«ԻՄ ԱՉՔԻՑ ԲԱՆ ՉԻ ՊԼՍՏԱ…»
Դիրքեր բարձրանալիս մեր ուշադրությունը գրավեց ամրաշինական մի կառույց։ Փոքր-ինչ շեղվեցինք ճանապարհից եւ անթաքույց հետաքրքրությամբ ու նաեւ հպարտությամբ սկսեցինք ուսումնասիրել մեր ժողովրդի՝ արդեն պատմություն դարձած անցյալի մասնիկներից մեկը։ Հզոր, բարձր պարիսպներից, փորված դիտակետերից կարելի էր ենթադրել, որ դա բերդ է եղել։ Պարզվեց՝ հին բերդի, բնակելի համակարգի մի մասն է կազմում միայն եւ ուղեկալի դեր է կատարում։ Բերդի ավերակները չկան այժմ, սակայն ուղեկալի մեծությունից, դիրքից կարելի է պատկերացում կազմել նախկին բնակավայրի հզորության եւ կարեւոր նշանակության մասին։ Շինություն կառուցողներն էլ անկասկած ռազմական գործի գիտակ են եղել։ Այն գտնվում է բարձունքի վրա, որտեղից լայն տեսադաշտ է բացվում եւ տվյալ տարածքից ոչ մի թշնամի հաստատ աննկատ չէր մոտենա։ Սահմանային կռիվների ժամանակ ուղեկալն իր նշանակությամբ օգտագործել են նաեւ մեր ազատամարտիկները։ Մեզ ուղեկցող զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Թեւանյանը, զինվորական վիլիսի վարորդը՝ Սմբատը, կռվել են այս կողմերում։ Նրանք պատմեցին, որ առաջին կռիվներից հետո պարիսպների շուրջը խրամատներ փորեցին եւ շուրջօրյա հերթապահություն սահմանեցին։ Ջոկատի տղաները մնում էին ներսում՝ պարիսպների պաշտպանության ներքո եւ անհրաժեշտության դեպքում հին ժամանակներում փորված գաղտնի անցքով միանգամից մտնում էին խրամատ ու դիրքավորվում։ Հետագայում մեր բանակի զինվորները հենակետեր տեղադրեցին շրջակայքում։ Ուղեկալը վերջերս նորոգվել է։ Հաճախ իրենց հրամանատարների ուղեկցությամբ այստեղ են գալիս մոտակա զորամասի զինվորները, հաղորդակցվում մեր անցյալի, ռազմական պատմության հետ, լսում շրջանի ինքնապաշտպանական մարտերի մասին։ Փոխգնդապետ Թեւանյանը նշեց, որ շատերը խոստովանել են՝ նմանատիպ այցերը յուրատեսակ ուժ, վստահություն են հաղորդում իրենց, առավել իմաստավորում հայրենիքի զինվորի դերն ու նշանակությունը։
***
Շարունակում ենք ճանապարհը։ Փոխգնդապետ Թեւանյանի հետ զրուցում ենք պատերազմական անցած օրերի, այսօրվա մարտական խնդիրների շուրջ։
-Նախորդ տարիների հետ համեմատած, երբ շատերս, անկախ զբաղմունքից զենք վերցրինք, տարբերությունն ահռելի է,- նշեց փոխգնդապետը:- Նախեւառաջ կատարված ինժեներական լայնածավալ աշխատանքների շնորհիվ հենակետերն ավելի ամուր ու ապահով են դարձել, խրամատները հիմնականում քարակոփ են, դիտակետերը՝ անվտանգ, բոլոր բլինդաժները կառուցվում են կենցաղային արդի պահանջներին համապատասխան: Անչափ կարեւոր է, որ դիրքեր բարձրացող մերօրյա զինվորը որոշակիորեն ավելի լավ է պատրաստված. զորակոչվելուց հետո մասնագիտական ուսուցման նախնական փուլը, ապա փորձաշրջանն անցնելուց հետո է միայն նորակոչիկին թույլատրվում ինքնուրույն կանգնել մարտական դիրքում: Զինվորն անփորձ չէ, գիտի իր անելիքը: Յուրաքանչյուր հերթափոխից առաջ նա իր ստորաբաժանման կազմում մասնակցում է թե՛ շարային ստուգատեսին, թե՛ հրահանգավորվում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
