Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ



«World Public Opinion» անկախ սոցիոլոգիական կազմակերպության՝ երեկ հրապարակած զեկույցի համաձայն, ԱՄՆ քաղաքացիների գերակշիռ մասը, անկախ քաղաքական հայացքներից, կողմ է երկրի ռազմական ծախսերի կրճատմանը: Կողմ է արտահայտվել նաև հարցվածներից Դեմոկրատական կուսակցության համակիրների 80 և Հանրապետական կուսակցության համակիրների 74 տոկոսը: Առաջինների կարծիքով, ԱՄՆ ռազմական բյուջեն անհրաժեշտ է կրճատել նվազագույնը 22, իսկ Հանրապետական կուսակցությանը համակրողների կարծիքով՝ 15 տոկոսով:

Ըստ «World Public Opinion»-ի եզրակակացման, հարցումը վկայում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պաշտպանական ծախսերն այլևս չեն համարում ռազմարդյունաբերական համալիրում աշխատատեղերի ֆինանսավորման միջոց, իսկ հասարակական այս տրամադրությունները, անկախ այն բանից, թե որ կուսակցության թեկնածուն կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, իրենց արտացոլումը կգտնեն ԱՄՆ 2013 թվականի բյուջեում:

2012 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն, ըստ բաց աղբյուրների, տատանվում է 1-ից 1,4 տրիլիոն դոլարի սահմաններում և հավասարազոր է իրենց ռազմարդյունաբերական համալիրներին աշխարհի պետությունների կատարած տարեկան հատկացումների մոտ 40 տոկոսին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


17/07/2012