Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԵՆՔԵՐ



Մարդկությունն իր զարգացման ողջ ընթացքում որսի, պաշտպանության և նվաճողական գործողությունների համար ստեղծել է բազմապիսի զենքեր՝ մահակներից, կոպալներից, նիզակներից, պարսատիկներից սկսած և վերջացրած թնդանոթներով, ինքնաձիգներով ու միջուկային ռումբերով: Ստեղծվել են նաև բազմաթիվ ինքնատիպ ու շատ տարօրինակ զինատեսակներ:

Այս ճկուն ու մահաբեր զենքն օգտագործել են հարավամերիկյան հնդկացիները: Այն կոչվում է ուրումի (մյուս անվանումը՝ չուտուվալ՝ պարուրաձև թուր): Սայրը (երբեմն՝ մի քանիսը) այնքան ճկուն էր, որ կարելի էր փաթաթել ու պահել, եթե զենքը չէր օգտագործվում: Սայրի ճկունությունը թույլ էր տալիս նաև այն օգտագործել որպես… գոտի: Ու թեպետ այս զենքն արտաքնապես վտանգավոր չի թվում, նրա տիրոջ վրա հարձակվողները հայտնվում էին աննախանձելի վիճակում. սայրերը սուր էին ածելու պես:

Կուսարիգամա. ևս մեկ ճապոնական զենք: Սա գուրզի և մանգաղի խառնուրդի պես մի բան է: Այս անսովոր զենքը սամուրայներն օգտագործում էին այսպես. զինվորն այն պտտում էր գլխավերևում՝ նշան բռնելով թշնամուն, և կա՛մ նրան վիրավորում էր սուր շեղբով, կա՛մ հարվածում երկաթե հատուկ գնդով, որը շղթայով միացված էր բռնակին: Կուսարիգաման որպես պատերազմական զինատեսակ ժողովրդականություն էր վայելում XII-XVII դարերում:

Ճապոնական նինձյաները հարձակվողի ձեռքից թուրը խլելու համար օգտագործում էին հատուկ «ճանկեր»՝ տեկո-կագի: Սա ձեռնոցի պես հագցնում էին ձեռքերին, և այդպիսի զենքով կարելի էր ոչ միայն պաշտպանվել, այլև բավական արդյունավետ գրոհել: Տեկո-կագին առավելապես պատրաստվում էր ալյումինից, պողպատից, երկաթից և փայտից:

Տրեբուշե բաբանը սովորական բաբանի կատարելագործված տեսակն էր, որն առանձնանում էր գնդի նետման մեծ հեռավորությամբ և ճշտությամբ: Օգտագործվել է առավելապես XII դարում Մալթայի միաբանության ասպետների կողմից խաչակրաց արշավանքների ժամանակ: Հետաքրքրական է, որ հենց այս բաբանն է համարվում կենսաբանական զենքի նախապապը: Բաբանի վրա տեղադրում էին այտուցային ժանտախտից մահացածների մարմինները և կրակում պաշարված քաղաքների բնակելի թաղամասերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է շատ մարդու վարակել այդ մահացու հիվանդությամբ:

FP-45 Liberator («Ազատարար») ատրճանակը ստեղծվել է «Ջեներալ մոթորս» ընկերության կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակի կարիքների համար: Այս ատրճանակների զանգվածային արտադրությունը կազմակերպվել էր Օհայո նահանգում: Ամբողջ զավեշտն այն է, որ «ազատարար» կոչված ատրճանակն այնքան անհուսալի էր և անհարմար, որ շատ շուտով արտադրությունը դադարեցվեց:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական բնակչությանն ահաբեկելու նպատակով գերմանական բանակն օգտագործեց, այսպես կոչված, փարիզյան թնդանոթը: Նրա փողն ուներ 92 ոտնաչափ (28 մետր) երկարություն, կրակում էր 210-ֆունտանոց (մոտ 85 կգ) գնդերով, որոնք թռչում էին մինչև 75 մղոն (120 կմ): Քանի որ թնդանոթը կրակում էր շատ հեռվից, Փարիզի բնակիչները ժամանակին չնկատեցին սպառնալիքը, և առաջին համազարկերն ու ավերածությունները իսկական ամպրոպ էին պարզ երկնքում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական բանակն օգտագործում էր փոքրիկ տանկերի տեսք ունեցող հեռակառավարվող ականներ: Սակայն որոշ ժամանակ անց այդ ականները ճանաչվեցին անարդյունավետ, քանի որ ունեին շատ փոքր արագություն, ինչպես նաև դրանց կառավարման աղբյուրին միացող հաղորդալարերը հաճախ վնասվում էին հակառակորդի կողմից, և ականները չէին գործում:

1944 թ. վերջում Ճապոնիան նախատեսել էր անցկացնել ԱՄՆ-ի բնակչությանը վախեցնելուն ուղղված մի շարք գործողություններ: Սակայն նավերով կամ ինքնաթիռներով հասնել Ամերիկայի ափերին և մնալ աննկատ, անհնար էր: Եվ այդպիսով ծնվեց ճարտարագիտական մտքի այս տարօրինակ խառնուրդը՝ ռումբ-օդապարիկը: Ճապոնացիներն օվկիանոսի վրայով ուղարկեցին մոտ 9000 մահաբեր «փուչիկներ», որոնցից մոտ 1000-ը հասան ԱՄՆ-ի ափերին, սակայն սպասված ավերածությունները չգործեցին. զոհվեց ընդամենը 6 մարդ: Նահանգների կառավարության խնդրանքով մամուլն այդ օդապարիկների մասին ոչինչ չգրեց՝ բնակչության շրջանում խուճապ չառաջացնելու և հակառակորդին դրանց վերաբերյալ տեղեկություն չտալու նպատակով: Չունենալով ոչ մի տվյալ ռումբ-օդապարիկների արդյունավետության մասին՝ Ճապոնիայի ղեկավարությունը դադարեցրեց դրանց «առաքումը» ԱՄՆ:

Ատրճանակների որոշ տեսակներ պատրաստվում են այնպես, որ արտաքին տեսքը նմանեցվում է որևէ կենցաղային առարկայի, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ ինքնահոս, լապտերիկ, բջջային հեռախոս, անձրևոց և նույնիսկ… շրթներկ: Այդպիսի որոշ ատրճանակներ կարելի է վերալիցքավորել: Կան նաև «միանգամվա օգտագործման» «գրիչ-լապտերիկներ», սակայն դա այդ զենքը չի դարձնում պակաս մահաբեր, քան նրանց «չքողարկված» «գործընկերներն» են:

Պատրաստեց
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ռազմական


25/07/2012