***
Մարտական հենակետում ենք: Դիրքի պատասխանատուն` ավագ լեյտենանտ Վ. Գրիգորյանն ու դիրքի ավագը` ավագ սերժանտ Ա. Բայրամյանը, զեկուցում են հրամանատարի տեղակալին օրվա անցուդարձի, հնարավոր միջադեպերի մասին: Նախկինում տրված հանձնարարականների կատարմանը հետեւելուց հետո վերջինս ստուգման գրանցամատյանում համապատասխան գրառումներ է կատարում: Իսկ մինչ այդ մենք ականատես եղանք ժամապահների հերթափոխին: Դիտակետը ընկերներին հանձնելուց հետո շարքայիններ Աշոտ Ապրեսյանն ու Արմեն Խաչատրյանը լիցքաթափեցին զենքերը, զրահաբաճկոնների հետ հանձնեցին զինանոց եւ անցան առօրյա գործերին: Հենակետի ե՛ւ ավագը, ե՛ւ պատասխանատուն նույն՝ դրական կարծիքը հայտնեցին նրանց մասին` պատրաստված, պարտականությունները գերազանց կատարող զինվորներ են, առանձնակի ուշադիր են մարտական հերթապահություն իրականացնելիս: Երբ նրանք են դիտակետում, կարելի է վստահ լինել` որեւէ արտակարգ պատահար չի գրանցվի:
Աշոտը ծնունդով Օձուն գյուղից է, մինչեւ զորակոչվելն ընդունվել է գյուղակադեմիայի Վանաձորի մասնաճյուղ։ Երբ հարցրի, թե ինչ է ամենից հաճախ մտածում մարտական դիրքերում հերթապահելիս, մի պահ շփոթված նայեց դեմքիս ու իսկույն էլ ասաց` իմ ծննդավայրն եմ պաշտպանում, մտածում եմ՝ ես էլ իմ զենքով նպաստում եմ, որ մեր գյուղի հանգիստը չպղտորվի, որ մարդիկ հանգիստ իրենց բանուգործին լինեն:
Արմենը հրաձգարանում կրակելիս գրեթե միշտ գերազանց արդյունք է ցույց տալիս, խոցում է հնարավոր բոլոր թիրախները: Նա պարբերաբար հետեւում է հակառակորդի տեղաշարժին, հարկ եղած դեպքում` զեկուցում հրամանատարին, սակայն երբեք կրակելու փորձ չի արել: Ինչպես ինքն է ասում՝ հայ զինվորը խաղաղություն է ապահովում, կրակ պետք է բացի միմիայն թշնամու ոտնձգությունը կանխելու համար: Արմենը նաեւ ֆիզիկական լավ տվյալներ ունի, պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Ի դեպ, Արմենի եղբայրը` Դավիթն էլ է նույն զորամասում ծառայում:
***
Քիչ անց ինքներս համոզվեցինք, որ առաջնագծում լայնածավալ ինժեներական աշխատանքներ են կատարվում. հաջորդ հենակետ տանող ճանապարհի մի մասն անցանք, այսպես կոչված, փոս-ճանապարհով: Հզոր «Կամացու»-ները փորել են հողը, լցրել-բարձրացրել ճամփեզրը` ստեղծելով բնական պատնեշ: Այժմ հակառակորդի կողմից տեսանելի եւ գնդակոծման ենթակա հատվածներում երթեւեկը դարձել է անվտանգ: Նման ճանապարհները կլինեն վտանգավոր բոլոր տեղամասերում:
«Փոսից» դուրս գալուց հետո ուղղություն վերցրինք դեպի ամենահյուսիսային հենակետեր, որտեղ հողն ու քարը մյուս տեղերի համեմատ մի տեսակ տարբեր է՝ ավելի կոշտ է ու կարծր, խիստ են նաեւ ծառայության պայմանները: Նոր էինք իջել մեքենայից, երբ անձրեւ սկսվեց, եւ սառը քամի փչեց, սակայն զինվորները սովորականի նման շարունակում էին իրենց գործերը, որովհետեւ վաղուց վարժվել են բնության քմահաճույքներին: Հենակետը առանձնահատուկ է նաեւ նրանով, որ գտնվում է երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի սահմանագծերի հատման կետում: Անձնակազմից հատուկ ուշադրություն է պահանջվում չեզոք գոտում խախտում թույլ չտալու համար:
