ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՎԱՆԵՑԻՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայ ազատագրական պայքարի ամենահմայիչ դեմքերից էին վասպուրականցի Ալեքսանդր Պետրոսյանը (Պետո) և իր նշանածը՝ Զարուհի Տերոյանը՝ հայտնի ֆիդայի Տիգրան Տերոյանի քույրը։
Կիրակի օրը Պետոն և Զարուհին Վարագա վանքի սաներին տանում էին Վարագա սար և հրաձգության վարժեցնում։ Կարճ ժամանակ հետո վանեցի տղաներն այնքան դիպուկ էին կրակում, որ նրանց արձակած գնդակը գետին չէր ընկնում։
-Վանեցին ժլատ է նաև գնդակի հարցում,- ծիծաղում էր ծնունդով կարսեցի Պետոն։
-Վանեցին խնայող է, նա և՛ հաց ունի, և՛ զենք։ Վա՜յ նրանց, ովքեր չեն կարողանում իրենց հացն ու մյուս սրբությունները զենքով պաշտպանել,- Պետոյին լրացնում էր Զարուհին։
Այն, որ վանեցիները կարող էին իրենց սրբությունները պաշտպանել, վկայում են 1896 և 1915թթ. ինքնապաշտպանական հերոսամարտերը։
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՊԵՏՈՅԻ (ՀԵՐՈՍԻ) ՀԻՇԱՏԱԿԻՆ
Գարահիսար լեռան կրծքին՝
Նա էլ ընկավ վիրավոր.
Կուրծքը պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակից։
Ժայռոտ լեռան սեգ կատարից
Վար սլացիր, սև արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ջիվանին հով արա։
Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա…
Ախ, ջիվանի կյանքն է հոսում
Ցավոտ կրծքի լայն վերքից…
Հ. ՄԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային