Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼՆ ՍԿՍՎԵՑ



Ազգային բանակում սկսվել է այս տարվա երկրորդ՝ ամառային ուսումնական փուլը։ Այժմ զորամասերում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ, որից հետո ստորաբաժանումները ձեռնամուխ կլինեն մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը։ Ուսումնական փուլի նախապատրաստական վերջին օրերին այցելելով գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորում, տեսանք, թե ինչպես են զորամասերի հրամանատարներն անցկացնում փորձնական շարային ստուգատես, ճշտում ինչպես սպաների ու ենթասպաների, այնպես էլ սերժանտների և շարքայինների պատրաստականության աստիճանը։

Ստուգատեսից հետո զրուցեցինք զորամասի հրամանատար գնդապետ Բագրատ Մաթևոսյանի հետ։ Նա համառոտ ներկայացրեց առաջին ուսումնական փուլի առավել ուշագրավ իրադարձությունները և արդյունքները։

-Մեր նպատակը ուսումնական ծրագրի լիակատար իրականացումն է, ինչն էլ նպաստում է զորամասի մարտունակության ապահովմանը։ Գարնանը փոխգնդապետ Արթուր Քարամյանի գումարտակը մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում գեներալ-մայոր Կամո Քոչունցի ղեկավարությամբ անցկացրեց զորավարժություն և ցույց տվեց գոհացուցիչ արդյունքներ։ Այդ ընթացքում նաև կազմակերպվեց հրետանու ճամբարային հավաք, որն ավարտվեց ականանետային դասակի մարտական կրակոցով։

Ուսումնական փուլի ստուգիչ քննություններն ընդունեց գլխավոր շտաբի հանձնաժողովը՝ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանի ղեկավարությամբ։ Մոտեցումը շատ խիստ էր, ու կարելի է ասել, հանձնաժողովը մեզ լավ «թափ տվեց»։ «Բավարար» գնահատական ստացանք, բայց այժմ աշխատում ենք ու շտկում նշված թերությունները։

Երկրորդ ուսումնական փուլում դարձյալ ունենք մարտավարական զորավարժություն, և ես հուսով եմ, որ աշխատանքներն այս տեմպով շարունակելով՝ ավելի բարձր արդյունքներ ցույց կտանք։ Ընդհանուր առմամբ, ժամանակն օգտագործել ենք նպատակային: Զորամիավորման հրամկազմի ղեկավարությամբ անցկացրել ենք նախատեսված բարդ մեթոդական պարապմունքները և պատրաստ ենք սկսելու ուսումնական գործընթացը,-ասաց գնդապետ Բ. Մաթևոսյանը:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական կետում գումարտակը փոխգնդապետ Արմեն Դանիելյանի ղեկավարությամբ նախապատրաստվում էր հրաձգության։ Դաշտային դասարանում վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Գլոբան պարզաբանում էր երկրորդ ստուգողական վարժությունը ինքնաձիգի և գնդացրի համար։ Երիտասարդ սպային օգնում էր դասակի նորանշանակ հրամանատար ավագ Դավիթ Լոռյանը։ Վերջինիս մասին չափազանց լավ արտահայտվեց գումարտակի հրամանատարը։ Զգացվեց, որ նրա հետ հույսեր են կապում։ Դավիթը հայկական պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ է, շատ բանիմաց է և հմտորեն է ղեկավարում ստորաբաժանումը։

Ամեն ինչ պատրաստ էր, և ավագ լեյտենանտ Գ. Գլոբան մի վերջին անգամ զինվորներին հիշեցրեց անվտանգության կանոնները, որից հետո սկսվեց հրաձգությունը։ 25 փամփուշտ՝ տարբեր դիրքերից, տարբեր հեռավորություններից ու տարբեր թիրախների վրա։ Փոխգնդապետ Արմեն Դանիելյանն անձամբ էր գնահատում։ Խրախուսական խոսքերի էին արժանանում այն զինվորները, որոնք առավել արագ ու նպատակասլաց էին գործում։