***
Կացարանի մոտ հերթապահում էր շարքային Թովմաս Սահակյանը:
-Արարատ քաղաքից եմ զորակոչվել,- ներկայանում է,- շուտով էլ կզորացրվեմ, կվերադառնամ հայրական օջախ` իմ բարեխիղճ ծառայությամբ ուրախացնելով բոլոր հարազատներիս: Ավագ հրաձիգի պարտականություններ եմ կատարում: Զորամասի կազմավորման տոնի կապակցությամբ արժանացել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի: Ճիշտ է՝ զորամասում շատ հետաքրքիր է, սակայն դիրքերում ես ինձ ավելի անկաշկանդ, ավելի ինքնավստահ եմ զգում, կարողանում եմ լիարժեք դրսեւորել տղամարդկային հատկանիշներս: Ավելի խոր եմ ընկալում հայրենիք, պատասխանատվություն, ընկերություն գաղափարները: Երբ մարտական զենքը ձեռքիդ հսկում ես ընկերներիդ անդորրը, գիտես, որ մի քանի ժամից նույնը նրանք են անելու: Ծառայությունը դիրքերում իմ մեջ անջնջելի հիշողություններ է թողել. ես երբեք չեմ մոռանա իմ ընկերներին, սպաներին, օրվա տարբեր ժամերին անցկացրած մարտական հերթափոխի լարված ժամերը… Ընկերուհիս` Նառան Կալինինոյից է: Մեր պապերը բանակային ընկերներ են եղել, մինչեւ հիմա էլ հանդիպում են, հիշում հին օրերը: Հուսով եմ՝ բանակային ընկերներիս հետ իմ մտերմությունը երկար տարիներ կտեւի,- անկեղծացավ Թովմասը եւ հրաժեշտ տվեց մեզ։ Հերթական առաջադրանքն էր կատարելու:
***
Խրամատում հանդիպեցինք դիտարկում կատարող շարքային Միքայել Պողոսյանին: Գյումրիի 58 հայտնի թաղից է: Միքայելի ազգուտակը մեծ է, զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստանալուց հետո հավաքվել, մեծ քեֆ-ուրախություն են արել ու զինվոր տղային բանակ ճանապարհել: Թեեւ պետք է նշել, որ Պողոսյանների տանը ամեն օր էլ քեֆ-ուրախություն է. ընտանիքում յոթ երեխա կա`չորս տղա, երեք աղջիկ, փոքրը հինգ տարեկան է: Մի խոսքով՝ չես ձանձրանա։ Երկրաշարժի ցավն էլ նրանց աշխույժ եռուզեռի մեջ մոռացության է մատնվում… Հայրը` Արթուրը, շինարար է, մայրը` Անահիտը, տնային տնտեսուհի: Տանջվել, աշխատել են, մեծացրել փոքրերին եւ անհամբեր սպասել ավագ որդու բանակ գնալուն: Հիմա էլ հերթը մյուսներինն է: Այնպես որ, դեռ երկար նրանց տանը կլսվեն դհոլ-զուռնայի հնչյունները:
Մեր լուսանկարչի ֆոտոխցիկը տեսնելուն պես՝ Միքայելի աչքերը փայլեցին. նա լուսանկարչական խմբակում է սովորել, իր լուսանկարներով մասնակցել տարբեր ցուցահանդեսների: Սուր աչքը նրան պետք է գալիս նաեւ դիրքերում։
-Նայե՛ք, հակառակորդի խրամատների մոտ շարժ կա, երկուսն են,- ցույց է տալիս Միքայելը, բայց մենք ոչինչ չենք տեսնում, իսկ նա գյումրեցուն հատուկ հումորով շարունակում է։ -Իմ աչքից բան չի պլստա…։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր