Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՐՁԱԿԸ



-Աղդամի մատույցներում էինք։ Նախապատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մինչ հարձակումը խստիվ հրամայված էր՝ ոչ մի կրակոց, անօգուտ ոչ մի փամփուշտ չվատնել։ Դիրքավորվել ու սպասում էինք,- պատմում է ազատամարտիկ Թելման քեռին։ -Հակառակորդի կողմում նույնպես հանդարտ էր։ Զգացվում էր, որ պաշտպանական դիրքերն են ամրապնդում։ Սակայն օրվա մեջ ուղիղ երկու ժամը մեկ հրանոթով ուղիղ նշանառությամբ անվրեպ խփում էին մեր դիրքերին։ Այսպես՝ մեկ, երկու, երեք…
Համբերության բաժակն արդեն լցվել էր։ 3-րդ կրակոցից հետո արդեն րոպեներ, ժամեր էի հաշվում… Նշանառուն հաստատ ազերի չէր, որովհետեւ այդպես դիպուկ դժվար թե նրանք կարողանային կրակել։ Երբ հերթական երկրորդ ժամն էր լրանում, ու հակառակորդի կողմից հանգիստ նախապատրաստվում, հաշվարկ էին անում, ես արդեն տանկի աշտարակը թեքել էի այդ ուղղությամբ։ Չորս կողմից սկսեցին հիշեցնել հրահանգը.
-Տղե՛րք, միայն մի կրակոց, էլ անհնար է,- ասացի ու կրակեցի։
Այնտեղից, որտեղից պետք է լսվեր հերթական կրակոցի ձայնը՝ փոշի ու ծուխ էր՝ այս ու այն կողմ փախչող մարդիկ։
Մինչ հարձակումը՝ էլ ոչ մի կրակոց չեղավ։ Երեւում էր՝ արկը հասել էր նշանակետին։
Իսկ հրամանատարը ռացիայով հարցրեց.
-Ո՞վ էր այդ համարձակը…
Ձայնից զգացվում էր, որ գոհ է։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Պատմության էջերից


15/02/2011