Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ



Մարտական պատրաստությունը զինված ուժերի գլխավոր խնդիրն է, ամենօրյա գործունեության անբաժանելի մասը, առանցքը, որի շուրջը կառուցվում է զինվորական առօրյան: Այն իրականացվում է տարբեր եղանակներով: Զինված ուժերում գործընթացն իրականացվում է ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում, կարճատև դադարի ընթացքում ստորաբաժանումները քննություններ են հանձնում, որոնց արդյունքներից էլ պարզ է դառնում` ինչքանով էր արդյունավետ սպաների աշխատանքը, որ զինվորն է առավել լավ տիրապետում իր մասնագիտությանը: Ե՛վ ձեռքբերումները, և՛ բացթողումները հաշվի առնելով` զորքերում նախապատրաստվում են նոր ուսումնական փուլին: Ձևավորված ավանդույթի համաձայն` այն սկսվում է ուսումնական տագնապով: ՀՀ ԶՈՒ ԳՇ համապատասխան վարչությունների և ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները այցելում են զորամասեր, տեղում հետևում անձնակազմի գործողություններին, անհրաժեշտության դեպքում մեթոդական, կազմակերպչական ցուցումներ տալիս:

Օրերս ուսումնական տագնապ հայտարարվեց նաև գնդապետ Բ. Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Ազիբեկյանի ուղեկցությամբ հետևեցինք անձնակազմի գործողություններին: Առավոտյան «Տագնապ» ազդանշանը ստանալուց հետո զորամասը բերվեց մարտական պատրաստականության բարձր վիճակի: Նման իրավիճակների համար նախապես հաստատված պլանի համաձայն` յուրաքանչյուր օղակի հրամանատար ստացավ կոնկրետ առաջադրանք: Քիչ անց շտաբի առջև արդեն կանգնած էին սուրհանդակները, ովքեր պետք է լրացուցիչ կապ ապահովեին ստորաբաժանումների միջև: Զորանոցներում շարքային և սերժանտական կազմերը ստացան ամրակցված զենքերը, դուրս բերեցին զինանոցներում առկա զինամթերքը: Փոխգնդապետ Մուսայելյանը և փոխգնդապետ Դանիելյանը քիչ անց պատրաստ էին զեկուցելու, որ իրենց ստորաբաժանումները պատրաստ են երթի դեպի նստեցման շրջան: Հաջորդ փուլում արդեն հետևում էինք հավաքակայանում ավտոմոբիլային և մարտական տեխնիկայի դուրսբերման կարգին: Ըստ ժամանակացույցի սահմանված գործողություններ կատարելով` անձնակազմերի մեխանիկ-վարորդները ևս մեկ անգամ զննեցին մեքենաները, համոզվելու համար, որ դրանք անխափան աշխատում են, և պատասխանատու պահին որևէ խնդիր չի առաջանա: Մեկ-երկու արձանագրված խափանումները արագ վերացվեցին, և ավտոշարասյունը ուղևորվեց նախանշված վայր: Ինչպես հետագայում նշեցին պատասխանատուները, բոլոր ստորաբաժանումները ռազմերթ կատարեցին նորմացույցի համաձայն: Մեր խումբը հետևեց հրետանային դիվիզիոնի Դ-30 մարտկոցի պարապմունքներին: Տագնապի պլանով առաջադրված տեղանքում մարտկոցի հաշվարկները բացազատեցին իրենց մարտական միավորները: Հրետանային հաշվարկները Դ-30 թնդանոթները երթայինից բերեցին մարտական վիճակի` սպասելով հետագա հրամանների: Մարտկոցի հրամանատարը շատ գոհ մնաց հատկապես հաշվարկներից մեկի գործողություններից` հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Մհեր Մկրտչյան, նշանառու շարքային Թելման Գրիգորյան, հաշվարկի համար, շարքային Ռուբեն Հովհաննիսյան: Տեխնիկան մարտական վիճակի բերելիս նրանք պատասխանում էին նաև հրամանատարի հարցերին, մանրամասն նկարագրում թնդանոթի յուրաքանչյուր դետալը, դրա կիրառման կարգը և առանձնահատկությունը` փաստելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը:

