Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄԻՆ ԱՆՑԱՎ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ



1993թ.

ՆՈՅԵՄԲԵՐ

Նոյեմբերի 25-26-ին ազատագրվեցին Խուդաֆերինի կամրջի մերձակա ադրբեջանական լավ ամրացված հենակետերը: Այդ դժվարին գործողությունն Արցախի հարավարևելյան սահմանների ազատագրման վերջին արարն էր: Վերջին գիշերը թշնամին առանց կռվի թողել էր դիրքերը. Կամրջից քիչ հեռու տնակ կար, որում Իրանից բերված հոսանքի լարով լույս էր վառվում: Երբ մարտիկները ոտք դրեցին կամրջին, այդ լույսն էլ հանգեց՝ ազդարարելով ԼՂՀ հարավում ադրբեջանական բանակի ներկայության անդառնալի անցյալ լինելը:

Իրական պաշտպանություն թշնամին կազմակերպեց Բեյլագանի (Ժդանովի) շրջանի սահմանագլխին, թեև այստեղ էլ մի շարք կարևոր հենակետեր կորցրեց, որոնց վերատիրացավ 94-ի հունվարի սկզբին, աֆղան մոջահեդների օգնությամբ ձեռնարկված լայնածավալ հարձակման արդյունքում, որը, սակայն, արագորեն կասեցվեց, և, ի վերջո, ավարտվեց առ այսօր պահպանվող մայիսյան հաղթական զինադադարի հաստատմամբ:

Հայկական ուժերի ամառային-աշնանային փայլուն հաղթանակների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի, և մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը հաստատվեց չափազանց հարաբերական խաղաղություն:

Այսպիսով, Հայաստանի ու Արցախի հարավային սահմաններում օգոստոսից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի և հայաստանյան կամավորական ջոկատների հաղթարշավի ընթացքում ոչ միայն ազատագրվեցին դեռևս 91-ին տխրահռչակ «Օղակ» գործողության ընթացքում հայաթափված գյուղերը, այլև լրիվ ոչնչացվեցին Սյունիքում Գորիսի, Կապանի, Մեղրիի, իսկ ԼՂՀ-ում՝ Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին սպառնացող թշնամական հենակետերը:

Նոյեմբերի 29-ի առավոտյան հետ մղվեց զրահատեխնիկայի աջակցությամբ խոշոր հարձակումը ԼՂՀ հարավ-արևելքում: Պաշտպանության բանակի շտաբը հայտարարեց, որ օրեցօր մեծացող կուտակումներն ու վերադասավորումները հուշում են ԼՂՀ դեմ լայնածավալ հարձակման բացահայտ պատրաստության մասին, սակայն բանակը պատրաստ է և անակնկալի չի գա: Արևմտյան մամուլը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ ու տեղեկություններ, գրում էր, որ Ադրբեջանում են գտնվում անգամ ամերիկյան զինվորական հրահանգիչներ:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Դեկտեմբերի 2-ին վերջնականապես կասեցվեց ԼՂՀ հարավարևելյան ռազմաճակատում հակառակորդի ձեռնարկած հարձակումը: Սակայն թշնամուն հաջողվեց վերատիրանալ մի քանի հենակետերի:

Դեկտեմբերի 10-ից թշնամին Աֆղանստանի վարչապետ Գուլբեդդին Հեքմաթիարի զինյալ խմբավորումներից հավաքագրված աֆղան մոջահեդների օժանդակությամբ վերստին լայնածավալ հարձակման անցավ հարավարևելյան ռազմաճակատում:

Դեկտեմբերի 13-ին Բեյլագանի ուղղությունում պաշտպանության բանակի ստորաբաժանումները ջախջախելով ելման դիրքեր շպրտեցին նախօրեին առանձին հատվածներում 3-4 կիլոմետր առաջացած թշնամուն:

Դեկտեմբերի 15-ին ռազմաճակատի նույն հատվածում հետ մղվեց աֆղան վարձկանների մասնակցությամբ հերթական հարձակումը:

Նույն օրը, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների ուժգին ու տևական հրթիռահրետակոծմանը զուգընթաց, թշնամին խոշոր հարձակման անցավ նաև ղարաբաղյան ռազմաճակատի Աղջաբեդի-Մարտունի հատվածում:

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում սկսվեց ուկրաինացի վարձկան օդաչու Յուրի Բելիչենկոյի դատավարությունը: Ամսական ստանալով 5.000 ԱՄՆ դոլար՝ նա հասցրեց կատարել 16 մահաբեր թռիչք, մինչև նրա ինքնաթիռն ինքնապաշտպանական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրին 92-ի օգոստոսին:

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանն իսկույն խախտեց Մոսկվայի միջնորդությամբ դեկտեմբերի 17-ից 26-ը կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնությունը:

Դեկտեմբերի 18-ին Մատաղիսն ընկավ:

Նույն օրը հերթական անգամ պայթեցվեց Հայաստանը սնուցող գազատարը:

Դեկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի ստորաբաժանումները հետ մղեցին Ֆիզուլիի ուղղությունում նախօրեին թշնամու ձեռնարկած խոշոր հարձակումը:

Դեկտեմբերի 19-ին հակառակորդը զենքի բոլոր տեսակներից գնդակոծում ու հրթիռահրետակոծում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանները: Դադարեցվեց երթևեկությունը Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհով:

Դեկտեմբերի 21-ին թշնամին ԼՂՀ ռազմաճակատի ողջ երկայնքով կրակի հեղեղ էր տեղում, երևաց նաև օդուժ, որը, սակայն, ակտիվ գործողությունների չդիմեց:

Դեկտեմբերի 22-ին լարված իրավիճակ էր Նոյեմբերյանի ու Վահանի սահմաններում, ծանր մարտեր՝ Մարտակերտում ու Ֆիզուլիում: Հարձակվելով Ասկերանի ուղղությամբ, թշնամին մեկ ՀՄՄ կորցրեց:

Դեկտեմբերի 23-ին, անտեսելով կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի մեծ կորուստները, թշնամին շարունակում էր հարձակվել Հադրութ-Մարտունի մոտ 30 կիլոմետրանոց ճակատում:

Դեկտեմբերի 24-ին ադրբեջանական բանակը միաժամանակ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի հարավարևելյան ու Մարտակերտի հատվածներում:

Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր էին: Ռադիոհետախուզության տվյալներով, հարձակվողների առջևից գնում էին վարձկաններից կազմված ստորաբաժանումները, իսկ թիկունքից՝ պատժիչ ջոկատները, որոնք գնդակահարում էին նահանջողներին:

Նույն օրը թշնամին Մարտակերտի ճակատում տիրացավ մի քանի հենակետերի:

Դեկտեմբերի 29-ին թշնամին 50 զինվոր կորցրեց Մարտակերտի ճակատում, 45 զինվոր՝ Մարտունիում, բայց շարունակում էր խելագար ուժով հարձակվել:

Նույն օրը ամանորյա ուղերձով արցախահայությանը դիմեցին ՊՊԿ-ն և ԳԽ նախագահությունը. «Հակառակորդը վերջին երկու շաբաթվա ընթացքում ձեռնարկել է աննախադեպ լայնածավալ գործողություններ: Սակայն թշնամու հարձակման թափը բախվելով պաշտպանության բանակի ամրակուռ վահանին՝ ջարդուփշուր է լինում: Այսպիսի իրավիճակում հրաժեշտ ենք տալիս տարուն և թևակոխում 1994-ը:

Հավատում ենք, որ 1994 թվականը՝ Արցախ աշխարհի ազատագրական պայքարի 7-րդ տարին, կլինի վերելքի սպիացման, վշտերի ամոքման տարի»:

Դեկտեմբերի 31-ին Մարտակերտի հյուսիսում թշնամին կորցրեց 3 տանկ ու 40 զինվոր:

Այսպես ավարտվեց 1993 թվականը: Այն սկսվեց 1992-ի ամռանը զավթված Մարտակերտից մնացած վերջին հատվածում հունվարին թշնամու աննախադեպ ուժգին ու լայնածավալ հարձակմամբ, որի շուրջ երկու շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը վերջին հուսահատ փորձը կատարեց առաջանալու դեպի Ստեփանակերտ, ապա շարունակվեց փետրվարի 5-ին Մարտակերտի ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի սկսած հակահարձակմամբ, որի արդյունքում հայկական ուժերը հասան Մարտակերտ քաղաքի մատույցներին: Այս հաղթանակի շնորհիվ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը գերիշխող դիրքեր գրավեցին Քելբաջարի և Մարտակերտ շրջկենտրոնի ուղղություններում, իսկ Քելբաջար-Աղդամ մեծ կարևորության ավտոճանապարհի Գետավան-Մարտակերտ շրջկենտրոն հատվածն անցավ հայկական ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Դրա շնորհիվ ինքնապաշտպանական ուժերը ճակատի անմիջական գիծ կազմեցին Քելբաջարի մոտ՝ կանխելով վերջինիս անկումը: Նաև ի չիք դարձան Սարսանգի ջրամբարին վերստին տիրելու՝ հակառակորդի հույսերը, և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարները շարունակեցին լիովին վերահսկել ինքնապաշտպանական ուժերը:

Այս հաղթանակը վերացրեց նաև Առաջաձորի ենթաշրջանի, ըստ այդմ և Գանձասարի վանքի գրավման, ինչպես նաև Կիչանի ուղղությամբ պաշտպանական գիծը ճեղքելով թիկունքից Ասկերանին հարվածելու և Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի Սեյիդշեն-Ստեփանակերտ հատված դուրս գալու վտանգը:

Մարտակերտի շրջանի զգալի մասի ազատագրմանը հաջորդեց Քելբաջարի ազատագրման փայլուն գործողությունը. բացվեց Արցախը Հայաստանին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը, վերացան սակավաբնակ, բայց երկայն սահման ունեցող Վարդենիսին սպառնացող վտանգն ու մարդասիրական միջանցքը պաշտպանող հյուսիսային ռազմաճակատը, որտեղից թշնամին ոչ միայն փորձում էր փակել «Կյանքի ճանապարհը», այլև հրթիռահրետանային կրակ էր տեղում ճանապարհի ու Գորիսի սահմանամերձ բնակավայրերի վրա: Բացի այդ, այլևս ի չիք դարձավ թշնամու լաչին-քելբաջարյան, միրբաշիրյան ու Աղդամի զորախմբերի համաձայնեցված գործողությունների հնարավորությունը, ինչի շնորհիվ երեք ուղղություններով համաժամանակյա հարձակման արդյունքում թշնամին 1992-ի ամռանը կարողացել էր տիրանալ Մարտակերտի տարածքի մեծ մասին և սպառնալ ԼՂՀ մայրաքաղաքին:

Ապա եկավ Մարտակերտ շրջկենտրոնը երիզող բարձունքների՝ Պուշկինյալի ու հեռուստաաշտարակի ազատագրման հերթը, ինչի արդյունքում քաղաքի մեծ մասը հայտնվեց ղարաբաղյան ուժերի վերահսկողության գոտում, իսկ մի հատվածը` թշնամու տնօրինության ներքո: Քաղաքի դիրքը այնպիսին էր, որ կա՛մ հակառակորդը պետք է այն վերստին գրավեր, կա՛մ էլ հակառակորդի հանդիպակաց կրակակետի լռեցմամբ ճակատի գիծը առաջ տարվեր: Իրականացավ վերջինը, և շրջկենտրոնի ազատագրումը բացեց Արցախի զինված ուժերի ճանապարհը՝ մարտական գործողություններ իրականացնելու նաև հարթավայրում և լռեցնելու Աղդամի կրակակետերը:

Մարտակերտ շրջկենտրոնի ազատագրումը հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ Մարտակերտի ազատագրված տարածքների բնակիչների համար՝ նրանց մեջ վստահություն ներշնչելով վերադառնալու, քանի որ շրջկենտրոնը մի հզոր պատվար էր իր թիկունքում մնացած բնակավայրերի համար:

Չանցած մեկ ամիս, հայկական ուժերը մտան «գայլի որջը»` Աղդամ, որ աշխարհագրորեն, Հադրութից բացի, սահմանակից էր ու սպառնում էր ԼՂՀ բոլոր շրջաններին, իսկ Շուշիի անկումից հետո ստանձնել էր 152մմ հեռահար հրանոթներով Ստեփանակերտն ավերելու դերակատարությունը, ինչպես նաև ադրբեջանական բանակի համար հզոր հենակետ էր՝ Ասկերանի պաշտպանությունը ճեղքելով ուղիղ գծով Ստեփանակերտ մտնելու համար: Աղդամի անկումը հոգեբանորեն կոտրեց հակառակորդին, և արդեն օգոստոսի 17-ին սկսվեց Հայաստանի ու Արցախի հարավին սպառնացող թշնամական հենակետերի ոչնչացման լայնածավալ գործողությունը՝ ավարտելով ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ձևավորումը:

Այս ամենին զուգընթաց, ավարտելով բանակաշինության հերթական փուլը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը վերակազմավորվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի:

Դրանից հետո, ոչ առանց միջազգային աջակցության, կարճ ժամանակում ձեռք բերելով մեծաքանակ մարտական տեխնիկա և հավաքագրելով նույնքան մեծաքանակ վարձկաններ Աֆղանստանից ու նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետություններից, դեկտեմբերի երկրորդ կեսին ադրբեջանական բանակը ղարաբաղյան ռազմաճակատի բոլոր հատվածներում անցավ աննախադեպ հարձակման: Սկսվեց ադրբեջանական բանակի 1994 թվականի ձմեռային-գարնանային հարձակումը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Պատմության էջերից


18/07/2012