Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴԱՎԱՌ



Մեր Տեր Հիսուս Քրիստոսի
պայծառակերպությունը
(Մատթ. 17.1-13, Մարկ. 9.2-12,
Ղուկ. 9.28-36)

Ամեն տարի շքեղ հանդիսությամբ, տոնական շարականներով ու աղոթքներով մենք տոնում ենք Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անվամբ։

Այդ օրը Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը՝ աղոթելու։ Աղոթքի պահին Աստվածորդու դեմքը փայլեց ինչպես արեգակ, և զգեստները շողարձակեցին, ինչպես լույսը։ Հանկարծ առաքյալներին երևացին Մովսես և Եղիա մարգարեները, ովքեր խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ լինենք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ Եղիայի համար»։ Հանկարծ մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, և ամպից լսվեց մի ձայն, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեք»։ Աշակերտները սաստիկ վախեցան և երեսնիվայր ընկան։ Հիսուսը, մոտենալով նրանց, հուսադրեց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»։ Երբ առաքյալները գլուխները բարձրացրին, իրենց Ուսուցչից բացի ոչ մեկին չտեսան։

Հիսուսը պատվիրեց աշակերտներին տեսածի մասին ոչինչ չպատմել, մինչև Մարդու Որդու՝ մեռելներից հարություն առնելը։ Եվ առաքյալները հասկացան, որ իրենց մեծ շնորհ տրվեց՝ տեսնելու Հիսուսի Աստվածությունը։

Ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որի վրա էլ հետագայում կառուցվել է եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպության։

Վարդավառի տոնը մեր Եկեղեցում նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը։

Վարդավառի օրը՝ ս. Պատարագից հետո, տղաներն ու աղջիկները ուրախ խաղեր են կազմակերպում և ջուր ցողում միմյանց վրա։

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012