Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ, ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ



Նկարում զորամասի մոտոհրաձգային վաշտերից մեկի ՀՄՄ-1-ի անձնակազմն է՝ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սարգիս Յալչյանը, մեխանիկ-վարորդ շարքային Հարություն Հայրապետյանը, նշանառու շարքային Գագիկ Մուրադյանը։ Երեքն էլ փոխգնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներից են։ Օրերս էլ նրանք մասնագետի բարձր կարգը հաստատեցին՝ հաղթելով զորամիավորման նմանատիպ ստորաբաժանումների միջեւ անցկացված մասնագիտական մրցույթում եւ ճանաչվելով ՀՄՄ-1-ի լավագույն անձնակազմ։ Տղաներին հանդիպեցինք արդեն զորամիավորումների լավագույն անձնակազմերի միջեւ կազմակերպվող համաբանակային մրցույթի մեկնելուց առաջ։ Հաշված ժամեր էին մնացել ճանապարհ ընկնելուն, սակայն ոչ մեկը չէր ուզում հանգստանալ։ Իրենց մարտական մեքենայի մոտ էին, պատրաստվում էին, վերհիշում սովորածը, գործնական պարապմունքների ժամանակ ձեռք բերած գիտելիքները։ Միաժամանակ մարտական տեխնիկայի ընթացիկ սպասարկում էին կատարում. այս հզոր մեքենաները մշտական խնամքի, հոգատար վերաբերմունքի կարիք են զգում։ Քիչ անց ջոկի հրամանատարը զեկուցեց դասակի հրամանատարին՝ «Մարտկոցը լիցքավորված է, յուղն ու վառելիքը՝ անհրաժեշտ քանակի, զինամթերքը բեռնված է։ Կապը, մեքենայի ընթացային եւ ղեկավարման համակարգերը գործում են անխափան։ Անձնակազմը պատրաստ է մարտի»։ Այնուհետեւ պատասխանատու սպաները ստուգեցին պայմանական մարտական իրավիճակներում տարբեր հրամաններ կատարելիս ընդհանուր փոխգործակցության, յուրաքանչյուրի անհատական գործողությունների ճշտությունն ու արագությունը։ Դրանից հետո միայն զրուցեցինք Սարգսի, Հարությունի եւ Գագիկի հետ։
-Հետեւակի մարտական մեքենան արագաշարժ, մանեւրելու ընդունակ տեխնիկա է, մարտի ժամանակ շատ մեծ դեր է խաղում, եթե ճիշտ եւ նպատակային օգտագործես,- մեկը մյուսին լրացնելով ասում էին տղաները։ -Հստակ պետք է գործեն անձնակազմի անդամները, քանի որ նրանք պատասխանատու են ոչ միայն իրենց, այլ նաեւ հետեւակայինների համար, որոնց պետք է սահմանված վայր տեղափոխեն եւ աջակցեն մարտական կրակով։ Ամեն մեկս դա գիտակցում է եւ ձգտում «վարպետանալ»։ Երբեմն թվում է, թե որոշակի ուսուցում ստանալուց հետո ամեն ինչ գիտես, մնում է միայն մեքենավարես ու կրակես, բայց հավատացեք, մեր գործում անընդհատ սովորելու, կատարելագործվելու տեղ կա. տարբեր իրադրություններում, տեղանքներում, եղանակային պայմաններում պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշվել ու գործել։ Հատկապես գործնական վարժանքների ժամանակ տարբեր մարտական իրավիճակներ ենք ստեղծում եւ համատեղ որոշում մեր անելիքը։
Մասնագիտական մրցույթի ընթացքում նրանք բոլոր առաջադրանքներն անթերի են կատարել՝ շարային, ֆիզիկական պատրաստություն, հրաձգություն, մեքենավարում եւ այլ առարկաներից։ Նույնը պատրաստվում են կրկնել համաբանակային ստուգատեսին։
-Հաղթելու ցանկությունը շատ մեծ է, մեր պատրաստվածությունն էլ թույլ է տալիս դա։ Անկախ վերջնական արդյունքից, մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, ձգտելու ենք արժանիորեն ներկայացնել զորամիավորումը,- նշեց Սարգիսը։
ՀՄՄ ջոկի հրամանատարն ու մեխանիկ-վարորդը շուտով կզորացրվեն, նշանառուի ծառայության մեկ տարին կբոլորի։ Ընկերացել են, կես խոսքից հասկանում են իրար, հակառակ դեպքում՝ լուրջ հաջողության չէին հասնի։ Երեքն էլ վստահեցրին, որ այդ մտերմությունը կշարունակվի նաեւ քաղաքացիական կյանքում։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարը՝
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Ազգային բանակ


15/02/2011