Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԵԼ



Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Սիրիան կարող է քիմիական զենք օգտագործել: Նա միաժամանակ հստակեցրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի բոլոր պահեստները գտնվում են կառավարական զորքերի խստագույն հսկողության ներքո:

Այս հայտարարությունը հետևեց վերջին ժամանակներս շրջանառվող այն լուրերին, թե Միացյալ Նահանգները հրաժարվել է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղեգծից և մտադիր է ավելացնել ընդիմությանը ցուցաբերվող օգնությունը:

Դիմելով պաշտոնական Դամասկոսին՝ Սպիտակ տունը կոչ է արել «անգամ չմտածել» ընդիմության հետ հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման մասին, և որ դա «բացարձակապես անթույլատրելի է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, իր հերթին «դատապարտելի» ու «անմիտ» որակելով նման քայլը, միաժամանակ խոստովանել է, որ Սիրիայում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգը միանգամայն իրական է:

Սպառազինությունների վերահսկողության ասպարեզի փորձագետների կարծիքով, զանգվածային ոչնչացման զենքի սիրիական զինանոցում կա սիբիրյան խոցի հարուցիչ, ինչպես նաև՝ բոտուլոտոքսին, որն ամենաուժեղն է առ այսօր հայտնի օրգանական թույների շարքում:

Դամասկոսը 1972 թվականին ստորագրեց մանրեաբանական զենքի արգելման կոնվենցիան, բայց անցած չորս տասնամյակների ընթացքում այդպես էլ չվավերացրեց այն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/07/2012