Զորամասի բոլոր ստորաբաժանումները տագնապի պլանով բերվեցին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների: Մասնակցեցին նաև նորակոչիկները: Այսինքն, տագնապի նպատակը ոչ միայն անձնակազմը ստուգելն էր, այլև որոշակի իրավիճակների համար կոնկրետ օգնություն տրամադրելը, հարկ եղած դեպքում ուսուցանելը: Ժամեր անց, երբ հանձնաժողովը սկսեց ամփոփել օրվա արդյունքները, հանձնաժողովի նախագահ, օպերատիվ վարչության պետի տեղակալ գնդապետ Բաղդադյանը նշեց, որ բոլոր օղակները հաջողությամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Իհարկե, եղել են բացթողումներ, օրինակ՝ փաստաթղթային ձևակերպումները թերի են եղել, սակայն դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա: Նա նաև հավելեց, որ առաջադրանքների կատարման ընթացքի վերաբերյալ դեռ քննարկումներ կանցկացվեն զորամասի հրամանատարության հետ, առանձին կուսումնասիրվի ամեն մի ստորաբաժանման դերակատարումը: Բոլոր արդյունքներն ի մի բերելուց հետո զորամասի հրամանատարության հետ կմշակվի բացթողումների վերացման, տարբեր օղակների փոխգործակցության ներկայիս մակարդակի վերանայման կարգը: Դրանից հետո հնարավոր կլինի էականորեն բարելավել նորմացույցների կատարման ժամանակը:

Իհարկե, անձնակազմի գործողությունների ընդհանուր գնահատականը պետք է տան հրամանատարները: Սակայն հետաքրքիր է լսել նաև անմիջական մասնակիցների` սպայի ու զինվորի կարծիքը` ինչքանո՞վ է արդյունավետ նմանատիպ միջոցառումը, ինչքանո՞վ է նպաստում իրենց մասնագիտական աճին:

Կապիտան Ա. Մելոյան.

-Զորքերում եմ 2004թ., Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ծառայության տարիների ընթացքում ոչ մի անգամ տույժ չեմ ունեցել, միայն խրախուսանքներ: Յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտին ճանաչվել եմ լավագույն մարտկոցի հրամանատար: Անկասկած, դրան նպաստել են նաև նմանատիպ ուսումնական մարզումները: Երբեմն ռազմական բուհն ավարտող երիտասարդ սպաները կարծում են, որ այլևս սովորելու բան չունեն, սակայն դա սխալ մտածելակերպ է, և շուտով իրենք համոզվում են դրանում: Սպան պետք է անդադար սովորի: Նա պետք է լսի իր հրամանատարներին, նրանցից օրինակ վերցնի, ուսումնական ամեն մի վարժանքի ժամանակ ավելացնի իր փորձառությունը, որպեսզի հատկապես հավանական մարտական իրավիճակում կարողանա կառավարել անձնակազմը, ճիշտ հրամաններ արձակել:

Դասակի հրամանատար, ավագ Տիգրան Քեռյան.

-Այսօր նախատեսված բոլոր գործողությունները մեր դասակը կատարեց գերազանց, հրամանատարները շատ գոհ էին: Թվում է, թե բազմիցս կատարված գործընթաց էր, բայց յուրաքանչյուրը փորձում էր ներդնել ողջ ուժերը, ավելի բարձր արդյունք ցույց տալ, քան նախորդ նմանատիպ վարժանքների ժամանակ: Ես էլ որպես դասակի հրամանատար ձգտել եմ առավելագույնս դրսևորվել, գրագետ կազմակերպել մեր ստորաբաժանման գործողությունները: Ինքս սովոր եմ ծանրաբեռնվածության, դեռ ուսանողական տարիներին արշավներ եմ կազմակերպել, եղել եմ դժվարանցանելի վայրերում, այնպես որ` ուսումնական տագնապն ինձ համար որևէ դժվարություն չի ներկայացնում: Բայցևայնպես, չեմ թաքցնի, որ ամեն վարժանքից հետո փորձառությունս որոշակիորեն ավելանում է, ինչպես և այս անգամ: Շնորհիվ նույն կերպ ձեզ կպատասխանեն նաև իմ դասակի զինվորները: Նրանք հաշվի են առնում, որ իրենցից մի քանի տարի մեծ եմ, մի քիչ ավելի փորձառու, և հետևում են իմ խորհուրդներին:

Շարքային Արևշատ Մկրտչյան.

-Գործնական պարապմունքները նաև զինվորներին են ոգևորում: Սա իմ առաջին «տագնապը» չէ: Աշնանը զորացրվելու եմ և բազմիցս մասնակցել եմ տարբեր վարժանքների: Եթե անկեղծ լինենք, նոր բան չենք արել, պարզապես ուսումնական փուլի ընթացքում մեր սովորածն ենք ցուցադրել: Ես ՀՄՄ-ի մեխանիկ-վարորդ եմ: Մինչև զորակոչվելը սովորել եմ ՊՄՏՀԿ վարորդական դասընթացներում: Արդեն զորամասում խորապես ուսումնասիրել եմ մարտական տեխնիկան: Ամբողջովին տիրապետում եմ տեխնիկային և յուրաքանչյուր առիթ օգտագործում եմ գիտելիքներս, հմտություններս խորացնելու համար: Իսկ դրա համար կոնկրետ ժամանակամիջոցում այլ մարտական միավորների հետ համատեղ առաջադրանք կատարելը լավագույն հնարավորությունն է:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/07/2012