Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՐԺԵՔԸ

Սահմանի պահպանություն իրականացնող զորամասի խնդիրները չես համեմատի թիկունքում տեղակայված և միմիայն մարտական պատրաստությամբ զբաղվող զորամասի խնդիրների հետ։ Զինվորը կամ ստորաբաժանումը, որը հայրենիք է պաշտպանում, պարտավոր է ունենալ անհրաժեշտ մարտական ու բարոյահոգեբանական պատրաստություն, ինչպես նաև՝ գիտելիք ու փորձ մարտավարությունից։ Իսկ թե ինչ արժե մարտական տագնապով ժամանակին առաջնագիծ կամ նշանակված վայր հասնելը, դժվար է ասել։ Ռազմական գործողությունների արագությունն ու ճշտությունն այստեղ պարզապես հայրենի հողի արժեքն ունի…

Մարտական պատրաստություն։ Բանակում այս գործընթացը երբեք չի ավարտվում, իսկ դրա բաղկացուցիչ մասը կազմող մարտավարաշարային պարապմունքները ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը, գործողությունների արագությունը ճշտելու լավագույն միջոցն են։ Հենց դրանցում ի հայտ եկած թերությունների շտկումից էլ սկսվում է նոր ուսումնական փուլը։

Գնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող զորամասին եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ժամանակ օգնում էր զորամիավորման հանձնաժողովը՝ գնդապետ Ա. Սարգսյանի ղեկավարությամբ։ Բնականաբար, պարապմունքներին մասնակցում էին զորամասում գտնվող ստորաբաժանումների զինծառայողները, ովքեր նույնպես ընդգրկված չէին մարտական հերթապահության մեջ։ Հուլիսի 11-ին՝ վաշտերի և գումարտակների վաշտերով անցկացվող պարապմունքների վերջում, տեղի ունեցավ խորհրդակցություն զորամասի միջին ու կրտսեր հրամանատարական կազմերի մասնակցությամբ։ Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ս. Մինասյանը, վերլուծելով պարապմունքների առաջին երկու օրերի արդյունքները, գոհունակությամբ նշեց, որ ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրանքները, հրամանները հիմնականում կատարվել են ժամանակային լավ ցուցանիշներով, իսկ որ ամենակարևորն է՝ տեղի չեն ունեցել անվտանգության կանոնների խախտումներ։

Այնուհետև խորհրդակցությունը շարունակեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Սարգսյանը։ Նա վերլուծելով մեկ առ մեկ պարզաբանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զորքեր ուղարկված հինգ կարևոր դրույթներից բաղկացած փաստաթղթի փաթեթը։ Կարծում ենք՝ այս փաթեթի դրույթները ճշտորեն կատարելու դեպքում էականորեն կբարձրանա ծառայության կազմակերպման արդյունավետությունը զինված ուժերում։ Այն լուրջ օգնություն է վաշտերի, դասակների ու ջոկերի հրամանատարներին, հասարակական ակտիվներին, քարոզիչներին, և վերջիններս պետք է ջանք չխնայեն առաջարկված դրույթների իմաստը շուտ յուրացնելու, ծառայության մեջ դրանք կիրառելու համար։

♦♦♦

Օրվա վերջում ստորաբաժանումների հրամանատարների և ծառայությունների պետերի հետ խորհրդակցություն անցկացրեց զորամասի հրամանատար գնդապետ Հ. Ավագյանը։

Նա նշեց, որ սկսված նոր ուսումնական փուլն ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները։

-Մեր հակառակորդը նոր մարտավարություն է ընտրել՝ անցել է դիվերսիոն հարձակողական գործողությունների։ Մենք պետք է ծառայությունն այնպես կազմակերպենք, որ այս մարտավարությունն էլ նրան օգուտ չտա։- Այնուհետև գնդապետն անդրադարձավ պայմանագրային և ժամկետային զինծառայողների կարգապահական խնդիրներին։ Նա նաև նշեց, որ առաջնագծում սկսվել և շարունակվում են հենակետերի պաշտպանական ամրությունների նորոգման-կատարելագործման աշխատանքները։ Բայց կարևորը մարդկային գործոնն է, ստորաբաժանումները պետք է չթուլացնեն զգոնությունը, պետք է լինեն ուշադիր և զերծ մնան սադրանքներից։

♦♦♦

Զորամասի կազմով մարտավարաշարային պարապմունքները սկսվեցին «Տագնապ» ազդանշանով։

Ստորաբաժանումների զինվորներն իրենց անկողինները նախապատրաստելով բեռնաբարձմանը, շարվեցին ստանալու զինվորական հանդերձանքն ու զենք-զինամթերքը։ Մի քանի րոպեից ավագ սերժանտ Հայկ Մարտիրոսյանի ջոկն արդեն դուրս էր գալիս շարահրապարակ։ Զինվորներից ոմանք զրահաբաճկոնն ու սաղավարտը հագնում, իրենց վրա ուղղում են շարժման ընթացքում։ Դասակի հրամանատարի տեղակալ ավագ սերժանտ Հովիկ Գալոյանի հրամանատարությամբ դասակը դուրս եկավ և շարահրապարակում շարվեց շատ կազմակերպված՝ հանդերձանքը, զենք-զինամթերքը տեղը-տեղին։ Դեպի նստեցման շրջան էին շտապում մյուս ստորաբաժանումների զինվորները։ Նկատելի էր այն ջանքը, ճիգը, որ գործադրում էին տղաները, տանելով զինամթերքի ծանր արկղերը, զենքերը, և բոլորը շտապում էին, վազում, որպեսզի տեղ՝ նստեցման շրջան հասնեն ժամանակին։

Ընդունման կետի բացազատումից հետո զորամասի հրամանատարը հրավիրեց խորհրդակցություն՝ իր որոշումները ղեկավար կազմին հայտնելու համար։

♦♦♦

Տանկային գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Ա. Գասպարյանը խոսելով գումարտակի մասին՝ ասաց.

