Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ. ԿՈՅԼԱՎՅԱՆՆԵՐ



17-20-րդ դարերի Ռումինիայի պատմության մեջ անջնջելի հետք թողեց Կոյլավյանների (Կոյլավների) հայ ազնվական գերդաստանը, որի նախնիներն Անի քաղաքից էին, անցել էին Ղրիմ, ապա՝ Գալիցիա, Հունգարիա եւ վերջնականապես հանգրվանել Մոլդովայի Սուչավա, հետո նաեւ Բոտոշան քաղաքներում, որոնք այժմ գտնվում են Ռումինիայում։ Գերդաստանի հիմնադիրը Աստվածատուրն էր (Թեոդորը), որն զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ եւ առեւտրով, դարձել Բոտոշանի ու համանուն գավառի մեծահարուստներից մեկը՝ ազդեցիկ դեմք ամբողջ երկրում։

Աստվածատուրի սերունդներից աչքի ընկավ Դավիթը, որը երկրին մատուցած ծառայությունների համար 1804-ին ստացավ ազնվականության տիտղոս։ Նա բարձր՝ իշխանական պալատի կլուչեր (մատակարար) պետական պաշտոնն է զբաղեցրել։ Նրա որդի Խաչերեսը եղել է զորքի հրամանատար, մյուս որդին՝ Գասպարը, իշխանի թիկնապահ եւ բանակի հրամանատար։

Գերդաստանի առավել նշանավոր ներկայացուցիչներից էր Ժան (Հովհաննես) Կոյլավը (1851-1926), որն իրավաբան էր, քաղաքական գործիչ։ Ստացել էր հայեցի կրթություն Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա ուսանել Ստրասբուրգում, ավարտել Ժնեւի եւ Բրյուսելի համալսարանները։ Եղել է իրավագիտության դոկտոր, դատական ատյանի նախագահ, Ռումինիայի խորհրդարանի անդամ, սենատոր։

Երկրում ճանաչված բժիշկ էր Դիոնիսիե Կոյլավը (1861-1926)։ Զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ, Վիեննայի համալսարանում ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան։ Մեծ հեղինակություն ունենալով Բոտոշանում՝ ընտրվել է քաղաքապետ, եղել է Ռումինիայի խորհրդարանի անդամ, սենատոր։

Հայտնի երաժիշտ էր Մարիե Կոյլավը (1887-1929), որը բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում եւ Իռլանդիայում։ Վերադառնալով Ռումինիա՝ ակտիվորեն զբաղվել երաժշտական եւ թարգմանչական գործունեությամբ։

Թարգմանիչ, լրագրող, հասարակական գործիչ էր Բոգդան Կոյլավը (1890-1974), որի անունը լայնորեն հայտնի էր ամբողջ երկրում։

Կոյլավյաններն ամուր կապված են եղել ռումինահայ համայնքի հետ, ժառանգաբար ստանձնել են Բոտոշանի հայոց եկեղեցիների հոգաբարձությունն ու հայկական դպրոցների վերատեսչությունը։ Լինելով մեծահարուստ մարդիկ՝ կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, զբաղվել բարեգործությամբ։

Գերդաստանը տվել է նաեւ հայագետներ, որոնցից ամենաճանաչվածը Գրիգոր Կոյլավն էր (1860-1920)։ Գրել է բազմաթիվ հայագիտական հոդվածներ, աշխատություններ, ուսումնասիրել է Մոլդովայի եւ Ռումինիայի հայկական եկեղեցիների արձանագրությունները, հին ձեռագրերը, դիվանական նյութերը։ 1906-ին Բուխարեստում հայ արվեստի ցուցահանդեսի կազմակերպման համար արժանացել է շքանշանի։ Եղել է Ռումինիայի սենատոր։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012