ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԶՈՀՎԻ
Հոլանի բարձունքներում մի քանի ականանետային արկեր պայթել են Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքից ընդամենը 300 մետր հեռավորության վրա: Նախարարը բարձունքների շրջան էր ժամանել անձամբ գնահատելու Սիրիայի հետ սահմանում տիրող իրավիճակը:
Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Թել Ավիվն ուշադիր հետևում է զինապահեստներից սպառազինության հնարավոր արտահոսքին և պատրաստ է Ասադի վարչակարգի անկումից հետո իրավիճակի ցանկացած զարգացման:
Միաժամանակ նման ծրագրեր է մշակում նաև Վաշինգտոնը: ԱՄՆ-ն ու Իսրայելը մտահոգված են հատկապես սիրիական քիմիական զենքի ճակատագրով: Ընդ որում, ավելի վաղ հաղորդվում էր նաև կենսաբանական զենքի առկայության մասին: Հայտնի է նաև, որ Պենտագոնն իսրայելական հատուկ ծառայությունների հետ քննարկել է սիրիական քիմիական զինապահեստների ոչնչացման հնարավորությունը:
Վաշինգտոնը, սակայն, կտրականապես դեմ է Իսրայելի զինված միջամտությանը Սիրիայում ընթացող գործընթացներին, զգուշանալով, որ դա Ասադին հնարավորություն կտա սիրիացիներին համախմբել ընդհանուր թշնամու դեմ:
Խորագիր՝ Նորություններ