-Առաջին ուսումնական փուլի գործնական պարապմունքներն անցկացվել են զորամիավորման ուսումնական կենտրոնում։ Այնտեղ կատարվել են ինչպես վարման, այնպես էլ կրակային պատրաստության ծրագրերը, իսկ քննություններից գումարտակն ստացել է «լավ» գնահատական։

Գումարտակը բարձրակարգ տանկիստների պակաս չի զգում։ Վաշտի հրամանատար կապիտան Մ. Ոսկանյանը զորամիավորման լավագույն մասնագետներից է։ 2001-2003թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որից հետո ընդունվել է Ռուսաստանի Դաշնության տանկային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ 2007թ. ուսումն ավարտելուց հետո Միհրանը վերադարձել է հայրենիք և որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվել։ Մի քանի անգամ նրա ղեկավարությամբ գործող անձնակազմը հաղթել է զորամիավորման կազմով անցկացվող տանկիստների մրցույթում։

-Իմ այս անձնակազմը շատ լավն է,- ներկայացնելով զինվորներին, ասաց կապիտանը,- հրամանատարը կրտսեր սերժանտ Արայիկ Ազատյանն է, նշանառու օպերատորը՝ շարքային Գևորգ Մնացականյանը, մեխանիկ-վարորդը պայմանագրային զինծառայող շարքային Էդգար Անդրեասյանը։ Նա շատ փորձառու է, ծանոթ է տարածքին ու կարգապահ է, նաև իր փորձն է փոխանակում երիտասարդ տանկիստներին։ Էդգարի պես պայմանագրայիններ շատ կան, և դա մեր օգտին է։

Լավագույններից է նաև սպիտակցի սերժանտ Գագիկ Ազատյանի հրամանատարությամբ գործող անձնակազմը։ Գագիկն արդեն ծառայել է ավելի քան մեկուկես տարի և աշնանը կզորացրվի։ Նշանառու օպերատորը շարքային Գևորգ Մնացականյանն է, մեխանիկ-վարորդը՝ շարքային Ժորա Առաքելյանը։

Տանկիստներն ընդգծված հարգանքով էին արտահայտվում վերանորոգման արհեստանոցի պետ ենթասպա Ռուբեն Սմբատյանի մասին։ Հրաշալի այս մասնագետն ութ երեխայի հայր է, ունի երեք տղա և հինգ աղջիկ։ Մեծը 21 տարեկան է, փոքրը՝ մեկուկես։ Մեծ տղան՝ Գուրգենը, վերջերս է զորացրվել ազգային բանակից։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հինգ միլիոն դրամի օգնություն է տրամադրել ենթասպա Սմբատյանին, որով նա բնակարան է ձեռք բերել։

♦♦♦

Նշենք, որ այս հզոր անձնակազմի հրամանատարը՝ փոխգնդապետ Ա. Գասպարյանը, նույնպես շատ փորձառու մասնագետ է։ Նա զորքերում ծառայությունը սկսել է համազորային ուսումնական զորամասում, իսկ 2010-ից այստեղ է։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի, ինչպես նաև «Գարեգին Նժդեհ» և «ՀՀ ԶՈՒ-20» մեդալներով։

♦♦♦

Կապիտան Արտակ Հայրապետյանը նույնպես հետևակի մարտական մեքենաների վաշտի հրամանատար է։ Նա երիտասարդ, եռանդով լի սպա է։ Արտակը սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

-Իմ վաշտում էլ շատ կան պարտաճանաչ, գովեստի արժանի զինվորներ,- ասաց կապիտանը։ -Լավագույն անձնակազմի հրամանատարը կրտսեր սերժանտ Արման Գրիգորյանն է։

Մեխանիկ-վարորդը շարքային Հայկազ Ասատրյանն է՝ Վանաձորից։ Նրան վեց տարեկանից Համասփյուռ տատն է պահել. երկար ժամանակ ապրել են ՌԴ Օրենբուրգ քաղաքում, Հայաստան են եկել, որպեսզի Հայկազը հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը կատարի։ Մենք Հայկազին արձակուրդ ենք տրամադրել, տատիկին շնորհակալական նամակ ենք ուղարկել…

Մարտական մեքենայի այս անձնակազմի նշանառուն շարքային Հայկ Վարդանյանն է՝ Սպիտակից, աշնանն էլ զորացրվելու է։

♦♦♦

Երբ վերադարձանք զորամաս, արդեն ի մի էին բերվում եռօրյա մարտավարաշարային պարապմունքների արդյունքները։ Օգնություն ցուցաբերող հանձնաժողովի անդամներն անհրաժեշտ արձանագրությունն էին կազմում։

Գնդապետ Ա. Սարգսյանին խնդրեցինք պարապմունքների մասին իր կարծիքը հայտնել։

-Զորամասը մերն է, և մենք քաջատեղյակ ենք նրա հնարավորություններին և խնդիրներին։ Անձնակազմերը հասան իրենց համար նշանակված վայրերը, և կատարվեց հրամանատարական կետի բացազատում։ Լավ էր կազմակերպված ստորաբաժանումների տեղաշարժը։ Զինվորները գործում էին նվիրումով։ Համոզվեցինք, որ անհրաժեշտության դեպքում նրանք ժամանակին կհասնեն առաջնագիծ և կկատարեն մարտական խնդիրները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/07/2012