Բարձր ցուցանիշներ գրանցեցին գնդացրորդ շարքային Արմեն Փանոսյանը, հրաձիգ շարքային Ահարոն Մարտիրոսյանը, գնդացրորդ շարքային Վահե Ալոյանը, ջոկի հրամանատար շարքային Գևորգ Գրիգորյանը, ջոկի հրամանատար դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Վահան Կարապետյանը։ Ի դեպ, առաջին ուսումնական փուլի արդյունքներով, գումարտակի կազմում լավագույնը ավագ լեյտենանտ Գ. Գլոբայի դասակն է, որի տեղակալն էլ հենց Վահան Կարապետյանն է։ Գնդացրորդ շարքային Վահե Ալոյանը ծառայում է եղբոր հետ, որն այդ ժամանակ վերակարգում էր։ Եղբայրները հինգ տարի ապրել են արտասահմանում և հայրենիք են եկել զինվորական պարտքը կատարելու համար։

-Այնտեղ էինք գնացել մեր մոր հետ։ Ոսկերչություն սովորեցինք հայ վարպետի մոտ և սկսեցինք աշխատել։ Բանակից հետո էլ հետ չենք գնա, այստեղ կաշխատենք, որովհետև այդ արհեստի մեջ մեզ համար արդեն գաղտնիքներ չկան,- ասաց Վահեն։

Գումարտակի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ հրաձգությունը դեռ երկար էր շարունակվելու, մինչդեռ մենք ծրագրել էինք հանդիպել նաև նորակոչիկներին։

ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ

Հավանաբար ոչ մի զինվոր ամբողջ կյանքում չի մոռանում առանձնազրույցը զորամասի հրամանատարի հետ։ Համենայն դեպս, իմ խորհրդային բանակում ծառայելու ժամանակ զորամասի հրամանատարի հետ առանձին խոսելը բացառիկ իրադարձություն էր համարվում։ Սակայն նախկին կարծրատիպերը փշրվել են, և մեր ազգային բանակում նորակոչիկի հետ առաջիններից մեկը հենց զորամասի հրամանատարն է զրուցում։ Աշխատասենյակում հրամանատարի հետ էր նաև ուսումնական գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ կապիտան Արմեն Գալստյանը։ Հրամանատարի զրուցակիցը շարքային Գարիկ Աբրահամյանն էր։ Անկաշկանդ զրույցի ձգվող թելը հասել էր նախասիրություններին, հետո շոշափվեց սննդի թեման, իսկ վերջում գնդապետ Բ. Մաթևոսյանը երիտասարդ զինվորին հարցրեց, թե որ ստորաբաժանումում կուզենար ծառայությունը շարունակել։

Գարիկից հետո ներս մտավ Սարո Չինարյանը Շիրակի մարզի նույնանուն գյուղից։

-Մեր նորակոչիկների վերջին խումբն է,- պարզաբանեց Բ. Մաթևոսյանը՝ թերթելով երիտասարդ զինվորի «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»։ Այստեղ էլ է այդպես։ Ինչպես մյուսների դեպքում, այս անգամ էլ զրույցը ծավալվեց նորակոչիկի առողջության, ընտանեկան կազմի, պայմանների, ապրուստի միջոցների, ծնողների զբաղվածության, նորակոչիկի կրթական ցենզի, ունեցած մասնագիտության, զորամասի հետ ծանոթության, ծառայության հանդեպ տրամադրվածության և բազմաթիվ այլ հարցերի շուրջ։ Ակամա համոզվում ես, որ, իրոք, զինվորական ծառայության մեջ փոքր կամ երկրորդական հարցեր չկան, և զորամասի հրամանատարն ու սպաները որքան շատ բան իմանան իրենց զինվորի մասին, այնքան լավ, միաժամանակ պետք է նկատեք, որ նման անկաշկանդ զրույցը վստահություն է հաղորդում ծառայությունը նոր-նոր սկսող զինվորին։ Հետո ներս մտան եղվարդցի Դավիթ Խաչատրյանը, քաջարանցի Էդուարդ Շահնազարյանը, մյուսները։

ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Նորակոչիկների մի մեծ խմբի համար զինվորական երդումը նշանակված էր հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։

Շարային քայլքը, շարքից դուրս գալը, տեղում կանգնելը և մյուս վարժությունները բավական լավ տպավորություն էին թողնում։ Պարզվեց՝ նորակոչիկների ուսումնական գումարտակի հրամանատար կապիտան Վիգեն Մկրտչյանն արդեն վեցերորդ անգամ է աշխատում երիտասարդ զինվորների հետ և բավական փորձառու է։ Նրան կապիտան Արմեն Գալստյանից բացի օգնում էին վաշտի հրամանատար կապիտան Ռուստամ Կարապետյանը, դասակի հրամանատար ավագ սերժանտ Մարտին Մկրտչյանը, փորձառու ուրիշ սերժանտներ։

-Համալրումն սկսվել է հունիս ամսին։ Զինվորական երդումն ընդունելու են նրանք, ովքեր արդեն յուրացրել են նորակոչիկների համար նախատեսված ուսումնական ծրագիրը։ Ավանդաբար մեր զորամասում շատ են եղել ծնողազուրկները, բայց այս անգամ այդպես չէ։ Նորակոչիկների ութսուն տոկոսն ունի բարձրագույն կրթություն, մոտ տասը տոկոսը սովորում է քոլեջներում, և միայն տասը տոկոսն է, որ դպրոցից հետո կամ արհեստ է ձեռք բերել, կա՛մ էլ ոչ մի բան չի արել։ Տղաները բոլորն էլ առողջ են, շատ քիչ են ոչ շարային ծառայության նշանակվածները։ Վստահաբար կարող եմ ասել, որ երիտասարդ համալրումը որակական առումով առանձնահատուկ է։ Այնուհետև կապիտանը նշեց, որ երիտասարդները շատ արագ են կատարում առաջադրանքները, հեշտորեն յուրացնում են կանոնագրքերը, առաջընթաց է նկատվում նաև ավելի շուտ զորակոչվածների կրակային պատրաստության մեջ։ Մինչև զինվորական երդումը յուրաքանչյուր նորակոչիկ պետք է կրակի 27 փամփուշտ։

Մեր այն հարցին, թե արդյոք տարվո՞ւմ է համապատասխան աշխատանք իրավական գիտելիքների հարստացման ուղղությամբ, գումարտակի հրամանատարը պատասխանեց.

-Իհարկե, զորամիավորման և զորամասի մասնագետ սպաներից բացի, դասախոսություններով հանդես են գալիս ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության ներկայացուցիչները։ Մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ երիտասարդները միմյանց շուտ ընտելանան, ծանոթանան, ընկերանան, և փառք Աստծո, մինչ այժմ բոլորը հաշտ-համերաշխ են, ոչ մի դեպք չի եղել։

♦♦♦

Զրուցեցինք նաև նորակոչիկների հետ։

-Ես Ճամբարակից եմ, առաջին զորակոչվողներից մեկն եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում,- ասաց շարքային Կարեն Ղազարյանը։

-Արմավիրից եմ, ավարտել եմ տնտեսագիտական համալսարանը, ամեն ինչ շատ լավ է,- շեշտեց շարքային Վարդան Ազատյանը։

-Շարքային Արամ Մանասյան, սովորում եմ տնտեսագիտական համալսարանում։

-Ակսեն Պողոսյան, գորիսցի եմ, սովորում եմ տեղի համալսարանում։

-Հայրունի Տարոն, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից, սովորում եմ պետական ճարտարագիտական համալսարանում։

-Իսկ գիտե՞ս ձեր ազգի՝ Հայրունիների պատմությունը,- հարցրի զինվորին։ Նա նախ անակնկալի եկավ, այնուհետև, ըմբռնելով հարցիս էությունը, ասաց.

-Հա, իհարկե, մերոնք Երզնկայից են…

Իսկ պատմությունը հետևյալն է. Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում եղել են երկու չնաշխարհիկ գյուղեր. Մեծ ու Պստիկ Արմտանները, որոնք ունեցել են բարեբեր հողեր, աշխատասեր ժողովուրդ։ Յուրաքանչյուր գյուղ ունեցել է Հակոբ անունով իր ուսուցիչը՝ Հայրունի Հակոբը՝ Մեծ Արմտանում, Տեմուրճյան Հակոբը՝ Պստիկ Արմտանում։ Նրանք եղել են հասակակիցներ և լավ ընկերներ։ 1915թ. ապրիլին, երբ արդեն սկսվել են դպրոցական արձակուրդները, Հայրունին գործով գնում է Թիֆլիս, իսկ Տեմուրճենց Հակոբը, որը հետո պիտի հայտնի դառնար Հակոբ Մնձուրի գրական անվամբ, նշագեղձերը վիրահատելու պատրվակով գնում է Պոլիս (Ստամբուլ), բայց իրականում նոր գրած վիպակն էր տանում ցույց տալու Պոլսի գրական շրջանակներում։ Օրեր անց, երբ Հայրունին վերադառնում է Թիֆլիսից ու արդեն մոտենում է Արմտանին, հանդիպում է քրդերի մի խմբի, որոնք սայլերով իրենց գյուղի ունեցվածքն էին տանում։ Նրանցից էլ իմանում է կատարվածի մասին։ Կեսգիշերն անց թուրքական բանակը հարձակվում է երկու Արմտանների վրա և բոլորին կոտորում։ Հակառակ գյուղ չմտնելու քրդերի հորդորներին՝ Հակոբ Հայրունին մտնում է գյուղ և իր տան շեմին գտնում գլխատված կնոջն ու հինգ որդիներին։ Հետո քրդերը նրան թաքցնում են, որոշ ժամանակ անց ձիով ճանապարհում արևելք։ Երկար դեգերումներից հետո նա ի վերջո հանգրվանում է Վարդենիսի Լուսակունք գյուղում, ամուսնանում է, տուն կառուցում և ծնված առաջին որդուն կոչում Նորայր (նոր մարդ)։ Հայրունիներն այսպես կրկին ծլարձակում ու բազմանում են Արևելյան Հայաստանում։ Իսկ Հակոբ Մնձուրին իր գյուղի, իր ընտանիքի ողբերգության լուրն առնում է Պոլսում և այլևս գյուղ չի վերադառնում։

Սա է Հայրունիների համառոտ պատմությունը, որը վերհիշեցինք զինվոր Տարոնի հետ։

-Ո՞նց ես ծառայելու,- հարցրի։

-Շատ լավ։

-Գիտակցում ես, չէ, որ ցեղասպանությունը մեր բանակ չունենալու հետևանք է։

-Հասկանում եմ, լավ կծառայեմ, երդվում եմ,- կրկին ասաց Տարոն Հայրունին։

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Մեծ Այրում գյուղից են զորակոչվել Ֆարսյան Կարոն և Արամայիսը։ Նրանք երկվորյակ եղբայրներ են։

-Չորս եղբայր ենք, մեծերը՝ Գենան և Բորիկը, ծառայել-զորացրվել են, հերթը մերն է,- ասաց Կարոն։

Տղաները տասնութ տարեկան են, դպրոցն ավարտել են և սպասել զորակոչի օրվան։

-Զինվորական պարտքը կկատարենք ու հետո կմտածենք սովորելու մասին,- ավելացրեց Արամայիսը։

-Ո՞նց եք ձեզ զգում։

-Հունիսի տասնութից այստեղ ենք, պարապում ենք, հանգստանում, հետո էլի պարապում։ Արդեն շատերի հետ ենք ընկերացել, ամեն ինչ լավ է, նույնիսկ սպասվածից լավ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/07/2012