Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔՆ ՈՒ ՀՈՐԴԱՆԱՆԸ ԲԱՑԵԼ ԵՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ



Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին և Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն անձամբ են ստորագրել հարևան Սիրիայից փախստականների հոսքի առջև սահմանները բացելու հրամանագրերը:

Մինչ այժմ սիրիացի փախստականները հիմնականում ապաստան էին գտնում Լիբանանում ու Թուրքիայում, իսկ Իրաքի ու Հորդանանի տարածք էին թափանցում անլեգալ ճանապարհներով, քանի որ այս երկու պետությունների իշխանությունները, մատնացույց անելով «ներքին դժվարությունները», նկատելի անբարյացակամ էին սիրիացի փախստականներին ընդունելու հարցում:

Հորդանանը միաժամանակ ուժեղացրել է սիրիական սահմանի հսկողությունը, զգուշանալով, որ անկարգությունները, տարածվելով նաև Հորդանանում, կարող են ներսից պայթեցնել թագավորությունը:

Նույն մտավախությամբ ավելի վաղ նման քայլի էր դիմել նաև Թուրքիան:
Վերջին շրջանում Սիրիայից հեռացել է շուրջ 120.000 մարդ:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ռուսաստանյան խոշորագույն “Аэрофлот” ընկերությունը օգոստոսի 6-ից դադարեցնելու է օդային չվերթները դեպի Դամասկոս: Իր այդ քայլն “Аэрофлот”-ը բացատրել է բացառապես «առևտրային դրդապատճառներով», պնդելով, որ Դամասկոս մեկնել ցանկացողների թիվը վերջին շրջանում էապես պակասել է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/07/2012