Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԴՐԱՆՔՍ ՉՄԵՐԺԵՍ



Տիկին Գոհարը ամուսնուն և իր ջոկատի տղաներին սահման ճանապարհելիս բարեմաղթում էր.

-Մարաթուկի սուրբ Աստվածածինը պահապան լինի ձեզ…

Հետո ականջը սահմաններից եկող-գնացող տղաների տեղ հասցրած կցկտուր լուրերին՝ լսարան մտնելուց փորձում էր պատասխանել ուսանողների բազմաթիվ հարցերին։ Իսկ ուսանողները հետաքրքրասեր էին, հայրենասեր՝ մտքով ու հոգով հայրենի սահմաններում։

Պատմում էր ամուսնու՝ Ալֆրեդ Ներսիսյանի (Աֆո) հրամանատարությամբ գործող «Սասունցիներ» ջոկատի տղաներից, նրանց քաջագործություններից, խենթություններից։ Ջոկատի տղաները իրենց սասունցի պապերից ժառանգել էին հերոսություն, քաջություն և նաև Սասնա Դավթից եկող ծռություն։ Այդ պատմություններից հատկապես մեկը շատ է բնական, շատ է հետաքրքիր, որն էլ ժպիտով ու ոգևորությամբ լսում էին ուսանողները։ «Սասունցի Թամո քեռին պատմում է, որ Ծուռ Դավիթ գետի վրա մի կամուրջ է պատրաստում ու նստում կամրջի կողքին։ Երբ անցորդը ուզում է կամրջով անցնել՝ ծեծում է, ասում. «Քեզ ո՞վ է իրավունք տվել անցնել իմ կամրջով»։ Ճարահատ անցորդը, երբ մտնում է գետը, որ գետով անցնի, նորից է դեմը կտրում. «Բա էս կամուրջ ինչի՞ եմ կառուցել»։ Այս պատմությունը լսելով՝ հարգարժան բանահավաք, լեզվաբան Մանուկ Աբեղյանը մտորում, մտորում ու դիմում է սասունցի Թամո քեռուն.

-Ինչի՞ էր այդպես վարվում Դավիթը։ Եվ պատասխանը չի ուշանում.

-Լաո, բա Դավիթ իմա՞լ հաստատեր ուր ծռություն…

Եվ «Սասունցիներ» ջոկատի բազում հերոսական խենթություններից էր պատմում տիկին Գոհարը իր ուսանողներին…

…Հերթական անգամ, երբ Աֆոն պետք է մեկներ Արցախ, մոտենում էր Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, և լուրեր էին պտտվում Խոջալուի ազատագրման մասին։ Կապելով իրերը, սնունդը, տիկին Գոհարը նույն բարեմաղթանքներով ճանապարհեց ամուսնուն ռազմի դաշտ։ Երբ մեքենան պետք է շարժվեր, տիկին Գոհարն իր մեղմ ժպիտով դիմեց ամուսնուն. «Խնդրանքս չմերժես, կկատարես»։ Մեքենան շարժվեց, ու էլ հարց ու պատասխանի ժամանակ չեղավ։

«1992թ. փետրվարն էր,- վերհիշում է Աֆոն,- Ասկերանի դրությունը ծանր էր։ Քարագլխում, Փարուխի, Խրամորթի (այդ գյուղերը գրավել էր թշնամին) տղաների հետ կասեցրինք ադրբեջանցիների առաջխաղացումը։ Մի քանի օր անց գրավեցինք Մալիբեյլին ու Ղուշչուլարը, ընկավ նաև Ղարադաղլուն, որը փակել էր Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը։ 1992-ի փետրվարի 25-ին եկավ մեր աստեղային ժամը՝ գրավել թշնամու որջը՝ Խոջալուն։ Խոջալուի ճակատամարտը հրեղեն ճակատամարտ և աստեղային ժամ եմ համարում, որովհետև այդ օրը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Դրանից ավելի թանկ նվեր մեզ թվում էր չկար Զորավարի համար։ Սկսվեց հրեղեն մի ճակատամարտ՝ առավոտյան ժամը 7-ի մոտերքն այն փառքով պսակվեց։ Առավել մանրամասն, ավելի փաստացի այս պատերազմի մասին շատ է գրվել և դեռ գրվելու է, սակայն երբ Խոջալուի օդանավակայանից գալիս էինք Ստեփանակերտ, ճանապարհին գրպաններիցս մեկում դպրոցական տետրի մի բազմածալ թերթ գտա։ Ձեռագիրն ինձ շատ ծանոթ էր, հարազատ։ Այնտեղ ընդամենը մի քանի նախադասություն էր. «Ես հավատում եմ սասունցիների խենթությանը, ձեր արյան կանչին, համոզված եմ, որ առանց Խոջալուի չեք վերադառնա։ Սիրելի Աֆո, Մարաթուկի սուրբ Աստվածածինը քեզ և քո ընկերներին պահապան։ Խնդրանքս քեզ՝ առանց Խոջալուն գրավելու, չվերադառնաք։ Ազատագրեք Խոջալուն և մյուս գերված բնակավայրերը, որ խաղաղվի Մեծ Զորավարի հոգին։ Հաղորդիր իմ խնդրանքը ջոկատի տղաներին։ Ձեր մայրերը, դուստրերը, կանայք սպասում են ձեզ հաղթանակած»։

Հիշեցի Գոհարի խոսքերը մեզ ռազմադաշտ ճանապարհելիս. «Խնդրանքս չմերժես»։ Եվ պատասխանը կար՝ Զորավարի ծննդյան նվերը…

Ահա այդ նամակը,- և ցույց տալով խունացած թերթի կտորը, Աֆոն ավելացրեց. -Մեր բոլոր հաղթանակները ծնվել են, երբ ամուր է եղել մեր թիկունքը և բազուկների զարկը՝ անվրեպ ու անսասան…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012