ԹՈՒՐՔԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Թուրք ժողովրդին հատուկ է ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակ, և որքան էլ թուրքերը ներքին խնդիրներ ունենան, որքան էլ նրանց փորձեն ինտեգրել Եվրոպային, և որքան էլ նրանք տարբերվեն միմյանցից բարբառներով, խոսվածքներով ու նույնիսկ արտաքնապես, շատ քիչ է հավանական, որ այդ ժողովրդին երբևէ կսպառնա ապազգայնացման վտանգը, այսինքն` ազգային այն հատկանիշների (լեզու, կրոն, մշակույթ և այլն) աստիճանական կորուստը, որոնք սոցիալ-հոգեբանական տեսակետից ապահովում են անձի նույնացումը իր էթնիկական խմբի հետ։ Եվ նրանց պարագայում բնավ էական չէ, որ «ի սկզբանե քոչվոր են եղել` հայրենիք չունեցող». թուրքերը կարողացել են այս բացը լրացնել օտար մշակույթները յուրացնելու, իրենց մշակույթին բռնակցելու և սեփականելու միջոցով: Այսօր նրանք ունեն թե՛ ընդհանուր պատմական հայրենիքի և թե՛ ազգային համերաշխության ընկալում, որն արտացոլված է նաև նրանց ազգային ասացվածքներում. «Քարը, որը նետել է ամբողջ ազգը, ավելի հեռուն կընկնի», «Կաթիլ առ կաթիլ օվկիանոս է ձևավորվում», «Ազգակցիդ նետած քարի մեջ արյուն չկա»:
«Եթե թուրքը դարձավ թշնամի` թշնամի է, եթե ընկեր` ընկեր է», «Ընկերոջդ դեմքից կճանաչես, իսկ թշնամուդ` միայն աչքերից»,- ասում են նրանք: Այստեղ շեշտվում է ընկերոջ հանդեպ վստահության կարևորությունը: Թուրքն այնքան մեծ նշանակություն է տալիս իր նկատմամբ վստահությանը, որ իրեն չվստահելու մասին ցանկացած ակնարկ հանգեցնում է ահավոր նյարդայնության, և նա պատրաստ է նույնիսկ հրաժարվել այդպիսի մարդու հետ գործ ունենալուց: Եվ հակառակը` վառ արտահայտված վստահությունը նրա մեջ բարոյական պատասխանատվություն է առաջացնում, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա հավատարիմ կլինի տրված խոսքին: Այդուհանդերձ, փաստ է` թուրքը թուրքին հազվադեպ է դավաճանում:
Կարծիք կա, որ թուրքերը գերագրեսիվ են և թալանի հակված: Այնինչ թուրք էթնոհոգեբանները համառորեն պնդում են, որ որևէ ազգի մասին չի կարելի նման բան ասել, որովհետև յուրաքանչյուր ազգի մեջ էլ հանդիպում են և՛ լավ, և՛ վատ, և՛ ագրեսիվ, և՛ մեղմ, բարի ու մեծահոգի մարդիկ, հետևաբար բնավորության որևէ գիծ չի կարելի ընդհանրացնել: Թեպետ նման տեսակետը առաջին հայացքից համոզիչ է թվում, մինչդեռ այն անվերապահորեն ընդունելու դեպքում այլեւս անիմաստ է դառնում ազգերի հոգեկերտվածքի ուսումնասիրությունը` հոգեբանական տարբերությունների բացահայտման տեսանկյունից։ Բնականաբար, այդպես չէ: Իրենց գերագրեսիվությունը, զավթելու հակվածությունը միանշանակ ժխտելուց առաջ թուրքերը պետք է հիշեն, որ ցանկացած ազգի հոգեկերտվածքի վրա իր ուրույն դրոշմն են թողնում ժողովրդի անցած պատմական ուղին և իրադարձությունները: Սա անվիճելի փաստ է, և այս տեսանկյունից արդեն թուրքերի վերոհիշյալ որակներն այնքան ակնհայտ են, որ ապացուցման կարիք էլ չկա: Միևնույն ժամանակ, ասվածը բնավ չի նշանակում, որ ժամանակի ընթացքում նրանց էթնոհոգեբանական պատկերը չի կարող նոր երանգներ ստանալ և արդեն ըստ տվյալ պատմական փուլի փոփոխություններ կրել: Գուցե վերոհիշյալ որակները նույնպես որոշակիորեն փոխվեն` ստանալով նոր դրսևորումներ:
Թերևս թուրքերին խորթ է անաչառ կամ չեզոք պահվածքը. ցանկացած թուրք, որ իրեն այդպես է պահում հատկապես վեճերի ժամանակ և ծայրահեղ իրավիճակներում չի հարում կողմերից որևէ մեկին, առնվազն կեղծավոր է: Կարծիք կա, որ նրանք նույնիսկ թշնամուն գերադասում են անկողմնակալ մարդուց: Մի բան, որ ինչ-որ տեղ կարելի է բացատրել թե՛ նրանց ծայրահեղ ազգայնականությամբ և թե՛ նույնքան ծայրահեղ հուզականությամբ (որի մասին խոսվել է մեր հոդվածի առաջին մասում): Առաջինից բխում է, որ նրանք կարևորում են անվերապահ փոխօգնությունը և այդ պատճառով չեն կարող անաչառ լինել, իսկ երկրորդից բխում է, որ նրանք պարզապես չեն կարող անաչառ լինելու չափ ինքնատիրապետում ունենալ:
Չենք կարող չընդգծել թուրքերի հաշվենկատությունը` «Այնտեղ, որտեղ մեղր կա, մեղուներ էլ կլինեն», «Նետված քարը էլ տեղը չես դնի», ինչպես նաև զգուշավորությունը` «Այն գյուղում, որտեղ շները շատ են, ձեռնափայտդ վար մի դիր», «Քիչ կեր, բայց շատ շնորհակալ եղիր», – ասվում է նրանց ազգային ասացվածքներում: Թերևս այս որակների միջոցով է, որ նրանք կարողանում են իրենց հովանավորության տակ պահել ամբողջ Ադրբեջանը: Ի դեպ, եթե ադրբեջանցիները ծայրահեղ նվիրված են թուրքերին և նրանց համարում են մերձավոր, ապա նույնը չի կարելի ասել թուրքերի մասին: Վերջիններս հստակ գիտակցում են նման «եղբայրությունից» ակնկալվող ե՛ւ շահը, ե՛ւ հնարավոր կորուստը: Հարկ եղած դեպքում թուրքերը հեշտությամբ նախապատվությունը կտան սեփական շահին` ի հաշիվ Ադրբեջանի. «Անձրևոտ եղանակին յուրաքանչյուրը ձգտում է լցնել իր սափորը», «Երբ կատուն ուզում է իր ձագին ուտել, ասում է` այն մկան տեսք ունի», «Եթե չոր եղանակին անձրև լինի, ապա այն միայն իմ դաշտում կթափվի», «Սոված գայլն իր ձագին էլ կուտի»,- ասում են նրանք:
Սխալ չի լինի ենթադրելը, որ ասացվածքներում արտահայտվող որակները մեծամասամբ դրսևորվում են նաեւ ինչպես թուրքերի կենցաղում, այնպես էլ պետության վարած արտաքին քաղաքականության մեջ:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական