Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԻՇՔԵԿԸ ՉԻ ՊՆԴՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ 201-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ



Ղրղզստանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ հստակ նշվում է, որ 201-րդ ռազմաբազայի համար վարձավճարի չափի բարձրացումն ամենևին էլ առաջնահերթ հարց չէ Բիշքեկի համար, և այժմ քննարկվում է տեղակայման տարբեր վայրերի փոխարեն մեկ վայրում կենտրոնացված ռազմաբազա ունենալու հնարավորությունը:

Նախագահի աշխատակազմը նաև հիշեցրել է, որ Ղրղզստանում Կանտի ավիացիոն բազայի գտնվելու և կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը, իսկ ռուսաստանյան մյուս զինվորական օբյեկտների վերաբերյալ համաձայնագրի ժամկետն ավտոմատ երկարաձգվել է մինչև 2017 թվականը:

Հայտարարությունում հստակ նշվում է նաև, որ «Ռուսաստանը Ղրղզստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և Բիշկեկը մտադիր է այսուհետև էլ բարեխղճորեն կատարել իր ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Ղրղզական կողմը զգալիորեն փոխել է շեշտադրումները և այժմ հայտարարում է, որ բանակցություններում իրենց համար առաջնայինը ոչ թե գումարային բաղկացուցիչն է, այլ այն, որ Ռուսաստանը, որը ցանկանում է ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգել ևս 49 տարով, հաշվի առնի Ղըրղզստանի ազգային շահերը առաջին հերթին միգրացիոն գործընթացներում և վերացնի նավթամթերքների արտահանման մաքսավճարները։ Միաժամանակ, Բիշքեկում «մտացածին» են որակել ռուսաստանյան «Коммерсант» պարբերականի այն պնդումը, թե Ղրղզստանը 201-րդ ռազմաբազայի շահագործման դիմաց Ռուսաստանից պահանջում է տարեկան 250 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/07/2012