերը հայերենի հարստությունն են, որ մեր լեզուն դարձնում են պատկերավոր, գեղեցիկ և տպավորիչ։ Դրանք իմաստասիրությունների, մտքերի և զգացմունքների մի ամբողջ աշխարհ են։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Հոգևոր-մշակութային


11/07/2012