Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՃՌՈՐՈՇ ՄԱՐՏ ԽՈԶԵՐԻ ԾՈՎԱԾՈՑՈՒՄ



Գերմանական Tagesspiegel թերթն անդրադարձել է Ֆիդել Կաստրոյի ռեժիմի տապալման՝ 1961 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների ձախողված փորձին:

Հոդվածագիր Թոնի Քեփլերը պատմում է, որ 1960-ականների սկզբներին Կուբայի ուղղությամբ սկսեց հեռարձակվել Radio Swan կայանը, որ ֆինանսավորվում էր ամերիկացիների կողմից: Բացի նորություններից և երաժշտական ծրագրերից, այն հաճախ հեռարձակում էր նաև գաղտնագրված հաղորդագրություններ, որ հասցեագրված էին Կուբայի` թշնամաբար տրամադրված ընդդիմությանը:

Եվ ինչպես խոսվում է հոդվածում, գլխավոր գաղտնագրված հաղորդագրությունը հնչեց 1961 թվականի ապրիլի 15-ին: Առաջին հայացքից անիմաստ թվացող բառակույտը հետևյալ տեղեկությունն էր պարունակում. «Վտարանդի կուբացիների մարտական ստորաբաժանումը 1961 թվականի ապրիլի 17-ին վաղ առավոտյան ափ կիջնի Խոզերի ծովածոցում»: Խոսքը 1500 լավ զինված դեսանտայինների մասին էր, որոնց հետ ափ էր իջեցվելու նաև 5 հրասայլ, 17 բեռնատար և հրանոթ: Գրեթե միաժամանակ խոր թիկունքում օդային դեսանտ էր իջեցվելու:

«CIA-ի (Central Intelligence Agency-Կենտրոնական հետախուզական վարչություն-ԿՀՎ) վերլուծաբանները կարծում էին,- ասվում է հոդվածում,- թե Խոզերի ծոցի ճահճային տեղանքը լավագույնս համապատասխանում է ծովային հետևակի իջեցման համար»: Ըստ նախանշված ծրագրի՝ ջոկատը պետք է հենակետ ապահովեր, իսկ ընդդիմությունը մեծ քաղաքներում ահաբեկչական գործողություններ կազմակերպելով պետք է իր վրա շեղեր թշնամու ուշադրությունը և զանգվածային ընդվզումներ սկսեր: Իսկ այդ դեպքերի իրականանալուց մի քանի օր հետո ԿՀՎ-ն նախատեսում էր Կուբա հասցնել «վտարանդի կառավարության» անդամներին. կառավարություն, որին անմիջապես պետք է ճանաչեին լատինաամերիկյան մի քանի երկրներ: Եթե ամեն բան ընթանար ծրագրի համաձայն, «կառավարության» առաջին քայլը պետք է լիներ օգնության խնդրանքով Ամերիկյան պետությունների կազմակերպությանը դիմելը: Սրան կհետևեր ԱՄՆ-ի առաջնորդությամբ միջազգային ներխուժումը, որ վերջ կդներ Ֆիդել Կաստրոյի հեղափոխությանը:

Սակայն, որքան էլ որ տեսականորեն հրաշալի էր թվում ծրագիրը, իրականում, ինչպես ասել է Ջ.Վաշինգտոնի անվան համալսարանի Ազգային անվտանգության արխիվի տնօրեն Փիթեր Քորնբլուն, «այն նախագահ Քենեդիի անձնական դժբախտությունն ու ձախողումը դարձավ»:

Ինչպես մեկնաբանում է հոդվածի հեղինակը՝ Կուբայի քաղաքներում ապստամբության փորձեր չեղան: Այս մասին հոգացել էր Ռաֆայել Ֆրանսիս Մեստրեն, որ հպարտանալու առիթ ունի. «Մենք կանխատեսել էինք հարձակման հանգամանքը և ճիշտ ժամանակին ձերբակալեցինք 20.000 կասկածյալների»: Իսկ մի քանի օր անց արդեն ամեն բան ավարտված էր. պահն անցել էր:

Ի պաշտպանություն հեղափոխության՝ հազարավոր կամավորներ ոտքի ելան: «Նրանց համար խորթ էր վախի զգացումը, և նրանք վստահ էին, որ հաղթելու են»,-վկայում է պատմական դեպքերի ականատես Նորմա Ֆերրերը: «Կամավորները,-շարունակում է նա,- մարտական փորձ չունեին: Նրանց մեծամասնությունը գրեթե երեխաներ էին. 17 տարեկանից ավելի մեծերը քիչ էին»: Եվ այնուամենայնիվ ափ ելնելուց երեք օր անց «վտարանդիները» վերջնականապես ջախջախված էին:

Կամավորներն ընդամենը 152 հոգի կորուստ ունեցան, հին կարգերի կողմնակիցները՝ 200-ից ավելի: Եվս 1197-ը գերեվարվեց: Ավելի ուշ նրանց փոխանակեցին սննդամթերքի և դեղորայքի հետ:

Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Պատմության էջերից


25/07/2012